Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ազատամարտիկ, Երկրապահ կամավորական միության անդամ, 2-րդ կարգի հաշմանդամ Խաչիկ Գասպարյանի դատաքննությունը: Նա մեղադրվում է ՀՀ «Քրեական օրենսգրք»-ի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ոտնձգություն իրավապահ մարմնի նկատմամբ:
Գասպարյանը ձերբակալվել էր մարտի 1-ին, երբ Նոր Նորքի զանգվածից մեքենայով իջնում էր Արշակունյաց պողոտա: Իրավապահ մարմինները նրան մեքենայից իջեցրել էին, դաժան ծեծի ենթարկել, իսկ ապա՝ տեղափոխել սկզբում ՀՀ ոստիկանության կենտրոնի, իսկ ապա՝ Էրեբունու բաժանմունքներ:
Գասպարյանի հանրային պաշտպան Ամալյա Ավագյանը դատարանին այսօր միջնորդություն ներկայացրեց այն մասին, որ իր պաշտպանյալը ոչ թե մեղադրյալ է, այլ տուժող: Նա իր միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ Գասպարյանը ծեծի ընթացքում կրել է եւ բարոյական, եւ տնտեսական վնասներ՝ ստացել է մարմնական վնասվածքներ, կորցրել ոսկե մատանին: Դատապաշտպանի այս միջնորդությունը դատավոր Գագիկ Ավետիսյանը մերժեց: Դատախազ Աշոտ Նադոյանն ընդհակառակը՝ դատարանից պահանջեց Գասպարյանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով: Խաչիկ Գասպարյանի մայրը, դա լսելով, դատարանի դահլիճում ուշագնաց եղավ:
Դատապաշտպանը հանդես եկավ մեկ այլ միջնորդությամբ՝ իբրեւ վկա դատակոչել կալանքի տակ գտնվող Աշոտ Մանուկյանին, Սարգիս Պարունակյանին, Միսակ Հովակիմյանին, Կորյուն Դանիելյանին եւ եւս մի քանիսի:
Այսօր հարցաքննվեցին գործով երկու վկաներ՝ ՀՀ ոստիկանության կենտրոնի բաժանմունքից Հայկ Սարգսյանը եւ Էրեբունու ոստիկանության հերթապահ Ժորա Համբարձումյանը: Վերջինս ցուցմունքն էր տվել, որ Գասպարյանին Արշակունյաց պողոտայում չի տեսել, այլ հանդիպել է միայն Էրեբունու ոստիկանության բաժանմունքում: Այդ լսելով՝ դատապաշտպանը դատարանից խնդրեց առերեսում անել Համբարձումյանի եւ Գասպարյանի միջեւ: Գասպարյանը հայտարարեց, որ Համբարձումյանին տեսել է ոչ միայն Արշակունյանց պողոտայում, այլեւ ՀՀ ոստիկանության կենտրոնի բաժանմունքում:
Դատախազը հանդես եկավ իր մեղադրական ճառով, որից հետո դատապաշտպան Ամալյա Ավագյանն իր ճառի նախապատրաստման համար դատարանից երկու օր ժամանակ խնդրեց:
Դատական նիստը հետաձգվեց մինչեւ մայիսի 22-ը:
No comments:
Post a Comment