
Կալանավորվածներին այցելելու Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանի փորձերը անցել են ապարդյուն: Պարոն Դանիելյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ մարտի 1-ի դեպքերից հետո կալանավայրեր այցելել կարողանում է միայն Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը, որին չի անդամակցում ինքը:
«Մարտի 4-ից մենք պարբերաբար այցելում ենք կալանավորվածներին եւ մոտ 15 այցելություն ենք կատարել: Կալանքի տակ գտնվողները հիմնականում չեն դժգոհում իրենց նկատմամբ վերաբերմունքից, նրանց դժգոհությունը կապված է նախաքննության մարմնի հետ, որը միջնորդում է երկարաձգել նրանց կալանքի ժամկետը»,- «Ա1+»-ին հայտնեց Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ղեկավար Միքայել Բաղդասարյանը: Նա նաեւ նշեց, որ մարտի 4-ից հետո կալանավայեր կատարած այցելությունների ընթացքում ընդամենը 3 կալանավորվածի են հանդիպել` բռնության հետքերով:
«Բռնության հետքեր տեսել ենք Մուշեղ Սաղաթելյանի եւ Դավիթ Մաթեւոսյանի վրա»: Իսկ բռնության հետքերը կոպիտ եւ ակնառո՞ւ էին` «Ա1+»-ի հարցին` պարոն Բաղդասարյանը պատասխանեց. «Իհարկե, Մուշեղ Սաղաթելյանի ամբողջ մարմնի վրա, հատկապես քունքերի հատվածում էր վնասվածքները, իսկ Դավիթ Մաթեւոսյանի` գլխի հատվածում»: Իսկ 3-րդ անձին Միքայել Բաղդասարյանը չհիշեց: Պարոն Բաղդասարյանը նաեւ նշեց, որ իրենք չեն լուսանկարել բռնության ենթարկվածներին, քանի որ գտնում են, որ դա մարդու իրավունքների խախտում է:
Նա մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այցելել են հանրությանը հայտնի բոլոր դեմքերին եւ բոլորն էլ նրանց հայտնել են, որ բռնություն իրենց նկատմամբ կիրառվել է միայն ձերբակալման պահին եւ Ոստիկանության բաժանմունքներում: Կալանավորվածներից ոմանք նաեւ դժգոհել են, որ իրենք հնարավորություն չեն ունեցել օգտվել փաստաբանի ծառայությունից: Կալանավորվածներին վերջին անագամ մոնիտորինգի խումբը այցելել է 5 օր առաջ.
Հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը գործում է 2004 թ-ից եւ տարեկան հաշվետվություն է ներկայացնում իրենց աշխատանքների մասին: Խմբում ընդգրկված են իրավապաշտպան գործունեություն իրականացնող կազմակերպությունների անդամներ: «Մարտի 1-ի դեպքերից կապակցությամբ ամռանը մենք կներկայացնենք միջանկյալ հաշվետվություն»,- «Ա1+»-ին տեղեկացրեց Միքայել Բաղդասարյանը:
A1+
No comments:
Post a Comment