Ժողովուրդը կանգնած էր Վանատուրում: Անձրեւին ու քամուն: Մի ժամ, երկու ժամ, երեք ժամ... Այս ժողովուրդը կանգնած է այսպես: Ամեն օր:«Ազատ, անկախ, Հայաստան», «Ազատություն հերոսին», «Սասուն, Սասուն»: Ահա վանատուրցիների ամենօրյա հավաքների կարգախոսները: Վանատուրցին հոգնել չունի: Շաբաթ-կիրակի չունի: Հանգիստ չունի: Վանատուրցին ամեն Աստծո օր իր Ազատության հրապարակում է:
Վանատուրում ժամանակ առ ժամանակ լուրեր են պտտվում, թե Սասուն Միքայելյանին են ազատել, կամ` Հակոբ Հակոբյանին, կամ էլ 100-ից ավելի քաղբանտարկյալներից որեւէ մեկին: Պարզ է` ինչի համար են ջանքեր թափում: Որպեսզի մարդիկ էլ չհավաքվեն իրենց հրապարակում: Տեղական իշխանության նյարդերը չեն դիմանում, ու ամեն անգամ մի բան են մոգոնում, որ մարդիկ ցրվեն: «Թարսի պես» վանատուրցիները հեշտ կուլ գնացողը չեն ու նման պրովոկացիաների չեն տրվում: Նրանք հավատում են միայն իրենց աչքերին. «Կհավատանք, եթե մեր աչքով տեսնենք Սասունին կամ էլ` ում բաց թողած լինեն: Թե չէ` ասելով լինի, էնքա~ն բան կասենք: Օրինակ` կասենք, որ Քոչարյանն ու Սերժն են հոկտեմբերի 27-ի հեղինակները, դրա համար էլ հիմա կենաց-մահու կռիվ են տալիս, որ հանկարծ չլինի թե իշխանությունը փոխվի ու իրենց դատի: Կամ էլ թե` Քոչարյանը մահափորձ է պատրաստում Սերժի դեմ, որ ինքը վերադառնա իշխանության: Այսինքն` ինչ ասես կարելի է ասել ու շրջանառության մեջ դնել: Հավատա՞նք: Մանավանդ, որ էս վերջինը` մահափորձի մասին, պտտվում է ապրիլի 9-ից հետո»:
Մի բան պարզ է. ժողովուրդը իմաստուն է ամեն հարցում: Թե իր պայքարի ու հաղթանակի հասնելու համար գործադրած միջոցների, թե ժամանակի-պահի-իրավիճակի հոտառություն ունենալու առումով: «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը իր կարծիքն ունի ժողովրդի հոտառության վերաբերյալ. «Մարդիկ իրենց զգացողությանն են հավատում, իրենց սրտի ձայնին, իրենց հոգու կանչին: Իսկ ժողովրդի սիրտն ու հոգին ասում են, որ հարցերը լուծված են` ինչպես ասաց մի անգամ մեր գերագույն գլխավոր հրամանատար Լեւոն Տեր-Պետրոսյանը: Պարզապես օրվա-ժամի-րոպեի խնդիր է մնացածը: Ու դա արդեն շատ մոտ է»:
...Փետրվարի 16-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց վաղարշապատցիների հետ: Հրաշալի անցավ, ինչպես քարոզարշավի բոլոր հանդիպում-հանրահավաքները: Օրվա տպավորության տակ հրապարակումս վերնագրել էի. «Հաղթելու ենք, հաղթել ենք, հաղթած ենք»: Հաղթած ենք: Փետրվարի 19-ից հետո մինչեւ հիմա այդ զգացողությունը չի լքում այս ժողովրդին: Այս ժողովուրդը կանգնած է: Նրա հոգին չի հանգստանում, քանի որ իր այդ հաղթանակը դե յուրե դեռ չի ձեւակերպել: Ու դա լինելու է: Քանի որ Վանատուրում մի հրաշալի բանակ է կանգնած, Թալինում մի հրաշալի բանակ է կանգնած, Գյումրիում, Հաղթանակում, Ապարանում, Երեւանում, երկրի բոլոր անկյուններում մի-մի պինդ-հզոր-ոգեղեն բանակ է կանգնած:
No comments:
Post a Comment