Մարտի 1-ի գործով մեղադրվող ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Առաքելյանի դատավարությունն այսօր սկսվեց շուրջ 1 ժամ 10 րոպե ուշացումով: Դատավոր Գայանե Կարախանյանի դահլիճ մտնելուց քիչ առաջ ոստիկանության աշխատակիցներից մեկը փորձեց լրագրողներին նրանց համար նախատեսված տեղից հանել, քանի որ նրա ասելով՝ գործով վկաները պետք է գան նստելու: Դահլիճում ներկա գտնվողներն ընդվզեցին, որ ամեն մի օր «մի բան մոգոնում են ու նորանոր խոչընդոտներ առաջացնում»: «Հերիք եղավ. բավական չէ՞ կյանքներս ուտեք»,- բացականչեց ներկա գտնվող կանանցից մեկը»: Ոստիկանն անարդյունք հեռացավ, որից հետո դատական դահլիճ բերեցին Դավիթ Առաքելյանին: Դահլիճը հոտնկայս սկսեց ծափահարել ու վանկարկել նրա անունը: Նիստի հենց սկզբից դատապաշտպան Սեդա Սաֆարյանը փորձեց պարզել, թե դատախազ Կորյուն Փիլոյանը ինչ սկզբունքով է մասնակցում այս դատավարությանը:
Դատապաշտպանը պահանջեց, որ իբրեւ մեղադրող կողմ հանդես գա անձամբ ՀՀ գլխավոր դատախազ՝ Աղվան Հովսեփյանը: Սակայն դատախազն արդարացավ՝ ասելով, որ գոյություն ունի դատախազների աշխատանքային խումբ, որը զբաղվում է այս գործերով եւ ինքը այդ խմբի անդամ է: Ըստ այդմ՝ ՀՀ գլխավոր դատախազն իրեն է լիազորել մասնակցել այս դատավարությանը: «Եվ հետո՝ դատապաշտպանի իրավասություններից դուրս է ՀՀ գլխավորդատախազին ցուցումներ տալը»,- ավելացրեց դատախազ Փիլոյանը:
Դատավոր Կարախանյանը հիմք ընդունեց դատախազի ասածը եւ դատապաշտպանի միջնորդությունը մերժեց՝ պատճառաբանելով, որ դատախազի մասնագիտական հմտությունների վրա ոչ մեկը չի կասկածում: Դատապաշտպանի մյուս միջնորդությունը՝ խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին, եւս մերժվեց: Այնուհետեւ՝ դատապաշտպան Սաֆարյանը նկատեց, որ սկսվել է արատավոր մի պրակտիկա՝ նույն գործով մի քանի մեղադրյալների գործեր մեկուսացվել ու առանձին-առանձին են քննվում: Օրինակ՝ նա նշեց, որ Մասիս Այվազյանը, Վարդգես Հայոցյանը, Արամ Մանուկյանը, Լեւիկ Խաչատրյանը եւ եւս երեք հոգի դեպքի օրը եղել են այնտեղ, որտեղ ոստիկաններն իրենք են հարվածել ու ծանր մարմնական վնասվածքներ հասցրել Դավիթ Առաքելյանին: Իրավապահներն, ըստ նրա, հարվածել են իր պաշտպանյալին նաեւ այն մեքենայում, որով նրանց տեղափոխել են ոստիկանության բաժին:
Դատապաշտպանը պահանջեց, որ ակատեսներն իբրեւ գործով վկաներ եւս մասնակցեն այս գործի քննության եւ ցուցմունքներ տան: «Նրանք կարող են լիարժեք ցուցմունքներ տալ, որը կարող է նպաստել գործի քննությանը: Այդ ցուցմունքները կարեւոր են մեղադրանքի գնահատման համար: Նրանք կարող են վկայել, որ Առաքելյանը ոչ թե ինքն է հարվածել, այլ իրավապահներն են ծեծել նրան: Ըստ այդմ՝ պահանջում եմ, որ գործով վկաների դիրքորոշման արտահայտման համար հավասար պայմաններ ստեղծվեն»,- հայտարարեց դատապաշտպանը: Նա նաեւ միջնորդեց, որ պատճենահանվեն նախաքննության մարմնին տված նրանց գրավոր ցուցմունքներն ու կցվեն այս գործին: Ինչպես նաեւ՝ քրեակատարողական հիմնարկներից, ՀՀ ոստիկանության կենտրոնի բաժանմունքից եւ ժամանակավոր պահման մեկուսարանից Սաֆարյանը դատարանից խնդրեց պահանջել դատաբժշկական փորձաքննության արդյունքում արված նկարներն ու ռենտգենի պատճենները, որոնք կվկայեն Առաքելյանի ստացած մարմնական վնասվածքների մասին:
Դատավորն առանց ժամկետ նշելու գնաց քննարկելու այս միջնորդությունը:
A1+
No comments:
Post a Comment