Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան մտնել արդեն հնարավոր է միայն անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում: Դռան մոտ կանգնած էին դատարանի հսկիչ ծառայության կարգադրիչները եւ մի կին, որը ստուգում է ներս մտնողների պայուսակները: Հետաքրքրվեցինք կարգադրիչներից, թե ո՞րն էր խստացված ռեժիմի պատճառը: Մեզ պատախանեցին, որ մարտի 1-ի իրադարձությունների առիթով ձերբակալված Սուրեն Սիրունյանի մայիսի 5-ի դատավարության ժամանակ շենքում քաղաքացիները անկարգություններ են արել, դրա համար էլ կարգուկանոնն այստեղ ավելի խստացվել է: Ի դեպ, դատարանի շենքի տարածքում շրջում էին ոստիկանության աշխատակիցները, իսկ դատական նիստի ժամանակ բացի մեղադրյալին ուղեկցող ոստիկաններից, ներկա էին նաեւ դատարանի տասից ավելի հսկիչ-կարգադրիչներ:
Իսկ այսօր դատարանում քննվում էր ՀՀ «Քրեական օրենսգրք»-ի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով / իշխանության ներկայացուցչի դեմ ոտնձգություն/ մեղադրվող Միսակ Հովակիմյանի եւ Սողոմոն Երիցյանի գործերը:
Երկուսի դատավարություններն էլ այսօր հետաձգվեցին` Հովակիմյանի դեպքում դատախազ Արամ Ամիրզաքյանի, իսկ Երիցյանի դեպքում՝ դատապաշտպան Հարություն Բաղդասարյանի բացակայության պատճառով: Հովակիմյանի դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 19-ին ժամը 13:00-ին, իսկ Երիցյանինը՝ մայիսի 26-ին, ժամը 14:00-ին:
Սողոմոն Երիցյանի հարազատներից մեզ պատմեցին, որ Երիցյանը մարտի 1-ին շատ պատահական է եղել Հյուսիսային պողոտայում, երբեք չի մասնակցել հանրահավաքներին, երթերին: Սողոմոնը Ճամբարակ գյուղից Երեւան էր եկել ավտոպահեստամաս գնելու: Հարազատների պատմելով՝ երբ ոստիկանները մոտեցել են, բոլորը սկսել են փախչել, իսկ Երիցյանը՝ ոչ՝ մտածելով, որ քանի որ անմեղ է, ուրեմն մտահոգվելու կարիք չկա: «Մինչ այժմ մեզ համար անհայտ է՝ ի՞նչ պատճառով է Սողոմոնը ձերբակալվել: Դատապաշտպանը միջնորդություն էր ներկայացրել խափանման միջոցը փոխելու համար, որը դեռ չի քննվել»,- մեզ հետ զրույցում ասաց Սողոմոնյանի եղբայրը:
No comments:
Post a Comment