Thursday, May 15, 2008

Խոսք ի խորոց սրտի

«Տե՛ր, բոլոր ազգերից մենք ավելի նվազեցինք, և հիմա էլ նվաստացած ենք ամբողջ աշխարհում մեր մեղքերի պատճառով և այժմ մենք չունենք, ո՛չ իշխան, ո՛չ մարգարե, ո՛չ առաջնորդ»:

(Դան. 3 : 37-39)


Արդարադատ լինենք, որպեսզի չդատապարտվենք:

Ճշմարտությունն ու իրականությունը խեղաթյուրելը մահացու մեղք է: Երբ մարդը կորցնում է իմաստության շնորհը, ապա դա նշան է, որ Աստված լքել է նրան:

Մարտ ամսից սկսած առ այսօր սբ. Սարգիս եկեղեցում պատարագների ժամանակ քահանաներն իրենց քարոզները շաղախում են միակողմանի քաղաքական իշխանահաճո մեկնաբանումներով: Մարտի 9-ին, նույն եկեղեցում պատարագի ժամանակ քահանա Շահեն Հարությունյանը «Գալստյան Կիրակի» օրվա խորհրդին վերաբերող իր քարոզում անկշռադատ գնահատականներ էր տալիս մարտի 1-ի չարաբաստիկ դեպքերի վերաբերյալ: Նա անհիմն ու անհեթեթ զուգահեռներ էր տանում Ավետարանում հակաքրիստոսի գալու նշանների և մարտի 1-ին մայրաքաղաքում կատարվող դեպքերի միջև` Նեռի անձը համեմատելով առաջին նախագահ Լևոն Տեր -Պետրոսյանի անձի հետ, ինչը պարզապես դիտվեց որպես տգիտություն ու անբարոյականություն: Նա խոսում էր իրեն հատուկ դերասանական ոգով: Եկեղեցին այն վայրը չէ, որտեղ նա պիտի ցույց տա իր քաղաքական դիրքորոշումը կամ դերասանական շնորհը: Մի՞թե նա չէր գիտակցում, որ Սուրբ խորանից հանդուգն դատավորի կեցվածքով, արդարություն պահանջող ընդդիմադիրների նկատմամբ հնչող իր մեղադրանքներն ու միակողմանի քաղաքական գրգռիչ մեկնաբանումներն ու կողմնակալ վերլուծությունները, մեղմ ասած, կարող են որպես անբարոյականություն դիտվել: Այդ օրվա խորհուրդին վերաբերող իր քարոզը բացարձակապես առնչություն չուներ Եկեղեցու հայրերի մեկնությունների հետ և նա իր անկշռադատությամբ պարզապես զարմանք ու վրդովմունք առաջացրեց շատերի մոտ, իր նկատմամբ էլ` հիասթափություն ու անվստահություն: Նա իշխանություններին քծնելով, կես միլիոնից ավելի արդարատենչ ժողովրդին դատապարտելով` բացարձակ անարգեց ու վիրավորեց անմեղ զոհերի հիշատակն ու նրանց հարազատներին: Մի՞թե նա չգիտեր, թե իրականում ովքեր էին կազմակերպել բոլոր անօրինություններն ու սադրանքները: Կարծում եմ` գիտեր: Իսկ եթե ոչ, ապա հետևանքներից կարող էր կռահել և իրեն սանձեր քմահաճ մեկնաբանումներից: Պարզապես նա դավաճան Հուդայի նման արջի ծառայություն մատուցեց իր վերադասներին` ներկայիս համաժողովրդական շարժման մասնակիցների նկատմամբ հակառակության ու ատելության ոգի ներշնչելով եկեղեցում ներկա գտնվողներին, փոխանակ սեր, խաղաղություն ու գիտակցության բարձր պատասխանատվություն հորդորեր երկու ընդդիմադիր կողմերին ու նրանց համակրողներին: Համոզված եմ, որ սա էլ հոգևոր պատվերներ են և դժվար չէ կռահել, որ դրանք կատարվում են Գարեգին Բ կաթողիկոսի և եպիսկոպոս Նավասարդ Կճոյանի թելադրանքներով: Հիշեցնեմ նրանց, որ Եկեղեցու կանոնների համաձայն` հոգևորականն իրավունք չունի Սուրբ Խորանն օգտագործել այս կամ այն քաղաքական ուժերին նախապատվություն տալով: Այնպես որ, խորհուրդ կտայի հոգևորականներին խորհեն իրենց քահանայական պատասխանատվության ու արժանապատվության մասին: Ցավոք, հոգևորականներից շատերն են այդպիսի կեցվածք որդեգրել, սակայն դա չպետք է երբևէ պատճառ հանդիսանա, որ մարդիկ հակառակության հոգով լցվելով աղանդավոր դառնան` շեղվելով առաքելական Եկեղեցու խորհուրդներից և ուղիղ վարդապետությունից:

Սերժ Սարգսյանը ընտրություններից առաջ, Մաշտոցի պողոտայի հրապարակում, իրեն համակրող Արարատյան թեմի հոգևորականների հետ միասին իր ճառը մեքենայաբար կարդալիս Սուրբ Ավետարանից մեջբերեց, - «Միթե փշերից խաղող և տատասկից թուզ կքաղե՞ն»: Կարծում եմ, նա չգիտակցեց էլ այդ խոսքերի խորհուրդը: Ոմանց բնորոշ այդ խոսքերը հաստատվեցին իրենց իսկ կողմից կատարվող սադրիչ քայլերով ու անօրեն գործողություններով: Ընդհանրապես, բոլորին խորհուրդ կտայի մի քիչ «Աստվածաշունչ» գիրքն ուսումնասիրեն: Ինչո՞ւ: Որովհետև միայն Սուրբ Գրքից կարող է մարդ արարածը ստույգ տեղեկանալ իր մեղքերի դիմաց իրեն սպասվող անխուսափելի դատաստանի ու տանջանքների մասին: Միգուցե դա չարերին կսթափեցնի: Տերն ասում է. «Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգինսպանել չեն կարող. այլ դուք առավել վախեցե՛ք Նրանից (այսինքն` Աստծուց), ով կարող էգեհենի մեջ կորստյան մատնել հոգին և մարմինը»: (Մաթ.10:28)

Աստված արդարների կողմն է, և եթե ժողովուրդը չառաջնորդվի քրիստոնեական բարոյական արժեքներով ու առաքինություններով, ապա վա՛յ այդ ժողովրդին, որովհետև Աստված կարող է նրանից երես թեքել: Այդպիսի ազգը եթե նյութապես բարգավաճի էլ, կարող է մի օրում կործանվել, ինչպես կործանվել են տասնյակ թագավորություններ ու ազգեր: Մի կարևոր բան էլ պետք է շատ լավ իմանանք, որ աշխարհում կատարվող բոլոր չարիքների ակունքում կանգնած է մարդասպան սատանան` ստի հայրը, այդ աստվածամարտ բարոյազուրկ հրեշտակ էակը: Նա գործում է իրեն հլու-հնազանդ, գոռոզամիտ, բղջախոհ, նյութապաշտ, փառասեր ու ինքնահմայված մարդկանց միջոցով` գրգռելով ու ալեկոծելով նրանց հակաբնական կրքերն ու մեղսակիր մտքերը, դրդելով նրանց մեղքեր ու հանցանքներ իրագործել, հալածել ճշմարիտ քրիստոնյաներին: Տերը բնութագրում է սատանային, կեղծավոր փարիսեցիներին հանդիմանելով. «Դուք հոր կողմից սատանայի զավակներ եք և ձեր հոր ցանկություններն եք ուզում կատարել, թեևնա ի սկզբանե մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկար: Երբ որ նա սուտ խոսի, ինքն իրենից է խոսում, քանի որ նա սուտ է և ստի հայր»: (Հովհ.8:44)

Այսինքն նա է ստի հիմնադիրը, հայրը: Ուրեմն, սադրիչները, ճշմարտությունը խեղաթյուրողներն ու սուտ վկայություններ տվողները թող լավ իմանան, թե իրենք ում են ծառայում և պատկանում:

Չարը բարու բացակայությունն է: Չարին չարով չես հաղթի, այլ չարին կարող ես հաղթել միմիայն Աստծու շնորհով ու զորությամբ, բարուն պատկանող առաքինություններով` հավատքով, իմաստությամբ, արդարությամբ, բարոյականությամբ, արիությամբ, ծոմով, աղոթքով: Աստված ամեն ինչ գիտի, ամբողջ հավիտենականությունը գիտի: Մեղքն ու չարը Աստծու կամքով չէ, այլ մեր կամքով է: Դրա ապացույցն է` մենք ամեն րոպե մեղքեր ենք գործում: Բացենք մեր խղճմտանքի գիրքը, մանրակրկիտ քննեք մեր արարքներն ու կհամոզվենք: Աստված թույլ է տալիս, որ մարդը գործադրի իրեն պարգևած ազատ կամքը` լինի չար, թե բարի, որպեսզի մարդ արարածն առնչվելով չարի հետ` ինքն անձամբ էլ պայքարի նրա դեմ, իր կամքով խուսափի չարից և բարին գործի, որ հավիտենական կյանքին արժանանա: Տերը փրկագնեց մեզ: Մարդուն ազատություն է տրված` հնազանդվելու կա՛մ Աստծուն, կա՛մ սատանային, և որպեսզի այդ ազատությունն արտահայտվի ոչ ստիպողաբար, սատանային թույլատրված է մարդուն մոտենալ: Ինչ ցանես, այն էլ կհնձես: Ցավալին այն է, որ շատերը չգիտեն այդ մասին, սակայն դա չի ազատում մարդուն ո՛չ պատասխանատվությունից, և ո՛չ էլ Աստծու դատաստանից: Ի՞նչ կարող ենք անել, մեր ազգի մեջ էլ կան մեղսակիր արարածներ: Այսօրվա հանցավոր ու անցավոր իշխանավորներն ու նրանց կամակատարները նույնպես չարին ստրկացած մեր հայրենակիցներն են: Աստված նրանց զղջման ժամանակ ու հնարավորություն է տալիս քանի դեռ չեն կնքել իրենց մահկանացուն, ուստի եթե նրանք շտապ չզղջան ու չապաշխարեն իրենց հանցանքների ու մեղքերի համար, և եթե անգամ չհատուցեն ու չպատժվեն էլ այս կյանքում, ապա նրանց վախճանը լինելու է շատ դաժան և իրենց մահկանացուն կնքելու են դժոխքի հավիտենական անմահ կյանքում, որտեղ լաց ու ատամների կրճտոց է, կրակը չի հանգչում, որդերն էլ չեն մեռնում:

Անկասկած, մեզ վրա հասնող այս պատուհասների ու փորձանքների գլխավոր պատճառն այն է, որ մեր ժողովրդի, հոգևորականների մեծ մասը հոգով հեռացած են Աստծուց և հեթանոսամետ, մարմնավոր ու նյութապաշտ կյանք են վարում` ուրանալով իրենց Փրկչի թափած փրկագին Արյունը: Աստված, Եսայի մարգարեի բերանով ասում է. «Այս ժողովուրդը շրթունքներով է ինձմեծարում, բայց իրենց սիրտը հեռացած բաժանուած է ինձնից. զուր են ինձ պաշտում. մարդկանցկողմից պատվիրված վարդապետություններ են ուսուցանում»: (Ես. 29:13)

Այսօր ինչպիսի զրպարտումներ, ստեր, սադրանքներ, հալածանքներ ու սպանություններ են կատարվում: Տերն ասում է. «Անօրենությունը շատանալու պատճառով շատերի սերը պիտի ցամաքի»: Այսօրվա մեր հոգևորականներից շատերի վարք ու բարքից կարելի հետևություն անել, որ իրենք, մեղմ ասած, իրենց պատշաճ չեն դրսևորում և արժանի չեն իրենց տիտղոսներին ու մեծահունչ անվանակոչումներին` տեր հայր, հայր սուրբ, սրբազան, գերաշնորհ, ամենապատիվ, վեհափառ տեր, և այլն: Նման դիմելաձևերին արժանի են մեր առաքելական Եկեղեցու այն հայրերը, որոնք իրենց ամբողջ կյանքով, ապրելակերպով, բարոյականությամբ, վարք ու բարքով են արժանացել այդ անվանակոչումներին: Նրանք չէին վախենում ամբարիշտ իշխանավորներին ու հանցավորներին հանդիմանելուց, իսկ այսօրվա հոգևորականներից շատերը ավելի փողասեր են, քան աստվածասեր. համակված են դրամապաշտությամբ, զվարճասիրությամբ, իշխանավորներին ու մեծահարուստներին քծնում ու հաճոյանում են` նրանցից որևէ շահ կորզելու նպատակով: Որտե՞ղ էիք մարտի 1-ին, այդ չարաբաստիկ օրը դուք` Շահեն քահանա, եպիսկոպոս Նավասարդ Կճոյան, Գարեգին Բ կաթողիկոս, որ հաճախակի ողջախոհ բառն եք գործածում ձեր ճառերում` կյանքում այն չիրագործելով: Ինչո՞ւ ժողովրդի կողքին չէիք, որ կանգնեիք զորքի առաջ ու չթողնեիք, որ սեփական ժողովրդին ջարդեն ու սպանեն, վախենո՞ւմ էիք ձեր մաշկի համար: Բայց Տերն իր կյանքը տվեց մեր փրկության համար և դրանով ցույց տվեց իսկական ընկեր, եղբայր, հայր, տեր լինելու ամենալավ օրինակը: Ինչո՞ւ դուք հովվապետին վայել պատվով ձեզ չդրսևորեցիք: Չենք ասում, որ ձեր կյանքը տայիք, բայց չէ՞ որ կարող էիք Ռ. Քոչարյանին ու Ս. Սարգսյանին դիմել, և ինչու չէ` նաև պահանջե՛լ, որ նման չարամետ որոշումներ ու հրամաններ չարձակեն ժողովրդի դեմ: Կամ, կարող էիք ժողովրդի կողքին լինել, որպեսզի ձեր ներկայությամբ կանխեիք այդ չարաբաստիկ իրադարձությունները, քանզի ձեր ներկայությունը հաշվի առնելով` նրանք դժվար թե հանդգնեին այդպիսի քայլերի դիմել: Հետո էլ մեծ-մեծ խոսում եք, թե տերեր եք, հայրեր եք, բա ի՞նչ եղավ ձեր տեր ու հայր լինելը: Մի՞թե որևէ արդար, սիրող հայր կամ տեր այդպես կվարվեր իր մերձավորների կամ հպատակների նկատմամբ: Ձեզնից շատերը Աստծուն փառաբանում են իրենց անձը փառաբանելու համար, ինչպես փարիսեցին էր տաճարում փառաբանում Աստծուն: Ճշմարիտ հանդիմանությունը բուժող դեղի նման է: Դուք վարձկանների նման եք, որոնց մասին Տերն ասում է. «Իսկ վարձկանը, որ հովիվ չէ, և ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներինև փախչում է: Եվ գայլը հափշտակում է նրանց ու ցրում է»: (Հովհ.10:12)

Մարտի 1-ին, արդարություն հաստատելու նպատակով ձայն բարձրացրած հանրահավաքի խաղաղասեր մասնակիցներին ոչ թե ցրեցին, այլ ուղղակի ցրիվ-ցրիվ տվին. 10 հոգի սպանվեցին, հարյուրավոր վիրավորներ ընկան հիվանդանոցներ, շատերին բանտարկեցին: Առ այսօր էլ մարդկանց հետապնդում, վախեցնում, խոշտանգում, ապօրինաբար կալանավորում ու ձերբակալում են` խախտելով մարդու իրավունքներին վերաբերող բոլոր օրենքները: Բայց պիտի ասեմ, որ մեծ հարգանքի են արժանի այն քահանաները, որոնք այդ օրը ժողովրդի կողքին էին ու «Հայր մեր» աղոթքն էին վանկարկում, որպեսզի գոնե դրանով իսկ սթափեցնեն սադրանքներ, ջարդ ու սպանություններ նախապատրաստողներին: Մեծ ցավով եմ գրում այս ամենի մասին: Երանի դա մի չար երազ լիներ: Այսօր շատերն են հասկացել, թե իրականում ինչ է կատարվում մեր քաղաքական մթնոլորտում, պարզապես մարդիկ իրենց հարազատների անվտանգության համար ուղղակի զգուշանում են բարձրաձայնել` խուսափելով պետաիրավական վարչախմբի անօրեն, ես կասեի դիվական գործելաոճից: Պետական այրերը, ո՛չ օրենք են պահպանում, ո՛չ մարդու իրավունքները, ո՛չ արդարություն, ո՛չ էլ բարոյականություն: Սեր, հարգանք, ընտանիք, հայրենիք, ճշմարտություն, պատվախնդրություն հասկացությունները նրանց համար դատարկ խոսքեր են, ավելին` մոգության համար կոդավորված խոսքեր: Քչերն են այսօր ապրում վերոհիշյալ արժեքներով:

Ի՞նչ է, Աստծուց կրա՞կ եք ուզում: Ինչո՞ւ եք չարաշահում Աստծու համբերությունը: Հիշեք Աստծու բարկությունը, բնության արհավիրքները, ջրհեղեղները, երկրաշարժերը, երաշտները, բազմաթիվ հիվանդությունները, վերջապես` մահը: Անգամ ամենաչնչին սխալն ու հանցանքը կարող են մեծ փորձանք ու վնաս պատճառել թե՛ անհատ անձին, թե՛ ազգին, թե՛ պետությանը, թե երկրին: Մի ուշացրեք հանցանքների համար զղջալն ու Աստծուց մեղքերի թողություն խնդրելը: Կարդացեք «Աստվածաշնչում» նինվեացիների պատմությունը (Հովն. 3:3 -10), որտեղ Տերը Հովնան մարգարեին ասում է Նինվե քաղաքը կործանելու մասին:

Հարգելի հայրենակիցնե'ր, ահազանգում եմ, մեծ թափով առաջ` դեպի անդունդ ենք գնում, մենք ազգովի հոգեպես մեռնո'ւմ ենք, կործանվում, կորցնում ենք Աստծուց մեզ` հայերիս պարգևած քրիստոնեական նկարագիրը: Մենք պետք է վերստին նորոգվենք: Մեր հայ ազգի միտքը, մարմինն ու հոգին մահացու հիվանդ է, այն անհրաժեշտ է անհապաղ բժշկել Աստծու պատվիրաններով, քրիստոնեական բարոյագիտական գիտելիքներով ու առաքինություններով: Մարդկանց հետ վարվենք այնպես, ինչպես որ կկամենաինք մեզ հետ վարվեն: Ոմանք կասեն` խոսքեր են, դատարկ խոսքեր: Խոսքերը կարող են իրականանան, եթե ամբողջ հոգով ու սրտով կամենանք: Այսօր գոռոզամտությունը, նախանձը, ագահությունը, խաբեությունը, ստելը, զրպարտելը, շողոքորթությունը, քծնանքը, դավաճանությունը, սադրանքը, մարդահաճությունը, որկրամոլությունը, փողամոլությունը, պոռնկությունը, լկտիությունը, ամենաթողությունն ու այլ մարդկային արատներն ու մեղքերը ընդգրկել են մեր կյանքն ու գրավել բոլոր բնագավառները: Ամբողջ մթնոլորտը ողողված ու թունավորված է այս արատներով: Նյութական կյանքը զարգանում է, հոգևորը վերանում:

Բանտերում անմեղ մարդիկ են նստած: Մի պահ պատկերացրեք, որ նրանք ձեր հարազատներն են, ձեր ընտանիքի անդամներն են: Իսկ այսօրվա սոցիալ-տնտեսական իրավիճակի, մարդկանց հոգեկան ապրումների, բոլոր ապրանքների գների աճի մասին, ի՞նչ կարող ես ասել, պարզապես ժողովրդին կոտորում են և վերջ, ուրիշ խոսք չես կարող ասել: Ինչո՞վ են զբաղված նախագահը, կաթողիկոսը, հոգևոր ու պետական այրերը` ժողովրդի «ծառաները»: Ինչ է, դուք խիղճ, պատիվ, նամուս չունե՞ք: Ինչպե՞ս եք նայում ձեր երեխաների աչքերին: Ինչպիսի՞ն եք դուք ձեզ հայելու մեջ տեսնում, ի՞նչ եք ձեր մասին կարծում: Ուշքի եկեք քանի դեռ ուշ չէ: «Կացինն ահա ծառերիարմատին է դրված: Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է գցվում»: (Մատթ.3:10)

Իրավ, ոչ ոք իրավունք չունի բռնանալ մարդու խղճմտանքի, ազատ կամքի կամ հայացքների վրա, իհարկե բարոյականի սահմաններում: Նույնիսկ Աստված չի բռնանում մարդու կամքի ու մտքի վրա և շատ լավ կլիներ, որ բոլոր մարդիկ տարբերեին ազատությունը սանձարձակությունից, ճշմարտությունը ստից, բարին չարից:

Շատ կարևոր է մշտապես հիշելն ու խորհելը Աստծու և' բարիքների, և' դատաստանի ու նաև մեր մահվան մասին, որպեսզի արթուն, զգոն լինելով ու խոնարհամտությամբ սրբագործվելով կարողանանք խուսափել բոլոր չարիքներից ու սատանայի ցանցերից: Ի խորոց սրտի խոսքս ավարտում եմ մեր Տիրոջ խոսքերով.


-Երանի՛ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան:

-Երանի՛ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը: (Մատթ.5:3-12)

-Վա՛յ ձեզ կեղծավորներիդ` օրենսգետներիդ և փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում և մտնողներին էլ թույլ չեք տալիս, որ մտնեն:

-Վա՛յ ձեզ կեղծավորներիդ` օրենսգետներիդ և փարիսեցիներիդ, որ շրջում եք ծովի ու ցամաքի վրա` անգամ մեկին նորահավատ դարձնելու համար, և երբ նա այդպիսին է դառնում, նրան ձեզանից կրկնակի անգամ ավելի գեհենի որդի եք դարձնում:

-Վա՛յ ձեզ կեղծավորներիդ` օրենսգետներիդ և փարիսեցիներիդ, որ տալիս եք անանուխի ևսամիթի ու չամանի տասանորդը, բայց թողել եք օրենքի ամենից կարևորները` արդարադատությունը, ողորմությունը և հավատը. հարկ էր այս անել և այն չթողնել: Կո՛ւյրառաջնորդներ, որ մժղուկները քամում եք և ուղտերը կուլ եք տալիս:

-Վա՛յ ձեզ կեղծավորներիդ` օրենսգետներիդ և փարիսեցիներիդ, որ բաժակի ու պնակի դուրսը մաքրում եք, մինչ ներսից նրանք լի են ձեր գողությամբ և անժուժկալությամբ: Կո՛ւյր փարիսեցի, նախ մաքրի՛ր բաժակի և պնակի ներսը, որպեսզի դրանց դուրսն էլ մաքուր լինի:

-Վա՛յ ձեզ կեղծավորներիդ` օրենսգետներիդ և փարիսեցիներիդ, որ նման եք սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երևում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով և ամենայն ապականությամբ: Նույնպես և դուք, դրսից մարդկանց արդար եք երևում, մինչ ներսից լի եք կեղծավորությամբ և անօրենությամբ: (Մատթ.23 :13 -28)

-Վա՛յ ձեզ` հարուստներիդ, որովհետև դուք ձեր մխիթարությունը ստացել եք:

-Վա՛յ ձեզ, որ այժմ հագեցած եք, որովհետև քաղցած պիտի մնաք:

-Վա՛յ ձեզ, որ այժմ ծիծաղում եք, որովհետև պիտի սգաք ու պիտի լաք:

-Վա՛յ ձեզ, երբ որ բոլոր մարդիկ լավ խոսեն ձեր մասին, որովհետև նրանց հայրերը սուտ մարգարեներին այդպես էին անում: (Ղուկ. 6 :24 -26)


Ձեր խնկերն էլ են պիղծ ինձ համար, - ասում է Տերը. ձեր պահեցողությունն ու հանգիստը, ձերամսամուտներն ու տոները ատեց իմ հոգին: Կշտացել եմ ձեզնից, այլևս չեմ ների ձեր մեղքերը: Երբ աղոթքի համար դեպի վեր բարձրացնեք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզնից, և եթեբազմապատկեք ձեր աղոթքները, չեմ լսելու ձեզ, որովհետև ձեր ձեռքերը լի են արյունով: Լվացվե՛ք, մաքրվե՛ք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թոթափե՛ք ձեզնից, վե՛րջ տվեք ձերչարագործություններին:


Սովորեք բարի՛ք գործել, արդարությո՛ւն փնտրեք, փրկե՛ք զրկվածի՛ն, արդարադա՛տ եղեք: ( Եսայու մարգ.1:13 -17)


Խաչեգիր
12.05.08

taregir.am

No comments: