
Մեր ձեռքում է մեր երկրի բախտը. չկա աշխարհում մի հզոր ուժ, որ մեզ դուրս քշի հայրենի հողից` միայն թուլամորթ մարդիկ են հաշտվում հայրենազրկության հետ: Իմ սեփական ես-ից ավելի պաշտելի է իմ հայրենիքը: Նվիրյալից պահանջվում է նրա սիրուց բացի` աշխարհում ուրիշ մեկը չճանաչել, նրա ցավից բացի` ուրիշ ցավերով չվշտանալ: Հայրենիքի թշնամու դեմ կռվելը, նրա ազատության համար մեռնելը սրբազան պարտք է, բայց եղբայրասպանությունը մի ոճիր է` Աստծուց ու մարդկանցից անիծված:
Հիմա մեր ժողովրդի մեջ ստեղծվել է արհեստական թշնամություն, իսկ սերն ու եղբայրական զգացմունքը բնական եւ շատ ավելի ուժեղ է, քան թե կարծում են մի քանի «օտարներ»: Մեր երկրում կայանում են տեր ու ծառայի հարաբերություններ, դրա համար էլ մեր կյանքը նողկալի է դարձել: Մի քանի անկուշտ մարդիկ ցանկանում են մեզանից խլել ճշմարտությունը եւ ազատությունը: Ճշմարտությունը հասարակության բուն կապն է. դա որ չլինի` հասարակությունը կքայքայվի, քաոս կդառնա. ստով ու կեղծիքով ոչ մարդ կարելի է կառավարել, ոչ ազգ: Ազատությունը երբեք չի շնորհվում. այն կամ խլում են քաջությամբ կամ վաստակում ջանք ու ջիղով: Շնորհված ազատությունը շատ շուտ է կորսվում: Հիմա ես համոզվում եմ, որ մեր ժողովուրդը բարոյապես քայքայված չէ, այլ առանձին անհատներ են բարոյապես քայքայված: Ժողովրդի մի մասին հիմարացրել են` առանց հասկանալու, որ անհնար է ամբողջ ժողովրդին հիմարացնել մշտապես: Պայքարը հայերիս համար դարձել է ապրելու ձեւ, մենք պայքարում ենք մի համակարգի դեմ, որի անունն է կոռումպացված դիկտատուրա, որը հենվում է բռնության վրա եւ կաշկանդված չէ ոչ մի օրենքով:
Մեր հայրերի հիմնադրած հավատի սահմանները ոչ ոք չի կարող խախտել: Մեր պայքարի հաղթանակը մեր հավաքական ուժի մեջ է: Հայրենիքի սերը եւ նրա ազատության միտքը պետք է գերակա լինեն բոլոր գործողությունների դեպքում եւ ամեն ինչ պետք է զոհաբերվի ազատության նպատակին: Մենք չպետք է հոգնենք եւ պետք է միշտ կռվենք եւ ամեն ինչ հաղթահարենք, որպեսզի ինքներս մեզ արդարացնենք մեր աչքում, որպեսզի իրավունք ունենանք ապրելու, համոզվենք, որ մեր ազգի անցյալը, ներկան եւ ապագան կերտել ենք մենք եւ ոչ թե տարերքի կույր ուժը: Մենք պետք է հավատանք մեզ, մեր ուժին, իսկ այդ հավատը ձեռք է բերվում խոչընդոտները հաղթահարելով, կամքը դաստիարակելով, այն մարզելով: Որպեսզի իրավունք ունենաս ժողովրդի առջեւ խոսելու` պետք է հոգուդ մեջ ունենաս կամ ատելություն` նրա պակասությունների, տանջանքների հանդեպ կամ մեծ սեր դեպի նա: Իսկ եթե քո հոգում այդ համոզմունքները չկան, համեստ եղիր եւ շատ մտածիր` նախքան մի բան անելդ: Այսօրվա գործը լավ հասկանալու համար անհրաժեշտ է գիտենալ, թե ինչ է արված երեկ: Այլ խոսքերով` բավական չէ ծանոթանալ տեսության հետ, հարկավոր է նաեւ գիտենալ փաստերը, որոնց վրա նա կառուցված է եւ ելնում է նրանցից: Հասարակական իրավիճակները ստեղծվում են մարդկանց մտածողությամբ ու կամքով, մարդը ձգտում է ստեղծել կյանքի այնպիսի պայմաններ, որոնք բոլորին եւ յուրաքանչյուրին հավասար հնարավորություն կտան աճեցնելու բոլոր ուժերը եւ ընդունակությունները, այնպիսի պայմաններ, որոնք կոչնչացնեն սոցիալական անհավասարության առաջացման բոլոր պատճառները: Փորձիր պարտքդ կատարել եւ դու կիմանաս, թե ինչի ես ընդունակ:
Համընդհանուր խաղաղություն ստեղծելը ոչ միայն օրվա հրամայականն է, այլեւ բոլոր մարդկանց անխուսափելի ապագան: Դրան հասնելը կարելի է եւ արագացնել, եւ դանդաղեցնել. դա եւս մարդկանց ձեռքումն է: Երիտասարդություն, նորոգեք մարդկությանը, որ բախտավոր ապագա ունենանք: Այսօրվա կորցրած ամեն մի ժամը ապագայի համար դժբախտության դուռ է բացելու: Մի կասկածեք ձեր ուժերին, կասկածը վհատեցնում եւ ջլատում է, կապում է ձեր ձեռքերը եւ դատապարտում անգործության:
Ամենամեծ կորուստը, որ կարելի է ունենալ` ժամանակի կորուստն է: Մեր հայրենիքը մեզ ամենից առաջ հետաքրքրում է իր ապագայով, որի համար մենք պայքարում ենք:
Zhamanak.com
No comments:
Post a Comment