Wednesday, May 14, 2008

Պահանջում են հանրահավաքի թույլտվություն

«Պահանջում ենք օրենք եւ իրավունք», «Ազատություն», «Ազատ, անկախ, Հայաստան» վանկարկումներով մի քանի տասնյակ քաղաքացիներ Երեւանի քաղաքապետարանի առաջ պիկետ էին կազմակերպել: Վերջիններս պահանջում էին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանից ընդունելություն: Սակայն քաղաքացիներին շղթա կազմած ոստիկանները Երեւանի քաղաքապետարանի աստիճաններից այն կողմ թույլ չտվեցին անցնել: Հավաքվածների մի մասը սկսեց թերթ ընթերցել, մյուս մասը շարունակել վանկարկել, իսկ երիտասարդները նստեցին հատակին եւ սկսեցին երգել, ասմունքել:

«Դիմում ենք ներկայացրել քաղաքապետարան` ի գիտություն ընդունելու մայիսի 23-ին, 24-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մեր որոշումը: Սակայն քաղաքապետարանը արդեն 28-րդ հանրահավաքի հայտն է, որը ոչ հիմնավոր, շինծու պատճառաբանություններով մերժում է,- նշեց Համազգային շարժման անդամ Նորիկ Նորիկյանը,- այսօր պահանջել ենք , որ առաջինը` ապահովի մեր ներկայացուցչի մասնակցությունը քննարկվող նիստում, որտեղ թույլատրվում, կամ չի թույլատրվում հանրահավաք անցկացնելը, երկրորդ` կատարել ԵԽԽՎ պահանջները, երրորդ` ի գիտություն ընդունել մային 23-ի, 24-ի մեր հանրահավաքը»: Գրեթե երկու ժամ քաղաքապետի ընդունելությանը սպասող պիկետի մասնակիցները այդպես էլ չարժանացան ընդունելության:

Նրանց քաղաքապետարանից չգիտես ինչու պատճառաբանեցին, թե «քաղաքապետարանի լիազոր մարմնի կնոջը վիրահատելու պատճառով նա տեղում չէ», մինչդեռ հավաքվածներն այլ բան էին պահանջում:

«Ողբերգություն է, որ քաղաքապետը ինքնակամ չի կարող ընդունել քաղաքացու: Մենք լինելու ենք հետեւողական: Եթե նման վերաբերմունքը շարունակվի, մենք հունիսի 20-ին ժողովրդին հրավիրելու ենք Ազատության հրապարակ»,- հեռանալուց առաջ հայտարարեցին ցուցարարները:

Ի դեպ, պիկետին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը քաղաքապետարանի մերժումները կամայական է համարում:

«Հայաստանում Ազատության հրապարակը կալանավորված եղել է կարճ ժամանակով խորհրդային տարիներին եւ խորհրդանշում է այսօրվա Հայաստանի կարգավիճակը, երբ Ազատության հրապարակը ազատազրկված է: Այս անգամ ազատագրումը կլինի վերջնական»,- ասաց նա:


A1+

No comments: