Friday, May 16, 2008

Ի՞նչ հետևանքներ էին կանխում իշխանությունները մարտի 1-ին

«Ի՞նչ է, մինչեւ մարտի 1-ը ժողովուրդը որեւէ ուժ կիրառե՞լ էր, որեւէ պատկան կառույցի վրահարձակվե՞լ էր, ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների իրա արդյունքները, սակայն ժողովուրդը որեւէ բռնության չգնաց: Իշխանությունները հայտարարում են, որ մարտի 1-ին ուժ կիրառվեց` ավելի մեծ վտանգ կանխելու համար, սակայն այդ ուժի կիրառումը արդարացված չէր: Մարտի 1-ը կեղծված ընտրությունների հետեւանքն էր»,- այսօր ի պատասխան մարտի 1-ին ուժի կիրառման վերաբերյալ իշխանությունների բացատրություններին այսօր հայտարարեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Քանի որ մարտի 1-ին ուժ կիրառելու բացատրությունը փորձել էր տալ Ռոբերտ Քոչարյանը եւ նշել, որ ավելի ծանր հետեւանքներն են փորձել կանխել` Ստեփան Դեմիրճյանը հարց ուղղեց. «Իսկ ո՞ր ծանր հետեւանքներն էին կանխում: Իշխանությունը խաղաղ ճանապարհով կորցնելո՞ւ»: Պարոն Դեմիրճյանը վստահեցրեց, որ երբեք հնարավոր չէր լինի այդքան մարդ հավաքել, եթե մարդիկ վիրավորված չլինեն ընտրությունների անցկացումից եւ հրապարակված արդյունքներից:

ՀԺԿ առաջնորդն այսօր անդրադարձավ նաեւ իշխանությունների այն տեսակետին, թե հանրահավաքի ընթացքում ընդդիմությունը բռնության կոչեր է արել եւ նշեց. «Միտինգը գիտական սեմինար չէ: Նախ իշխանությունները թող մտածեն, թե ինչու հանրահավաք տեղի ունեցավ: Այդ միտինգներին կարող է եղել են արտահայտություններ, որ անձամբ ինձ էլ դուր չեն եկել, ի՞նչ է դրանք որեւէ մեկին թույլ են տալիս ընտրությունները կեղծելո՞ւ կամ սպանելո՞ւ»:

ՀԺԿ առաջնորդը ընդգծեց, որ մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո երկրում առաջացած ճգնաժամը հաղթահարված չէ. «Մարտի 1-ի դեպքերի հետեւանքները վերացնելու համար, անհրաժեշտ է անկախ եւ օբյեկտիվ հետաքննույթուն անցկացնել: Դա է հասարակության պահանջը»: Նա գտնում է, որ պետք է եւ հնարավոր է պարզել, թե ով է հրահանգ տվել կրակել, ով է ուժ կիրառել. «Մարդիկ սպանվել են կոնկրետ գործողությունների արդյունքում եւ ամեն մի դեպք պետք է դառնա քննության առարկա: ԱռայԺմ մենք այս հարցում չենք տեսնում օբյեկտիվություն»:

ՀԺԿ նախագահը համամիտ է, որ երկխոսության համար հիմք կարող է ծառայել ԵԽԽՎ բանաձեւը, սակայն արձանագրում է, որ այս ուղղությամբ որեւէ լուրջ քայլ ՀՀ իշխանությունները չեն անում: «Ճգնաժամը հաղթահարկելու, երկխոսություն սկսելու համար կոնկրետ քայլեր ենպետք, խոսակցություններով երկխոսություն չի լինում»:

Ստեփան Դեմիրճյանը նկատեց, որ ՀՀ իշխանությունները միշտ էլ անտեսել են ԵԽԽՎ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների հորդորները, հակառակ դեպքում եթեր կվերադառնար «Ա1+» հեռուստաընկերությունը կամ կպատժվեին նախորդ ընտրությունների կեղծարարները: Երկրում ստեղծված իրավիճակը մեղմելու համար` Ստեփան Դեմիրճյանը համարում է, որ առաջին քայլը պետք է լինի բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը: Այսօր լրագրողները ՀԺԿ նախագահից փորձեցին պարզել, թե ինչպես է ընդդիմությունը պատրաստվում շարունակել իր պայքարը, արդյոք ունի մշակված քայլեր:

«Ըստ էության սա ընդդիմության պայքարը չէ, սա հասարակության պայքարն է իր իրավունքների համար», - նշեց ՀԺԿ նախագահը եւ ավելացրեց, որ ընդդիմությունը առաջնորդելու է հասարակության պայքարը` օրինական ճանապարհով:

Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ ԵԽԽՎ-ին ցույց տալու համար, թե չեն անտեսում բանաձեւում ընդունված դրույթները ընդդիմության ներկայացուցիչներին սկսել են եթեր տրամադրել. «Ես հույս ունեմ, որ դա ժամանակավոր բնույթ չի կրի»:

Ինչ վերաբերում է Հայ Ազգային Կոնգրես ստեղծելու մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչին, ապա Ստեփան Դեմիրճյանը ողջունում է այդ առաջարկը եւ կարծում է, որ քաղաքական ուժերը պետք է համախմբվեն, սակայն մեկ կուսակցության ստեղծման գաղափարի մասին կարծում է վաղաժամ է խոսելը:

Դեմիրճյանը կարծում է, որ երկրում ստեղծված իրավիճակը էականորեն կարող է փոխվել միայն համապետական ընտրությունների ացկացմամբ: Ինչ վերաբերում է առաջիկա թաղապետի ընտրություններին, ապա ՀԺԿ առաջնորդը դրանց լուրջ չի վերաբերում եւ համարում է, որ եթե իշխանությունները իսկապես ցանկանում են մեղմել ստեղծված իրավիճակը, ապա կարող են ընդունել «Երեւանի մասին» օրենքը: Իսկ կառավարության գործունեությանը ՀԺԿ նախագահը խոստացավ մանրամասն անդրադառնալ կառավարության 100 օրը լրանալուց հետո, իսկ այսօր միայն նշեց, որ կառավությունում առանձապես փոփոխություններ տեղի չեն ունեցել:


A1+

No comments: