Tuesday, May 20, 2008

«Ատելության մթնոլորտ»

Խմբագրի սյունակ

Իշխանության ներկայացուցիչների վերջին շրջանի սիրված թեմաներից է «ատելության մթնոլորտը», որը նրանց կարծիքով ստեղծվել է Տեր-Պետրոսյանի՝ քաղաքականություն վերադառնալուց հետո: Նախ՝ դժվար է պատկերացնել ընդդիմության հազարավոր կողմնակիցներին եւ պատահական անցորդներին, որոնց վրա մարտի 1-2-ին հարձակվել են ոստիկանական ուժերը, ծեծել-ջարդել, կրակել են, էլեկտրաշոկ կիրառել եւ այլն, առանց որեւէ հիմքի տարել են քաղմասներ, եւ այսքանից հետո այդ բոլոր քաղաքացիները պիտի անհուն սիրո՞վ լցված լինեն իշխանությունների նկատմամբ: Պակաս էական չէ նաեւ այն, որ «ատելության մթնոլորտի» անընդունելիության մասին կարող են խոսել նրանք, ովքեր 10 տարի շարունակ սիրո, հանդուրժողականության եւ համերաշխության մթնոլորտ են սփռել Հայաստանով մեկ: Երկրի ներկայիս իշխանավորները հաստատ նման մարդկանց շարքից չեն:

Դրանում համոզվելու համար բավական է վերհիշել, թե 1998-ից առայսօր ինչեր էր խոսել «Հայլուրը» (ամենազանգվածային լրատվամիջոցի մայր հաղորդումը) «նախկին իշխանությունների» մասին: Միայն պետական մտածողություն ունեցողը, այսինքն՝ նա, ով ցանկացած «նախորդ իշխանություն» ընկալում է իր պատմական կոնտեքստում եւ չի փորձում «նախկիններին» փնովելու հաշվին ինքնահաստատվել, միայն նման քաղաքական ուժը իրավունք ունի դիմացինից նույնպիսի մոտեցում պահանջել:

Անվիճելի է, որ ընդդիմությունը պետք է զուսպ եւ հանդուրժող լինի: Բայց նրանից հարյուրապատիկ լայնախոհ պետք է լինի իշխանությունը, քանի որ հենց նրա՛ ձեռքին են ուժային եւ վարչական լծակները: Մեզ մոտ, կարծես թե, հակառակն է:


aravot.am

No comments: