
«Մենք ցանկանում ենք, որ մեր քաղաքի բնակիչները վերջապես սովորեն փողոցն անցնելու կանոնները եւ վարորդներին էլ ստիպեն հարգել իրենց իրավունքները: Ճիշտ է` մի քիչ վտանգավոր է, սակայն մենք փողոցն անցնելու ընթացքում նաեւ կանգնեցնում ենք այն վարորդներին, որոնք խախտելով երթեւեկության կանոնները` փորձում են անցնել կանաչ լույսի տակով: Առաջին հայացքից սա մանրուք է թվում, սակայն կարեւոր հանգամանք է իրավական երկիր հաստատելու համար»,- ասաց «հիմաներից» մեկը:
Այս ակցիան նրանք պատրաստվում են անցկացնել ամեն օր` Երեւանի տարբեր փողոցներում: Բացի ՀՀ քաղաքացիներին օրենքներին ծանոթացնելուց, «Հիման» այսօր նաեւ ցույց տվեց, որ իրենք այս երկրի, այդ թվում` Ազատության հրապարակի տերերն են, որը ոչ թե զինվորական եւ ոստիկանության մեքենանների կայանատեղի է, այլ նախատեսված է մարդկանց զբոսնելու, հանգիստն անցկացնելու, ինչպես նաեւ խաղալու համար:
Ամենայն խստությամբ հետեւելով խաղի կանոներին` «հիմանները» այսօր Ազատության հրապարակում «բադեր եւ որսորդներ» խաղացին: Խաղի կանոների համաձայն` ընտրվեց հեռավորության այն կետերը, որտեղից որսորդները գնդակով պետք է հարվածեին «բադերին», իսկ վերջիններս էլ` փախչեին: Ազատության հրապարակում շրջող մի քանի ոստիկաններ «հիմանների» նկատմամբ անտարբեր էին այնքան ժամանակ, քանի դեռ չէր խաղում Լեւոն անունով այն նույն տղան, որի խաղի ընթացքում Հյուսիսային պողոտայում ոստիկանները շնչակտուր մի ծայրից վազում էին մյուս ծայրը:
«Որսորդներ ու բադեր» խաղի կանոնների համաձայն` խաղի մասնակիցները Լեւոնից պահանջում էին ազատություն: «Այս իշխանությունները անվերջ գնդակներով սպանում են խեղճ բադերին` խախտելով խաղի բոլոր կանոները` օգտագործելով ոչ թույլատրելի զենք, կրակելով անթույլատրելի հեռավորությունից: Լեւոն, ազատիր մեզ` խաղից դուրս քաղբանտարկյալներիս», -վանկարկելով ասում էին խաղալու իրավունքից զրկվածները: Իսկ հրապարակում մի քանի հավաքվածներ, որոնք մեծ ոգեւորությամբ հետեւում էին «հիմաներին»` ավելացրեցին. «Մի վախեցեք, Լեւոնը հարմար պահի է սպասում, անպայման կազատի»: Ոստիկաններից մեկը տեսնելով, որ Լեւոն անունը հաճախ է վանկարկվում մոտեցավ խաղացողներին, մի քանի րոպե լուրջ հետեւեց խաղին եւ վերադարձավ մի փոքրի հեռվում կանգնածներին` հավանաբար զեկուցելու հանցակազմի բացակայության մասին:
«Հիմա»-ի խաղին որոշ ոստիկաններ հետեւում էին նաեւ մեքենայի միջից, որի երաժշտությունը թույլ չէր տալիս նրանց լսել, թե ինչ են վանկարկում հիմանները: Մեր նկարահանող խմբի հեռանալուց հետո Ազատության հրապարակում «Հիմա»-ի անդամներն դադարեցրել են խաղը եւ սկսել «պանտամիմա» խաղալ:
Ի դեպ, Հյուսիսային պողոտայում մարտի 1-ի դեպքերից հետո «պանտամիմա» խաղալու համար երիտասարդներին բերման էին ենթարկում: Եւ քանի որ խաղը ծանոթ է ոստիկաններին նրանք մոտեցել են «Հիմա»-ի երիտասարդներին եւ պահանջել դադարեցնել խաղը: «Մենք ասացինք, որ ընդամենը խաղում ենք, ի՞նչ է` խաղալ չի՞ կարելի: Ոստիկաննրից մեկը պատասխանեց` մեր «էշ» երկրում չի կարելի»,- «Ա1+»-ին իրենց եւ ոստիկանի զրույցը մանրամասնեցին «հիմանները»: Ոստիկանների հետ բախումներ չառաջացնելու համար «Հիմա»-ի անդամները դուրս են եկել Ազատության հրապարակից:
A1+
No comments:
Post a Comment