Tuesday, May 6, 2008

Արդեն հարուցվել է 46 քրեական գործ

Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում նախնական կալանքի տակ է գտնվում 58 անձ, եւս 28 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանքի հետ կապ չունեցող այլ խափանման միջոց:

1 անձ՝ Դ.Աղայանը ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով: Մայիսի 6-ի դրությամբ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից դատարան է ուղարկվել 37 քրեական գործ՝ 38 անձի վերաբերյալ, եւս 9 քրեական գործ՝ 9 անձի վերաբերյալ դատարան է ուղարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից (ընդհանուր առմամբ 46 քրեական գործ՝ 47 անձի վերաբերյալ): Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը:

Ըստ նրա` ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ավարտվել է Ալբերտ Ներսիսյանի, Գեւորգ Ղազարյանի, Վահագն Հարեյանի, Ռոման Մնացականյանի մասով նախաքննությունը եւ նրանց վերաբերյալ գործերն անջատվել են առանձին վարույթ:

Ա.Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով` զանգվածային անկարգությունների ժամանակ իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին ակտիվորեն չենթարկվելու, բռնություն կիրառելու կոչեր անելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

Ռ.Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով` զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի քրեական դատարան՝ ըստ էության քննելու համար: Գ.Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, իսկ Վ. Հարեյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելուն հանցակցության համար: Գ.Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Վ. Հարեյանի՝ ստորագրություն չհեռանալու մասին եւ քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի քրեական դատարան՝ ըստ էության քննելու համար:

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող նշված քրեական գործից առանձին վարույթ է անջատվել նաեւ Սոս Գեւորգյանի վերաբերող մասը եւ ուղարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն, որտեղ ավարտվել է նրա մասով նախաքննությունը եւ ձեռք բերված ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու համար: Ս. Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ քրեական գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:


A1+

No comments: