ՀՀ քաղաքացի, 31- ամյա Գեղամ Հարությունյանը երեկ առավոտյան բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիա Սեբաստիա բաժին` առանց որեւէ բացատրության: «Առավոտյան 8.30-ի սահմաններում 3 անձ` 2 քաղաքացիական, իսկ մյուսը ոստիկանական համազգեստով եկել են մեր տուն եւ տղայիս տարել: Տանը միայն կինս է եղել եւ նրան էլ ոչինչ չեն ասել»,- «Ա1+»-ին պատմեց այսօր գլխավոր դատախազության շենքի մոտ սպասող Գեղամ Հարությունյանի հայրը` Միշա Հարությունյանը: Իմանալով տեղի ունեցածի մասին` երեկ նա գնացել է ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին, որտեղ նրան տեղեկացրել են, որ անհանգստանալու կարիք չկա եւ 2 ժամից որդուն ազատ կարձակեն: «2 ժամը դարձավ 5 ժամ: Ես ոստիկաններից խնդրեցի գոնե ուտելիք վերցնեն որդուս համար, ասացի` երեկոյան ժ. 20-ին ազատ կարձակեն, սակայն մինչ հիմա ազատ չեն արձակել: Ինձ ասացին` գնա տուն, մենք քեզ կզանգենք: Բա ես չիմանա՞մ, թե իմ որդուս ինչո՞ւ են ձերբակալել, բա սա երկի՞ր է»,- ասաց Միշա Հարությունյանը:
Այսօր նա ստիպված դիմել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներին եւ խնդրել պարզել, թե որտեղ է գտնվում իր տղան եւ ինչի համար է բերման ենթարկվել:
«Սա ակնհայտ ապօրինություն է: Ես զրուցեցի Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա փոխոստիկանպետ Հովհաննիսյանի հետ, եւ նա ինձ ասաց, որ իբր Գեղամ Հարությունյանին ոչ թե երեկ են բերման ենթարկել, այլ այսօր առովոտյան են հրավիրել ոստիկանություն: Ըստ Հովհաննիսյանի` Գեղամ Հարությունյանը հարցաքննվել է որպես վկա եւ նրան ուղեկցել են Հատուկ քննչական ծառայություն»,- «Ա1+»-ին տեղեկացրեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
Ոստիկանությունից այս ինֆորմացիան ստանալուց հետո «Ժառանգության» պատգամավորն ու Միշա Հարությունյանը մոտ 2 ժամ գլխավոր դատախազության մոտ սպասում էին Գեղամ Հարությունյանին: «Ես հասկանում են, որ Ոստիկանության աշխատակիցները վերջերս ավելի հաճախ են ստում, քանի որ պատվերներ են կատարում եւ գտնվում են պատանդի կարգավիճակում: Ես զանգահարեցի գլխավոր դատախազության քննչական ծառայության պետին եւ նրա քարտուղարուհին ասաց, որ այդ հարցերով զբաղվում է Հատուկ քնչական ծառայությա պետ Վահագն Հարությունյանի հետ»,-ասաց տիկին Փոստանջյանը: Վահագն Հարությունյանը տիկին Փոստանջյանին նաեւ ասել է, որ Գեղամ Հարությունյանը վկայի կարգավիճակում է եւ նրան շուտով կբերեն Հատուկ քննչական ծառայություն: «Եթե վկայի կարգավիճակում է, ապա երեկվանից ինչո՞ւ է անազատության մեջ եւ ինչո՞ւ նրան փաստաբանի ծառայությունից օգտվելու հնարավորություն չեն տալիս, ինչո՞ւ ծնողներին չեն հայտնում նրա գտնվելու վայրը եւ այլն»,- նկատեց տիկին Փոստանջյանը:
Նա նաեւ ընդգծեց, որ այս փաստը եւս մեկ անգամ վկայում է, որ մեր իշխանությունները արհամարհում են ԵԽԽՎ-ում Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձեւը, որը լուրջ հետեւանքներ է ունենալու մեր երկրի ապագայի համար: Քանի որ իր տղայի բերման ենթարկելու մասին համապատասխան մարմինները որեւէ տեղեկատվություն չեն տրամադրել, Միշա Հարությունյանը ստիպված ենթադրություններ է անում. «Իմ տղան ճանաչում է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին: Մենք նույն թաղում ենք ապրում: Գուցե դա՞ է պատճառը»:
Իսկ ձեր տղան մասնակցել է ընդդիմության հանրահավաքներին`. «Ա1+»-ի հարցին` նա պատասխանեց. «Իսկ մարդ կա՞, որ չի մասնակցել: Եթե մարդ կա, որ հավաքներին չի մասնակցել, ուրեմն սխալ է արել»: Այսօր ժամը 16.00-ի սահմաններում Գեղամ Հարությունյանին ազատ են արձակել Հատուկ քննչական ծառայությունից:
A1+
No comments:
Post a Comment