Դաշտային հրամանատարների խորհուրդը, որի կազմում առայժմ 3 հրամանատար կա` Արկադի Կարապետյանը, Միքայել Ապրեսյանը եւ Վլադիմիր Առաքելյանը, այսօր հանդես են եկել հայտարարությամբ` պահանջելով ազատ արձակել իրենց մարտական ընկերներին եւ բոլոր քաղբանտարկյալներին, վերջ դնել քաղաքական հայացքների համար հետապնդումներին: «Այսպիսի իրականության մեջ երկիրը չի կարող զարգանալ բնականոն հունով, ավելին` կարող ենք կորցնել այն, ինչ ձեռք ենք բերել ծանր կորուստների գնով»,-կարծում են հայտարարության հեղինակները: Բացի հայտարարությունից այսօր հրամանատարները մի շարք հետաքրքիր մանրամասներ ներկայացրին մարտի 1-ի ողբերգական դեպքերի վերաբերյալ:
«Մենք վեր կացանք առաջին գիծ կանգնեցինք, որ ժողովրդին չծեծեն: Տեսանք, թե ում են բերել: Խոսքը չի գնում Ղարաբաղի սպեցնազի մասին: Ես ռուս եմ տեսել, ես ախալքալաքցի, լենինականցի եմ տեսել: Ինձ ծեծողները, վերջույթներս ջարդողները լենինականցի են եղել: Ինձ գետնին գցել` 10 հոգով ծեծում էին ու հայհոյում»,- Ազատության հրապարակում մարտի 1-ի առավոտյան իր հետ տեղի ունեցածն այսօր պատմեց «Արցախ» ջոկատի հրամանատար Միքայել Ապրեսյանը: Նա այսօր նաեւ հայտնեց, որ մարտի 1-ին նույնիսկ չեչեն է տեսել Ազատության հրապարակում ոստիկանների շարքերում եւ ավելացրեց. «Դրանք բանդիտական սափրագլուխներ էին, նարկոմաններ եւ ոչ թե պետությունների զորամիավորումնների զինվորներ: Պետք է նաեւ ասեմ, որ ես փրկվել եմ 2 ոստիկանի շնորհիվ, նրանք մեր ոստիկաններն էին, որոնք ինձ քաշեցին տարան պատի տակ` ասելով, թե կարող ես փախի, եթե տանենք` կսպանեն»:
Իշխանություններն ասում էին, որ Ազատության հրապարակում մեծ քանակով զենք է եղել, եթե զենք լիներ, այդ իրավիճակում, գոնե ինքնապաշտպանության համար ցուցարարները չէի՞ն օգտագործի` «Ա1+»-ի հարցին` Ապրեսյանը պատասխանեց. «Եթե զենք լիներ, անպայման կօգտագործեին: Երբ մահակներով ուղղակի սպանում են, ապա զենք ունենալու դեպքում անպայման կօգտագործես»:
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՊԱՆԻԿՈՎՍԿՈՒ ԴԵՐՈՒՄ
«Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Վլադիմիր Առաքելյանը մարտի 1-ի դեպքերի առիթով ձերբակալել եւ 46 օր կալանքի տակ պահելուց հետո օրերս ազատ է արձակվել: Նրան այդպես էլ չեն հայտնել, թե ինչու են կալանավորել:
«Միթե դա շնորհակալություն է այն բանի համար, որ մենք կյանք ենք դրել հայրենիքի պաշտպանության համար»,- ասաց Առաքելյանը: Պատասխանելով լրագրողների հարցերին` Վլադիմիր Առաքելյանը նշեց, որ իրենք` ազատամարտիկներն էլ իրենց մեղքի բաժինն ունեն երկրում ստեղծված իրավիճակի համար, մասնավորապես այն փաստի համար, որ այսօր երկրում հարցերը լուծվում են կրիմինալ շրջանակներում:
Ինչ վերաբերում է այն փաստին, որ Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդն ակնկալում էր, հույս ուներ եւ հավատում էր, որ երկրապահներն իրենց հետ են եւ կպաշտպանեն իրենց ու թույլ չեն տա, որ իշխանությունը կրակի ժողովրդի վրա, ապա հրամանտարները խոստովանեցին, որ իշխանությունների քայլը անսպասելի էր նաեւ իրենց համար:
«Չէինք պատկերացնում, որ նժդեհական գաղափարների մասին խոսող իշխանությունն այդպիսի ուժ կկիրառի ժողովրդի դեմ: Դա ոչ թե նժդեհական, այլ թալեաթական իշխանություն է»,-ասաց Վլադիմիր Առաքելյանը: Իսկ Միքայել Ապրեսյանն ավելացրեց. «Իշխանությունն աննախադեպ էր պատրաստվել ժողովրդի դեմ ուժի կիրառմանը, մանրամասն մշակել էր գործողություններն ու սադրանքները, եւ եթե իրենք տանկերի դեմ տանկով էլ գնայինք, ապա Ռոբերտ Քոչարյանը, միեւնույն է, ուղղաթիռների եւ օդանավերի էսկանդրիլիաներ կհաներ օդ ու կկրակեր ժողովրդի վրա»:
Ինչ վերաբերում է գեներալ Մանվել Գիրգորյանին, որն այդպես էլ Ազատության հարթակում չհայտնվեց եւ հեռացվեց պաշտպանության փոխնախարարի պաշտոնից, ապա հրամանատարներն ասացին, որ նրա հետ չեն զրուցել: «Ինչքան էլ որ Մանվել Գրիգորյանը հայտարարեր, ինչ-որ բան աներ, բայց ընթացքը ցույց տվեց, որ իշխանությունները շատ հմուտ, շատ մեծ ծախսերով, շատ ինտրիգային բնույթ կրող օպերացիա էին մշակել, որը բերեց այդ վախճանին: Այնպես որ ասել, թե երկրապահը որ կանգներ
Ո՞նց կանգներ, ինչ կանգներ, ավտոմատով պետք է կանգներ տանկերի՞ դեմ, թե՞ ավիացիայի դեմ»,- ասաց Միքայել Ապրեսյանը: Իսկ Արկադի Կարապետյանը նկատեց. «Մենք` ազատամարտիկներս կարծես թե Պանիկովսկին լինենք, ով գալիս է իշխանության, ազատամարտիկներին նստեցնում է»:
Ի ԴԵՊ
Մայիսի 8-ին` Շուշիի ազատագրման օրը, ժ. 11-ին Արցախյան պատերազմի մասնակիցները, ազատամարտիկները հրավիրվում են հանդիպման Վազգեն Սարգսյան փողոցում` Սպարապետի հուշարձանի մոտ: Տեղի կունենա Սպարապետի հուշարձանին ծաղկեպսակ դնելու արարողություն, այնուհետեւ` այցելություն Եռաբլուր պանթեոն:
A1+
No comments:
Post a Comment