Monday, May 5, 2008

Դատական նիստ առանց մեղադրյալի

Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանն այսօր դռնփակ նիստում անփոփոխ թողեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի խափանման միջոցը` կալանքը 2 ամսով կրկին երկարաձգելու մասին Կենտրոն եւ Նոր-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Դատական նիստը ոչ միայն դռնփակ էր լրագրողների եւ Կարապետյանի հարազատների համար, այլեւ նիստին թույլ չէին տվել մասնակցել անձամբ Արամ Կարապետյանին:

«Պատճառն այն է, որ ոչ քննիչը եւ ոչ էլ դատավորը որեւէ հիմնավոր պատասխան չունեն տալու եւ այդ իսկ պատճառով էլ նիստը դռնփակ են անում»«- ասաց ՆԺ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը: Ամբողջ դատական նիստի ընթացքում դատարանի շենքի մոտ ԱրամԿարապետյանի համախոհները եւ հարազատները վանկարկում էին. «Ամոթ», «Ազատություն Արամին», «Ազատ, անկախ Հայաստան», «Պայքար, պայքար մինչեւ»:

Արամ Կարապետյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանը «Ա1+»-ին հայտնեց, որ դատական նիստի ընթացքում մեղադրող կողմը հայտարարել է, թե քաղբանտարկյալների լուսանկարներով եւ պաստառներով ժողովրդի ներկայությունը դատարանի շենքի մոտ ճնշում է դատավորի վրա: Նիստը նախագահել է դատավոր Մարտիկ Ռեհանյանը, եւ ժողովրդի վանկարկումները չեն ազդել նրա որոշման վրա:

Հիշեցնենք, որ Արամ Կարապետյանը ձերբակալվել է փետրվարի 24-ին եւ նրան մեղադրանք է առաջադրվել Քր. օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասով` սուտ մատնություն անելու համար: Սուտ մատնություն ասելով` քննչական մարմինները նկատի ունեն մատնություն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դեմ:

«Եթե Արամ Կարապետյանին մեղադրում են սուտ մատնության մեջ, ապա Գլխավոր դատախազությունն առնվազն պետք է Արամ Կարապետյանի հայտարարության մեջ նշված անձանց` Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանի տխրահռչակ խնամուն` Վլադիմիր Բադալյանին, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին հրավիրեն հարցաքննության: Թող պարզեին` այդ մարդիկ վիրավորվե՞լ են Արամ Կարապետյանի հայտարարություններից, թե՞ ոչ»:

ՆԺ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը պնդում է, որ Արամ Կարապետյանի նկատմամբ իրականացվող գործողությունները` զուտ քաղաքական հետապնդումներ են: Հրաչյա Սարգսյանը հիշեցրեց, որ ժամանակին Արթուր Բաղդասարյանն էլ էր քննադատում այս իշխանություններին.»Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը Արթուր Բաղդասարյանին որակավորեց դավաճան: Արթուր Բաղդասարյանը մեկ տարի հետո հայտարարեց, որ իր նկատմամբ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մահափորձ են կազմակերպել: Արդյունքում, Բաղդասարյանին տարան դատախազություն` ուժեղացրեցին նրա պաշտպանությունը, «Ջիպ» տվեցին: Հետո էլ որոշեցին, որ նա շատ լավ Անվտանգության խորհրդի քարտուղար է եւ նրան պաշտոն տվեցին: Դա նշանակում է, որ մեր իրականության մեջ ով վաճառվում է` նրան պաշտոն են տալիս, իսկ ով ոչ` պատժում են»:

Ի դեպ, Հրաչյա Սարգսյանը «Ա1+»ին տեղեկացրեց, որ Արամ Կարապետյանի բնակարանում դիմակավորների եւ զինվածների կողմից խուզարկություն կատարելուց հետո` Կարապետյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է եւ մինչ օրս ծանր է:

Արամ Կարապետյանի փաստաբանը պատրաստվում է բողոքարկել նաեւ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը:


A1+

No comments: