Ի՞նչ տրամադրության մեջ է, ի՞նչ է զգում եւ ի՞նչ ասելիք ունի ժողովրդի այն հատվածը, որն անցել է մարտի 1-ի իրադարձությունների միջով ու հասել մինչ մայիսի 2-ն ու մասնակցելու է եկել համաժողովրդական Շարժման երկրորդ կոնգրեսին: Առանց մեկնաբանության: Արթուր Մարտիրոսյան, քաղաքական գիտությանների թեկնածու. Նախորդ կոնգրեսից արդեն չորս ու կես ամիս է անցել, Հայաստանը հայտնվել է նոր իրականության մեջ, որը, կարծում եմ, վճռական փուլ է մեր պետության հետագա ճակատագրի համար: Առաջին եւ երկրորդ կոնգրեսների միջեւ կարեւոր ջրբաժան դարձավ մարտի 1-ը: Այդ ամսաթիվը լրացուցիչ անգամ մտահոգվելու տեղիք տվեց եւ մեզ, եւ արտաքին աշխարհին` կամ մենք դառնալու ենք իսկապես ժողովրդավար երկիր, կամ էլ շարունակելու ենք նախկինի պես «ձեւ բռնել», թե ժողովրդավար երկիր ենք: Մարտի 1-ը նաեւ նպաստեց, որ հասարակության շատ ավելի լայն շերտերի մոտ զարթոնք ապրի քաղաքացիական գիտակցությունը: Այդ հասարակության համար այսօր միակ խնդիրը ազատության գաղափարի շուրջ համախմբվելն է, քաղաքական լիդերի խնդիրը միայն այդ հասարակությանն ուղղորդելն է: Այդպիսի գիտակցությամբ հասարակությունը հաճախ լիդերի կարիք չի զգում, քանի որ այդ հասարակությանը բնորոշ է կազմակերպվածությունը, մնում է ճիշտ ուղղորդել, որպեսզի քաղաքակիրթ ճանապարհով հասնի իշխանափոխության: Իսկ Տեր-Պետրոսյանի` որպես լիդերի առանձնահատկությունն այն է, որ եւ 1988-ին, եւ հիմա կարողացավ հասարակությանը համախմբել հենց ազատության գաղափարի շուրջ: Եվ պատահական չէ, որ այսօր ամենահաճախ շրջանառվող արտահայտությունը, ինչը գուցե շատերի համար նորություն չէ, ազատ, անկախ Հայաստան արտահայտությունն է, ինչը նշանակում է նաեւ այդպիսի երկրում ապրելու ցանկություն, որին հասնելու համար էլ սկսվեց Շարժումը:
Սամսոն Խաչատրյան, բռնցքամարտիկ. Իմ կյանքի ամենաերջանիկ օրերը, հավատացնում եմ, եղել են այն 9-10 օրերը, որոնք անցկացրել եմ Ազատության հրապարակում` մասնակցելով միտինգներին: Այդտեղ հավաքված մարդիկ, որոնցից շատերին առաջ էլ էի ճանաչում, ուրիշ էին դարձել, փոխվել էին` Շարժումն էր փոխել, Շարժման շուչն էին շնչել, Շարժում, որը անխուսափելիորեն պիտի փոխի մեր երկիրը, մեր երկրի հանցավոր տրադիցիաները, այն, որ ամեն ինչը առուծախի առարկա է դարձել, անգամ սպորտը, որը լցված է չկայացած մարզիկներով: Օլիգարխները խլել են քաղաքական, տնտեսական ամբողջ դաշտը, սպորտի դաշտն էլ խլել են չկայացած սպորտսմենները: Չկայացածությունն ամենուրեք է, որին գումարվում է նաեւ «Ամեն ինչ մեզ» սկզբունքը` միայն մենք, մեր հացը, մեր փորը: Հայրենասիրությունը նրանց համար չի, հայրենիքը մեզ պես հասարակ, այսպես ասած` քյասիբ ժողովրդինն է, նրանցը պետական թալանն ու սրիկայություններն են: Մեր երկրին իսկապես պետք են նոր կարգեր, հեղափոխություն բառը չեմ սիրում ու չեմ ցանկանում, որ որեւէ երկիր երբեւէ հեղափոխություն տեսնի, ես նախընտրում եմ էվոլյուցիա բառը, էվոլյուցիա բոլոր ոլորտներում, ինչը միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է իրականացնել: Երկու խոսք էլ այս օրերին անընդհատ շրջանառվող երկխոսության մասին. ցանկացած մեկը կերազեր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր համար պարտնյոր լիներ:
Հունան Առաքելյան, ազատամարտիկ, ԵԿՄ անդամ. Կոնգրեսին եկել եմ այն համոզմունքով, որ այսօր սկսվելու է ընդհատված Շարժման նոր փուլը: Իշխանություն կոչվածները հույս ունեին, թե մարտի 1-ով կոտրեցին ժողովրդի ոգին, կամքը, թասիբը, սակայն չարաչար սխալվում են: Ինձ` որպես Երկրապահի, որը մասնակցել է փետրվարի 23-24-ի «չարտոնված» հանրահավաքին, բռնել ու տարել էին Կենտրոնի ոստիկանություն ու վարչական տույժի ենթարկել: Մայիսի 15-ին էլ Վճռաբեկ դատարանում պիտի դատ անեն ու որոշեն վարչական տույժի չափը: Է, թող դատեն, դրանից ի՞նչս պիտի ավելանա կամ պակասի: Դատում են այն բանի համար, որ իմ ժողովրդի հե՞տ եմ եղել: Թող իմանան, որ ԵԿՄ-ն ժողովրդի հետ է, այնտեղ, որտեղ էլ պիտի լիներ, այդ թվում եւ Մանվել Գրիգորյանը, ով նույնպես այս ողջ ընթացքում ժողովրդի հետ էր:
Վարդան Մերջանյան, գեղանկարիչ. Սա շարժում չի մեծ հաշվով, սա բարոյական պատերազմ է վախի, անարդարության ու ստորաքարշության դեմ: Անձամբ ճանաչում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին, նա իմաստուն մարդ է, նա կարող էր շարունակել լռել, սակայն խոսեց, քանի որ վիճակն արդեն ծայրահեղ անմխիթար էր, մահացու, ժողովուրդը խեղդվում էր թթվածնի քաղցից: Այս Շարժումը նույն ոգին ունի, ինչ որ 1988-ի Շարժումն ուներ, միայն թե այդ ոգին 20 տարով իմաստնացել է, վերաիմաստավորվել ու նոր ռիթմ ձեռք բերել: Մի ամբողջ 10 տարի ժողովուրդն անցկացրեց դեպրեսիայի ու բարոյական արժեքների լճացման մեջ: Եվ միայն Տեր-Պետրոսյանի վերադարձն էր, որ ապրելու ու աշխատելու ադրենալին տվեց, հատկապես ինձ` որպես արվեստագետի: Շարժումն ինձ հնարավորություն տվեց, որպեսզի ես ինքս ինձ գտնեմ, ավելի ճիշտ` ինքս ինձ ձեռք բերեմ: Իմ կտավներում սկսեցին ավելի շատ կապույտ ու կանաչ գույները երեւալ. դրանք հավասարակշռության գույներն են:
Հ.Գ. «Սկեպտիկները սովորություն ունեն կասկածի տակ առնել նույնիսկ այն իրողություններն ու փաստերը, որոնք ակնհայտ են ու ապացուցման կարիք չունեն: Այս Շարժման մոտալուտ հաղթանակին նույնիսկ ամենաթունդ ու անուղղելի սկեպտիկն էլ ռիսկ չի անի կասկածել, ինչպես որ չի կասկածի նրան, որ ինքը սկեպտիկ է», - ասաց կոնգրեսի մասնակիցներից մեկն ու հավելեց. «Սերժ Սարգսյանը մեծ սիրով պատրաստ է հենց հիմա հրաժարական տալ, պարզապես սպասում է այնքան ժամանակ, մինչեւ գտնի իրեն հուզող մի հարցի պատասխանը. «Ի վերջո, ինչի՞ս էր պետք այս աթոռը, որի չորս ոտքերն էլ կոտրված են»: Թիկնակը` նույնպես:
No comments:
Post a Comment