Իշխանություններն ինչ-որ անհասկանալի խուճապի մեջ են: Փոքրաթիվ ականատեսների վկայությամբ` նախօրեին «Հ1»-ի եթերով ինչ-որ սփյուռքահայեր բավականին ագրեսիվ տոնով բողոքում էին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը սեպ է խրում ե՛ւ Հայաստանի հասարակության, ե՛ւ ընդհանրապես հայ ժողովրդի տարբեր հատվածների միջեւ: Այնպիսի տպավորություն էր, թե Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, մի-մի սեպ առած փողոցներն ընկած վազվզում եւ անցորդների միջեւ սեպեր են խրում, եւ այս սփյուռքահայերը մի կերպ իրենց գցել են «Հ1»-ի ստուդիա ու խուճապահար ելույթ են ունենում: Իրականում նրանք նույնիսկ Հայաստանում չէին, «իրենց երկրներում» էին:Իհարկե, «հայաստանցիների» եւ ղարաբաղցիների միջեւ «սեպ խրելու» գաղափարի հեղինակները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են: Ընդ որում, Սերժ Սարգսյանը շարունակում է զարգացնել այս թեման, որովհետեւ այսօր դա նրան օդի ու ջրի պես է անհրաժեշտ: Սա, ի դեպ, շատ պարզ բացատրություն ունի: Փորձեք դուրս գալ փողոց եւ հարյուր հոգու հարցնել` «ի՞նչ կարծիքի եք Սերժ Սարգսյանի մասին»: Հավատացնում ենք` հայհոյանքից բացի այլ բան հազիվ թե լսեք: Հետո եւս հարյուր հոգու հարցրեք` «ի՞նչ կարծիքի եք ղարաբաղցիների մասին»: Հիմնականում կպատասխանեն, որ տարբերություն չեն դնում հայաստանցիների եւ ղարաբաղցիների միջեւ: Այսինքն` արձագանքը բացասական չի լինի: Հենց դրա համար էլ Սերժ Սարգսյանը երազում է, որ հասարակությունն իրեն առաջին հերթին որպես ղարաբաղցի ընկալի, իսկ հասարակությունը «համառորեն» նրան առաջին հերթին ընկալում է որպես ընտրակեղծարար, կոռումպացված եւ ժողովրդի վրա կրակած ռեժիմի անդամ: Ու նա ստիպված պարզունակ հնարքի է դիմում` իբր ժողովուրդն իրեն չի ընդունում, որովհետեւ ինքը ղարաբաղցի է: Եվ որպեսզի այս հիմարությունը լայն տարածում գտնի, հենց ինքն էլ անընդհատ խոսում է «սեպ խրելու» մասին:
Հիմա անդրադառնանք Հայաստանի հասարակությունը պառակտելու մեղադրանքներին: Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմակիցների հասցեին նման մեղադրանքներ հնչեցնողները դրանով ուզում են «հասկացնել», թե իբր մեր հասարակությունը երկու մասի է բաժանվել: Այլ կերպ ասած` իբր հասարակություն կա ոչ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջը, այլեւ «մյուս ճամբարում»: Սուտ է, այնտեղ հասարակություն չկա: Այնտեղ կա ռեժիմ` նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ, ոստիկանության ու բանակի վերնախավ, օլիգարխներ եւ այս
ստրուկտուրաներին զանազան ծառայություններ մատուցողները`մտավորականներ, լրագրողներ, հոգեւորականներ, երգիչ-երգչուհիներ, թիկնապահներ եւ այլն: Ընդհանուր թվով` առավելագույնը մի 10-15 հազար մարդ: Մի խոսքով, բոլոր նրանք, ովքեր հայտնվում են հեռուստաէկրաններին: Հարց է ծագում` կարելի՞ է արդյոք «հասարակության պառակտում» անվանել այն իրավիճակը, երբ մի կողմում հասարակության 99.5 տոկոսն է, մյուս կողմում` 0.5 տոկոսը: Ի դեպ, ընտրությունների արդյունքները թող որեւէ մեկին չխաբեն: Օրինակ, թող որեւէ մեկը մոտենա եւ հարցնի վերջին ընտրություններում 5 տոկոս ստացած ՀՅԴ-ի շարքային անդամներին` իրենք ընդունո՞ւմ են Սերժ Սարգսյանին որպես նախագահ: Իհարկե չեն ընդունում: ՀՅԴ վերնախավն է ընդունում:
Ուրեմն ինչի՞ համար են «հասարակությունը պառակտելու» մասին խոսակցությունները, եւ ինչո՞ւ է ռեժիմն անընդհատ շահարկում այս հարցը: Սա նույնպես շատ պրագմատիկ բացատրություն ունի: Երկամսյա տեռորը չկարողացավ ջարդել համաժողովրդական շարժման ողնաշարը, եւ ակնհայտ է, որ շարժումն աստիճանաբար է՛լ ավելի է հզորանում: Ակնհայտ է նաեւ, որ մայիսի 2-ին կայանալիք Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսից հետո պայքարը շատ ավելի հուժկու եւ կազմակերպված է լինելու: Այսքանից հեռո ռեժիմին միայն մի բան է մնում` փորձել պառակտել հասարակությունը, կամ, իրենց բառերով ասած, «սեպ խրել հասարակության տարբեր հատվածների միջեւ»: Եթե պետք լինի` դրա համար Լոս Անջելեսից էլ
սրտացավ սփյուռքահայ կկանչեն, եկեղեցականներին էլ «ռասկրուտկա» կանեն, շոու-բիզնեսի «աստղերին» էլ կներգրավեն: Մի խոսքով` կօգտագործեն իրենց 0.5 տոկոսի ողջ ներուժը: Նպատակը մեկն է` Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին քարոզել, որ նրանք ոչ թե ողջ հասարակությունն են, այլ միայն հասարակության մի մասը:
Ամոթ չլինի հարցնելը` բա ինչո՞ւ ոչ մի անգամ մյուս մասին չտեսանք: Ապրիլի 9-ի ինաուգուրացիան էլ հո հարմար առիթ էր, բերեիք` տեսնեինք այդ ի՞նչ «հասարակության երկու մասերի» մասին է խոսքը: Ի վերջո, եթե հասարակությունը երկու մասի է բաժանված` ապա մի մասի տեղը հայտնի է` Հյուսիսային պողոտա, դատարանների դահլիճներ, հրապարակներ... Իսկ ո՞ւր է մյուս մասը:
Մարկ Նշանյան
Chi.am
No comments:
Post a Comment