080-080-804 «թեժ» հեռախոսահամարը, որը նախատեսված էր ընտրությունների ընթացքում իրավական աջակցություն ցուցաբերել ընտրական գործընթացներում ներգրավված բոլոր մասնակիցներին, ընտրություններից հետո էլ շարունակում է ստանալ հեռախոսազանգեր: Այսօր «Իրավական նախաձեռնություն» ծրագիր իրականացնողները ասուլիսի ժամանակ հայտարարեցին, թե ետընտրական, մասնավորապես մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված զարգացումները պայմանավորել են իրավաբանական խորհրդատվության եւ աջակցության անհրաժեշտության կտրուկ աճ: Ըստ նրանց` դա էր պատճառը, որ ծրագիրը չավարտվեց մարտի 15-ին, ինչպես նախատեսված էր սկզբում, այլ երկարաձգվեց ցպահանջ: «Թեժ գիծը» ամեն օր ստանում է 2-3 զանգ միայն ապօրինի ձերբակալությունների հետ կապված: Զանգահարողները քաղաքացիներ են, որոնք մասնակցել են հանրահավաքների, երթերի, անգամ ապրիլի 24-ի երթին. «Լինում են մարդիկ, որ զանգում են, թե իրենց սպառնացել են, թե նայի, էլ երթի չմասնակցես, դու թոռ ունես, երեխա»:
Հեռախոսազանգերին պատասխանող իրավաբան Անի Ներսիսյանը թվարկեց մի քանի օրինակներ, որոնք ստացել էր ետընտրական շրջանում:
Նա պատմեց, որ երեկ իրենց բողոքել է հրազդանցի մի կին, որ ոստիկանության երկու աշխատակից առանց փաստաթուղթ ներկայացնելու եկել են ու իր խանութը փակել, կապարակնքել, ասել են, որ մինչեւ տղան չգա, չներկայանա մարտի 1-ի հետ կապված, խանութը չեն բացի: Իրավաբանները նրան առաջարկել են դիմում գրել բաժնի պետի անունով: Բողոքը գրել էր, սակայն ոստիկանությունում հրաժարվել էին ընդունել: «Այդուհանդերձ 20 րոպե հետո եկել, բացել են պլոմբները: Միաժամանակ հայտարարել են, որ նայի հանկարծ, որ տղայիդ բռենք , չփոշմանես»,-պատմեց իրավաբանը:
Մարտի 7-ին էլ մի 68-ամյա մարդու են տարել ոստիկանություն: Երբ թեժ գծի փաստաբան Նարինե Ռշտունին գնացել է պարզելու, թե ինչու են տանում, ասել են, թե. «Պետը ուզում է իր հետ խոսի»:
«Ինձ արգելեցին ներս մտնել: Ասացի`փաստորեն, դուք նրան ազատությունից զրկում եք: Եթե դուք երկու հոգով նրան ոստիկանական մեքենայով տանում եք, դա կոչվում է ազատությունից զրկել»,-այսօր ներկայացրեց Նարինե Ռշտունին: ժամը 9:20-ից մինչեւ 16:30 այդ տղամարդը մնացել է ոստիկանությունում, իսկ կազմված արձանագրության մեջ նշված է 1:30:
Ի դեպ, «Իրավական նախաձեռնության» փաստաբան Նարինե Ռշտունին, անդրադառնալով Հյուսիսային պողոտայում տեղի ունեցող ձերբակալություններին, նշեց. «Խոսք է գնում ապօրինի ազատազրկումների մասին: Ես չեմ կարող ասել ինչքան տոկոս էին, բայց մեր իմացած դեպքերով անգամ արձանագրություն չէր կազմվում: Եթե քաղաքացուն զրկում էին ազատությունից այս կամ այն պատճառով, ձերբակալությունը պետք է փաստաթղթերով ֆիքսվի: Եթե առանց ֆիքսելու բերում պահում են, դա քրեորեն պատժելի արարք է: Առանց ծանուցագրի գալիս տանում են, դա իրականում ապօրինի փաստացի ազատազրկում է: Անձը ինքը պետք է որոշի գնա, իրավանաբանի դիմի, թե ոչ»:
A1+
No comments:
Post a Comment