Friday, May 30, 2008

Վկան ոչինչ չէր հիշում

«Ազատություն», «Արդարություն» եւ «Վարդգես, Վարդգես» բացականչություններով դիմավորեցին Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճ իրանահայ Վարդգես Գասպարիի մուտքը ներկաները:

Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարիին մեղադրանք է առաջադրվել Քր օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոտնձգություն:

Այսօր շարունակվեց նախորդ դատական նիստին կիսատ մնացած` վկա, մարտի 1-ին Արաբկիրի ոստիկանության օպերլիազոր, Կենտրոնի քննչական վարչության քննիչ Էդգար Պետրոսյանի hարցաքննությունը:

Վկան պատմում էր, որ ամբաստանյալին բերման է ենթարկել մյուս վկա Գարիկ Հովնանյանի հետ: Իսկ բերման ենթարկվածի ստորագրությունը արձանագրության տակ կա, թե ոչ, վկան չէր հիշում: Նա չէր հիշում նաեւ թե ինչ տեսակի մեքենայով են ամբաստանյալին տարել Կենտրոնի, ապա Ոստիկանության Արաբկիրի բաժին: Դա առաջացրեց նաեւ դահլիճի դժգոհությունը: Դատական նիստին ներկա գտնվողները ասում էին, որ այս վկան համարյա բոլոր դատավարություններին հանդես է գալիս իբրեւ վկա: «Վկայի դիպլոմ տվեք»,- հնչեց շարքերից: «Ես երկու հատ ունեմ»,- պատասխանեց վկան` նկատի ունենալով իր բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմները:

Նշենք, որ վկայի նախաքննական ցուցմունքները հիմնականում չէին համապատասխանում այսօր նույն հարցերին տված պատասխաններին:

Վկան նշեց, որ Վարդգես Գասպարին բերման է ենթարկել նույն արտաքինով, ինչ հիմա է: Բայց հիմա Վազգեն Գասպարին չունի բեղեր, այլ ունի մորուք:

«Ես կասկածում եմ, որ հենց դուք եք ինձ բերման ենթարկել»,- ասաց ամբաստանյալը:

Երբ պաշտպան Մուշեղ Շուշանյանը վկային ասաց, որ գծագրի վրա նշի, թե քաղաքի որ մասում է բերման ենթարկել, նա չնշեց, նրան ներկայացրին ավելի լավ պատկերված քարտեզ, ասաց, որ սրա վրա էլ պարզ չի երեւում, իսկ երբ նրան սպիտակ թուղթ առաջարկվեց այդ վայրը նշելու համար, նա հրաժարվեց գծել:

Վկան չէր հիշում, որ մարտի 1-ի նախաքննության մեջ նշել էր բերման ենթարկելու ժամը. այսօր ասաց, որ ինքը աշխատանքի է եղել եւ չէր կարող ցուցմունք տալ:

Վկան չէր հիշում , թե իրենց հրաման ստանալուց հետո քանի հոգով են գնացել Օպերայի տարածք, բերման ենթարկելուց մեքենայի որ մասում է նստած եղել Վարդգես Գասպարին: Նա նշեց, որ Գասպարին բռնել է իր ձեռքերը եւ քաշքշել, սակայն նրա կյանքին սպառնացող հարված չի հասցրել: Նույնիսկ դատավորն էր ծիծաղում վկայի պատասխանների վրա:

Դատավարության վերջում Վարդգես Գասպարին հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, որ կվերանայի իր եւ իր պաշտպանի մասնակցության հարց դատավարությանը, քանի որ, ըստ նրա, այս բոլոր դատավարությունները արդարացի չեն եւ «բոլոր գործերը սարքված են»: Դատավարությունը հետաձգվեց մինչեւ հունիսի 9-ը, ժամը 14-ը:

No comments: