«Երեւան- Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքի տակ գտնվող, հացադուլ հայտարարած Հակոբ Հակոբյանի խնդրանքով քրեակատարողական հիմնարկ է հրավիրվել նրանց ընտանեկան բժիշկ Արտաշ Սանոսյանը եւ քրեակատարողական հիմնարկի բուժծառայության մասնագետների հետ միասին անցկացրել բժշկական զննություն: ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը «Ա1+»-ին հայտնեց, որ զննության արդյունքում Արտաշ Սանոսյանը հայտնել է, որ Հակոբ Հակոբյանի առողջությանը որեւէ վտանգ չի սպառնում, եւ նա բավարար վիճակում է:
Արսեն Բաբայանը նաեւ հայտնեց, որ «Հակոբ Հակոբյանն այսօր, մայիսի 5-ին բանավոր հայտարարությամբ հրաժարվել է հացադուլից, հայտնելով, որ մայիսի 6-ին այդ հայտարարությունը կներկայացնի գրավոր ձեւով»:
Աժ պատգամավոր Հակոբ Հակոբյանը հացադուլ է անում ապրիլի 27-ից:
Ի դեպ, շաբաթ օրը Մալաթիա- Սեբաստիայի ոստիկանության բաժին 4 անձանց բերման ենթարկելու փաստը Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության անդամ Ռուզան Խաչատրյանը համարում է պատգամավոր Հակոբ Հակոբյանի դեմ փաստեր «սարքելու» փորձ:
«Ինչքան ես հասկացա, նրանք փորձում են փաստեր հավաքել՝ չունենալով այդպիսի փաստեր Հակոբ Հակոբյանի դեմ»,- ասաց նա:
Բերման ենթարկվածների մեջ եղել է նաեւ ՀԺԿ անդամ Սամվել Թադեւոսյանը, որին վաղ առավոտյան, առանց ծանուցագրի տարել են բաժին եւ այնտեղ պահել մինչեւ ուշ երեկո,որից հետո ազատ արձակել:
Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Ռուզան Խաչատրյանը, նրան բերման են ենթարկել ընդդիմության միտինգներին, նաեւ մարտի 1-ին ինքնաբուխ հանրահավաքին ակտիվ մասնակցելու համար:
«Այսինքն շարունակում են իրենց նույն մեթոդը, այսինքն ԵԽԽՎ բոլոր պահանջները, որ դադարեցնեն հետապնդումները, մարդկանց բերման ենթարկելը, քաղբանտարկյալներին ազատ արձակեն, բոլորը բացարձակ զրո են , ոչ մի իմաստ չունեն, որովհետեւ նրանք շարունակում են բերման ենթարկել ընդդիմադիրներին»,-եզրափակեց Ռուզան Խաչատրյանը:
A1+
No comments:
Post a Comment