Thursday, May 15, 2008

«Փաստորեն խաբեցին»

Վարչական դատարանում ԱԳՆ իրավաբանական վարչության պետ Սաթիկ Աբգարյանը` հայտարարել էր, որ ԱԳՆ-ն աշխատանքից հեռացնելուց առաջ բացատրագիր չի վերցրել դիվանագետներից ոչ մեկից: Տիկին Աբգարյանի ասելով` միայն Վիգեն Նիկողոսյանն է իր կամքով ներկայացել եւ «մեղայական» բացատրագիր ներկայացրել:

ԱԳՆ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հրամանով 10 դիվանագետները փետրվարի 25-ին ազատվել են աշխատանքից` Հայաստանի հետընտրական իրավիճակի վերաբերյալ մտահոգություն-հայտարարության տակ ստորագրելուց հետո:

Այսօր Վիգեն Նիկողոսյանը «Ա1+»-ին պատմեց, թե ինչպես է ծնվել իր «մեղայական» բացատրագիրը: «Փետրվարի 25-ին Վարդան Օսկանյանը ԱԳՆ-ում ժողով հրավիրեց եւ ասաց, որ 6 դիվանագետի հեռացնում է աշխատանքից, եւ նրանց հրամանները պատրաստվում են, ես հայտարարեցի, որ միանում եմ այդ հայտարարությանը եւ խնդրեցի իմ մասով էլ որոշում կայացնել: Ես դա հայտարարեցի բոլորի առաջ: Ես հայտարարության տեքստին ծանոթացել եմ մամուլից եւ դրանից հետո հայտարարել, որ միանում եմ գործընկերներիս»,- ասաց Նիկողոսյանը:

Նա նաեւ հայտնեց, որ բացատրագիրը չի գրել իր կամքով. «Ինձ խնդրել է բացատրագիր գրել ԱԳՆ անձնակազմի կառավարման վարչության պետ Ռոբերտ Անանյանը: Ես 3 օր շարունակ մերժում էի այդ առաջարկը, հետո ինձ զանգահարեցին տուն` ասելով, որ անպայման պետք է գրեմ եւ ուղարկեմ, հակառակ դեպքում ինձ կազատեն աշխատանքից: Ես երկու երեխա ունեմ եւ չէի ուզում կորցնել աշխատանքս: Ես բացատրագրի մեջ գրել էի, որ զղջում եմ, որ նման հայտարարության համար կարող են դիվանագետին ազատել աշխատանքից: Երեւի իմ «զղջալ» բառը նրանք իբրեւ մեղայական են ընկալել»: Նիկողոսյանին թեեւ Ռոբերտ Անանյանը խոստացել էր, որ բացատրագիր գրելու դեպքում` չեն հեռացնի աշխատանքից, սակայն խոստումը ԱԳՆ-ն չի պահել. «Փաստորեն ինձ հետին թվով` մարտի 4-ով հրաման տվեցին եւ ազատեցին աշխատանքից: Ցավում եմ, որ որեւէ քաղաքական ենթատեքստ չունեցող դիվանագետներիս հայտարարությունը այդպես ընկալվեց եւ մեզ աշխատանքից ազատելու հրաման տվեցին»: Կարելի՞ է ասել, որ ԱԳՆ-ն Ձեզ խաբեց. «Ա1+»-ի հարցին` ՎիգենՆիկողոսյանն պատասխանեց.«Այո, փաստորեն խաբեցին»:

Այս պահին Վիգեն Նիկողոսյանը գործազուրկ է: Հիվանդանոցում բուժում ստանալու պատճառով նա չի կարողացել միանալ այն 4 դիվանագետներին, որոնք դիմել են Վարչական դատարան եւ պահանջել չեղյալ հայատարարել Վարդան Օսկանյանի փետրվարի 25-ի` իրենց աշխատանքից ազատելու եւ դիվանագիտական կոչումներից զրկելու մասին որոշումը: Վիգեն Նիկողոսյանը սպասում է, թե մայիսի 29-ին ինչ որոշում կկայացնի Վարչական դատարանը իր գործընկերների հայցով եւ դրանից հետո առանձին հայցով կդիմի դատարան` իր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար:


A1+

No comments: