Friday, May 30, 2008

ԱԳ նախկին աշխատակիցներին մերժեցին

ՀՀ Վարչական դատարանը այսօր անակնկալ չմատուցեց այն 4 դիվանագետներին, որոնք պահանջում էին վերացնել ԱԳՆ նախկին նախարար Վարդան Օսկանյանի փետրվարի 25-ի որոշումը, իրենց վերականգնել աշխատանքում եւ հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածում հասցրած վնասը փոխհատուցել: Վարչական դատարանը մերժեց դիվանագետներ Վլադիմիր Կարապետյանի, Մարթա Այվազյանի, Կարինե Աֆրիկյանի եւ Առաքել Սեմիրջյանի հայցն ընդդեմ ԱԳՆ-ի:

Հիշեցնենք, որ Օսկանյանի փետրվարի 25-ի որոշմամբ աշխատանքից ազատվել էին 10 դիվանագետ, որոնք իրենց մտահոգություն էին հայտնել Հայաստանում ստեղծված հետընտրական իրավիճակի վերաբերյալ եւ կողմերին կոչ արել զերծ մնալ ուժի միջոցով հարցեր լուծելու գայթակղությունից:

Այսօր Վարչական դատարան այսօր իր վճռում ասաց. «Հայցն անհիմն է»: Վարչական դատարանը գրեթե նույնությամբ կրկնեց ԱԳՆ-ի ներկայացուցիչների այն տեսակետը, թե դիվանագետների հայտարարությունը քաղաքական բնույթի է, եւ նրանք օգտագործել են իրենց աշխատանքային միջոցներն ու չարաշահել պաշտոնական դիրքը, օրինակ` Վլադիմիր Կարապետյանը փետրվարի 23-ին օգտվել է ԱԳՆ-ի պաշտոնական էլեկտրոնային փոստից:

Ի դեպ, դատավարության ընթացքում Վլադիմիր Կարապետյանը հայտարարել էր եւ հիմնավորել, որ իրենց հայտարարությունը ոչ թե քաղաքական է, այլ` քաղաքացիական, ինչպես նաեւ նշել էր, որ ինքը փետրվարի 23-ին օգտվել է ԱԳՆ-ի պաշտոնական էլեկտրոնային փոստից, քանի որ նախարարից նման հանձնարարություն ուներ:

Վարչական դատարանն այսօր մերժեց դիվանագետների հայցի երկրորդ մասը` հարկադիր պարապուրդի ընթացքում նրանց կրած վնասի փոխհատուցման մասին: Վճռի հրապարակումից հետ «Ա1+»-ը զրուցեց դիվանագետների հետ: «Դատարանը տեղի տվեց գործադրի` մասնավորապես ԱԳՆ-ի ճնշումներին, որն ակնհայտ է: Ես այլ բացատրություն չեմ կարող գտնել այն հանգամանքին, որ ԱԳՆ-ի թափուր մնացած պաշտոններից մեկում արդեն նոր նշանակում է կատարվել: Այսինքն` ԱԳՆ արդեն վստահ էր, որ դատարանը մերժելու է մեր հայցը»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը: Ի դեպ, «Ա1+»-ին հաջողվեց պարզել, որ դիվանագետներին ազատելուց հետո, նրանց թափուր մնացած պաշտոններից արդեն զբաղված է ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի վարիչի պաշտոնը, որը մինչեւ փետրվարի 25-ը զբաղեցնում էր Մարթա Այվազյանը: Ինչ վերաբերում է իրենց հայտարարությունը Ազատության հրապարակում ընթերցվելու փաստին, ապա Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Այո, ես դրական եմ գնահատում այն փաստը, որ մեր հայտարարությունը ընթերցվել է Ազատության հրապարակում, քանի որ այն ուղղված էր բացառապես բոլորին: Եթե հիշում եք` այդ օրերին արդեն 4-5 ձերբակալություններ կային եւ իրավիճակը լարված էր հենց Ազատության հրապարակում: ԱԳՆ-ում մեզ հնարավորություն չտրվեց բացատրություններ տալ մեր մտահոգության կապակցությամբ, ինչի հետեւանքները այսօր տեսնում ենք»: Դիվանագետներից Առաքել Սեմիրջյանը վստահ է, որ այս իշխանությունների օրոք Վարչական դատարանի վճիռը այլ չէր կարող լինել. «Ես կզարմանայի, եթե դատարանը օրինական վճիռ հրապարակեր: Այս 10 տարիների ընթացքում որեւէ արդար վճիռ չի կայացվել, որեւ մեկը չի վերականգնվել իր աշխատանքում: Սա աբսուրդի թատրոն է»:

Լրացնելով գործընկերներին` Մարթա Այվազյանն ասաց. «Ինձ ոչ թե վճիռը զարմացրեց, այլ այն, որ Վլադիմիր Կարապետյանի կողմից փետրվարի 23-ին էլեկտրոնային փոստից օգտվելը, որը նա ի պաշտոնե պարտավոր էր անել, դատարանը դիտում է իբրեւէ հանցանք»:

Դիվանագետները Վարչական դատարանի վճիռը պատրաստվում են բողոքարկել Վճռաբեկ դատարանում:


A1+

No comments: