Friday, May 9, 2008

Ի՞նչ է արել Սմբատ Այվազյանը

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի խափանման միջոցը մնաց նույնը: Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մերժեց նրա փաստաբան Հովիկ Արսենյանի բողոքը: Նա բողոքարկում էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայքների ընդհանուր իրավասության դատարանի` Սմբատ Այվազյանի կալանքը երկու ամիս երկարացնելու վերաբերյալ որոշումը:

Հովիկ Արսենյանը պահանջում էր ազատ արձակել իր պաշտպանյալին, որը փետրվարի 24-ից գտնվում է անազատության մեջ: Հիշեցնենք, որ Սմբատ Այվազյանի նկատմամբ մեղադրանք է հարուցվել 316 հոդվածի առաջին մասով, այն է` իշխանության ներկայացուցչի նկատմամբ պահանջը չկատարելը, դիմադրություն ցույց տալը: Ի դեպ, դատարան չէին բերել մեղադրյալ Սմբատ Այվազյանին: « Սմբատ Այվազյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը արհեստածին էր, մտածածին, ապօրինի անազատության մեջ պահում են ու մեկ էլ հանկարծ մեղադրանքում գրվում է, որ չի ենթարկվել ոստիկանության պահանջներին: Եթե անձին ապօրինի պահում են, այսինքն` ապօրինություն է կատարվել, ի՞նչ պահանջես նրանից օրինական ենթարկվել: Մտածածին, անհիմն, պատիվն ու արժանապատվությունը վիրավորելով, չունենալով որեւէ կասկած տանում են նարկոդիսպանսեր, ստուգում, թե նա թմրանյութ օգտագործած է, թե ոչ»,-»Ա1+»-ին ասաց պաշտպան Հովիկ Արսենյանը: Նա կարծում է, որ եթե անգամ Սմբատ Այվազյանը իսկապես դիմադրություն ցույց տված լիներ, ժամանակն է, որ նախաքննական մարմինը գործն ուղարկած լիներ դատարան:

«Արհեստականորեն ձգձգում են ու փորձում են բերել նաեւ 300 հոդվածի դաշտ, իբր հանցավոր համաձայնության է եկել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ` իր համախոհների հետ փորձել է իշխանափոխության գործընթաց իրականացնել»,- ասում է Հովիկ Արսենյանը:

Ի դեպ, մինչեւ Վերաքննիչ դատարանում դռնփակ ընթանում էր դատական նիստը, դրսում հավաքվել էին Սմբատ Այվազյանի համախոհներն ու հարազատները: Վերջիններս որեւէ ակցիա չիրականացրեցին. լուռ սպասում էին դատարանի որոշմանը: Քաղաքացի Մարիամ Դանիելյանը զայրույթով նշեց, թե փոխանակ այսօր իշխանությունները շքերթ կազմակերպեին, որ Շուշի են ազատագրել, երկրապահին ճաղերի հետեւում են պահում: Սմբատ Այվազյանի մարտական ընկերներից, երրորդ կարգի պատերազմի հաշմանդամ Վարդան Կիրակոսյանն էլ պատմեց, որ իրեն եւ Սմբատին իրար հետ են ձերբակալել: «Մեզ ապօրինի տարան, պահեցին, հետո առանձին նարկոլոգիա տարան: Թող իրեն էլ մեր հետ բերեին, մեզ հետ միասին չտարան, որ հետո դիմադրություն սարքեն: Եթե դիմադրող լինեինք, դիմակներով, որ հարձակվեցին, այդ ժամանակ կդիմադրեինք: Քաղաքական պատվեր է,- ասաց նա,-Ինչի՞ համար են ես օրը գցում, որ պատերազմ ե՞նք կրել»:

Իսկ Աժ-ում պատգամավոր ընտրված ժամանակ Սմբատ Այվազյանի օգնական Հրայր Մելքումյանն էլ հավելեց. «Տեսնում եմ, որ այստեղ օրենքի հետ առնչվող որեւէ բան չկա: Կա կամայականություն, ցանկություն ուժեղ երեւալու: Մեկը, որ ընտրում է հնազանդության ուղին, ազատ ման է գալիս, իսկ եթե մարդը պահպանում է իր հպարտությունը, ապրում է գաղափարով, որ ժողովուրդը ավելի բարձր է, քան բոլոր տեսակի իշխանությունները, այդ դեպքում նրան փորձում են հնազանդեցնել»:


A1+

No comments: