Saturday, May 3, 2008

Ոչ մի քայլ չեմ նահանջելու պայքարից

Ես հավատում եմ Հայաստանի բարեկեցիկ ապագային: Հավատում եմ, քանի որ այն պայքարով է ստեղծվում:

...Փետրվարյան այդ օրերին կար երկու Հայաստան: Մեկը` Ազատության հրապարակն էր, որտեղ իշխում էր ազատ մտածողությունը, ժպիտը, հարազատությունը, ապագան տեսնելու ցանկությունը եւ մարդկային շատ այլ բարձր արժեքներ: Մյուս Հայաստանը` Ազատության հրապարակին կից փողոցներից այն կողմ էր, ուր կար կեղծիք, բռնություն, թալան, ստորաքարշություն, խաբեություն եւ այլ բացասական երեւույթներ:

Ի՞նչ էինք ուզում մենք. Ազատության հրապարակի ամբողջ մթնոլորտը տարածել ՀՀ ամբողջ տարածքում, ինչպես նաեւ՝ Արցախում: Եվ Ազատության հրապարակի ազատատենչ հայերի թիվը օր օրի մեծանում էր: Հարյուր հազարավոր ՀՀ ազատ քաղաքացիների համար արդեն փոքր էր թվում հրապարակը: Սա խուճապի մատնեց բռնապետությանը, եւ տեղի ունեցավ հերթական ոճրագործությունը:

Իշխանությունները այդ ոճրագործությանը պատրաստվում էին սեպտեմբերի 21-ից սկսած: Իհարկե, այդ խնդիրը իրենք վաղուց ունեին. ցանկացած միջոցով կոտրել սկզբունքային մարդկանց ոգին՝ չկանգնելով ոչ մի բանի առաջ: Նրանց հարազատներին, ընկերներին սկզբից զգուշացնում, հետո ազատում էին աշխատանքից: Ճնշում էին միտինգներին մասնակցելու համար: Ընտրությունների մասին ավելորդ եմ համարում նույնիսկ նշել. կեղծիքներ, մարդկանց առեւանգումներ, բռնություններ, ճնշումներ, ահաբեկումներ:

Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում այդ բռնի հարձակումից հետո ստացել եմ հարված գլխի մասում եւ տեղափոխվել հիվանդանոց: Յոթ օր բուժում ստանալուց հետո կամավոր (բժիշկները ինձ դուրս չգրեցին) դուրս եմ եկել հիվանդանոցից, որպեսզի բուժումս շարունակեմ տան պայմաններում: Սակայն տան փոխարեն հայտնվեցի սկզբից՝ Մաշտոցի ոստիկանությունում, հետո՝ դատախազությունում: Ի դեպ, իմ տան խուզարկության ժամանակ, որտեղ փորձում էին գտնել, ըստ իս, թմրանյութ կամ զենք-զինամթերք, հայտնաբերեցին...5000 գիրք:

Քննիչները ինձ վերաբերվում էին որպես թշնամու, եւ մի գիշերվա ընթացքում մեղադրանք առաջադրվեց առանց որեւէ հիմքի: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում երկու անգամ հայտարարեցի հացադուլ, քանի որ չգիտեի ինձ ձերբակալելու քրեական հիմքերը, սակայն քաջ գիտակցում էի, որ այդտեղ եմ զուտ իմ գաղափարների եւ սեփական կարծիքը ունենալու համար:

Քառասուն օր հետո ինձ տարան հարցաքննության, որը ավելի շատ քննչական շոու էր հիշեցնում: Իմ պաշտպանից իմացա, որ այն կապված է անձը ճանաչման ներկայացնելու հետ, որն ունի իր կարգը:

Մեկուկես ժամ սպասելուց հետո քննիչներից մեկն ինձ ուղեկցեց սենյակ: Այնտեղ էին երկու քննիչ, իմ պաշտպանը, մի ՆԳ փոխգնդապետ, երկու կին եւ երեք այլ անձինք: Ներս մտնելուց ՆԳ փոխգնդապետը միանգամից ինձ ասաց. «Արի, արի տեսնեմ ոնց էիր հարվածում ինձ եւ ծեծում ՆԳ աշխատողներին»: Սա էր ամբողջ ճանաչողական կարգի իրականացումը, որի ընթացքում խախտվեց ՀՀ քրեադատավարության օրենսգրքի 221 հոդվածը (մնացածը դատարանում):

Գործը սարքված էր, տուժողից դարձա հանցագործ եւ այն էլ` վտանգավոր: Իշխանությունները այդ ամբողջ ջարդը նկարահանել են բոլոր պրոեկցիաներով եւ ցանկության դեպքում կարող են գտնել եւ ապացուցել ցանկացած իրական հանցագործին: Բայց հասկանալի է, թե ինչու չի արվում այն, ինչ պիտի արվի:

Միեւնույն է, գալու է ստի, կեղծիքի բացահայտման ժամանակը:

Ազատության համար պայքարելով շատերս հայտնվեցինք անազատության մեջ, որը, սակայն, ինձ էլ ավելի վճռական դարձրեց: Ազատության համար պայքարը գործարքի առարկա չի կարող դառնալ:

Ես հավատում եմ մեր պայքարին եւ ոչ մի քայլ չեմ նահանջելու պայքարից: Ուստի՝ պայքար, պայքար, մինչեւ վերջ:

Քաղբանտարկյալ

Արամ Բարեղամյան

ՀՀՇ Հրազդանի տարածքային խորհրդի նախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ


Zhamanak.com

No comments: