Sunday, May 18, 2008

Խորացնում են կասկածները

Հայաստանի բոլոր քաղաքացիները, անկախ իրենց քաղաքական հայացքներից, ընդունում են, որ ամենաողբերգական բանը, որը տեղի է ունեցել մարտի 1-2-ին, մարդկային զոհերն էին: Եվ դա շատ բնական է. ցանկացած առողջ, նորմալ անձնավորության համար մարդկային կյանքը ամենաթանկ բանն է, իսկ կյանքից զրկելը՝ ամենասարսափելի հանցագործությունը: Բայց արի ու տես, մեր իրավապահները այս երկուսուկես ամսվա ընթացքում զբաղվում են ամեն ինչով, բացի այդ հանցագործությունները բացահայտելուց: Դատվում են, կալանավորվում են, բերման են ենթարկվում հազարավոր մարդիկ՝ զանազան պատճառաբանություններով եւ ամենատարբեր «մեղքերի» համար. մեկը ձեռքին փայտ էր բռնել, մյուսը հանրահավաքում, իշխանությունների կարծիքով, «սխալ բաներ» էր խոսել, երրորդը տանը 30 հատ փամփուշտ ուներ, չորրորդը հանդգնություն էր ունեցել փող փոխանցել Տեր-Պետրոսյանի նախընտրական հիմնադրամին, հինգերորդը «դիմադրել» էր մահակներով եւ էլեկտրաշոկով զինված ոստիկաններին եւ այլն, եւ այլն:

Սակայն 45 օրվա ընթացքում դատախազության հատուկ քննչական խումբը չի հայտարարել. «Ահա այս մարդը (կամ այս ոստիկանը) կրակել էր ահա այս քաղաքացու վրա, որի հետեւանքով վերջինս մահացել է: Իսկ ահա այս պաշտոնատար անձը հրաման է արձակել կրակել քաղաքացիների վրա»: Քանի այս պարզագույն հարցերի պատասխանը չկա, հասարակությունը վստահություն չի ունենա իրավապահների գործողությունների նկատմամբ, մասնավորապես՝ չի հավատա, որ նրանք առաջնորդվում են միմիայն հանցագործությունները բացահայտելու ձգտումով եւ ոչ՝ քաղաքական պատվերներով: Ավելին՝ սպանությունները չբացահայտելով, իրավապահները խորացնում են այն համոզմունքը, որ մարդկային զոհերի մեղքը բացառապես իշխանություններինն է:


ԱՌԱՎՈՏ

No comments: