Friday, May 9, 2008

Պայքարը դեռ նոր է սկսվել

Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանում երեկ կրկին իրարանցում էր. այնտեղ ընթանում էր Պետրոս Մակեյանի, Շոթա Սաղաթելյանի եւ Աշոտ Զաքարյանի դատավարությունը, այսինքն` 100-ավոր մարդիկ այնտեղ էին եկել` վերջիններիս իրենց զորակցությունը հայտնելու եւ արդարություն պահանջելու: Բայց մարդիկ ոչ թե խեղճացած էին կամ վախեցած, այլ ըմբոստացած, զայրացած, որպես արդարության լիարժեք պահանջատեր: Մարդիկ չէին խնդրում արդարություն, մարդիկ պահանջում էին: Թերեւս, հենց այդ պատճառով է, որ դեռ 1-ին դատական նիստից «աբիժնիկ մնացած» դատավոր Վահե Խալաթյանը երեկ որոշել էր ցույց տալ, որ ինքը դատավոր է, այսինքն` իրավիճակի վերահսկողը ինքն է, որ կա:

Բանն այն է, որ ինչպես եւ նախորդ 2 անգամ, երեկ եւս Գյումրի էին ժամանել Հայոց կանանց շարժման ակտիվիստները, որոնց միացել էին նաեւ տեղի Երկրապահ կամավորականները: Եւ ահա, ավելի քան 300 հոգու երեկ դիմավորեցին մի քանի տասնյակ ոստիկաններ, որոնք ընդամենը 70 հոգու դատարանի շենք ներս թողնելուց հետո փակեցին մուտքի դռները` հայտարարելով, թե էլ ոչ ոք ներս չի մտնի: Ըստ նրանց, դահլիճում տեղավորվում է միայն 70 հոգի, ուստի դատավորը խիստ հրահանգ է տվել 70-ից ավել մարդ ներս չթողնել: Մարդիկ, սակայն, պահանջում էին մեծ դահլիճ, ինչին դատավորը պատասխանում էր, թե ազատ մեծ դահլիճ չկա: Այդ ընթացքում մարդկանց մեծ մասը, որ դուրսն էր մնացել, սկսեց պահանջել ներս թողնել իրենց: Ընդ որում, մարդիկ այնքան էին ջղայնացել, որ սկսեցին ձեռքով հարվածել դատարանի ապակեպատ դռներին, ինչի հետեւանքով էլ դռներից մեկի ապակին ջարդվեց: Իր հերթին,
«Ժառանգության» պատգամավոր Վարդան Խաչատրյանը փորձեց համոզել դատարանի նախագահին, որպեսզի վերջինս հրահանգի դատավորին` դատավարությունը տեղափոխել մեծ դահլիճ: Նախագահը, սակայն, պատգամավորին ասաց, թե բա` եթե դատավորը այդպես է որոշել, ինքը անզոր է: 2 ժամ անց Խալաթյանը սկսեց նիստը` մտածելով, թե «հաղթանակ է տարել» ու մարդկանց մեծ մասին դահլիճ չի թողել: Բայց նրան հիասթափություն էր սպասվում. դահլիճը լիքն էր: Բանն այն է, որ չնայած ոստիկանների արգելքին, մարդիկ, այնուամենայնիվ, հերթով մուտք էին գործել դատարանի շենք: Մի խոսքով, մարդիկ նորից իրենց ձեռքը վերցրեցին իրավիճակը, եւ Խալաթյանին միայն մնում էր ժամանակ առ ժամանակ մուրճով սեղանին խփելու անշառ գործը:

Ի դեպ, երեկ մի ուշագրավ բացահայտում է եղել: Դատապաշտպանները ելույթի ժամանակ զարմանքով նշել էին, որ վկաներից մեկը` 34/06 ՏԸՀ նախագահ Սիլվա Հակոբյանը, ով նաեւ գործող մանկավարժ է, իր նախաքննական ցուցմունքը գրել է բազմաթիվ տառասխալներով: Օրինակ, տիկին Հակոբյանը
«թեկնածու» բառի փոխարեն գրել է «թեքնածու», «խախտում»-ը` «խաղթում», «ինձ հասած տվյալներով»-ի փոխարեն գրել է «ինձ հասացած թվյալներով», «լցոնումներ»-ը` «լծոնումներ» եւ այսպես շարունակ: Իսկ ամենաուշագրավն այն է, որ սույն մանկավարժը, այսքանից հետո բնութագրելով ընտրությունների օրը կատարած իր աշխատանքը, գրել է բառացիորեն հետեւյալը. «Իմ աշխատանքը, որպեսզ հանձնաժողովի նախագահը պատկերացնում եմ գերազանց»:


hzh.am

No comments: