«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի` դատապարտյալներին պայմանական - վաղաժամկետ ազատման ներկայացնող հանձնաժողովը, օրերս քննելով նաեւ Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի գործերը, որոշել է, որ նրանք «դեռ չեն ուղղվել» եւ հետաձգել է նրանց գործերի քննությունը: Մինչդեռ Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեի հաղորդագրության համաձայն նույն նիստով հիմնարկի ղեկավարությունը ընթացք է տվել տարբեր ծանրության հանցանքներ կատարած մոտ 3 տասնյակ դատապարտյալների գործերինՙ:
Կոմիտեն հիշեցնում է, որ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից «Վարդաշեն» տեղափոխվելիս, անհեթեթ առիթով, ապօրինի նկատողություն էր հայտարարվել Ժիրայր Սէֆիլյանին, ինչը նրան 6 ամսով զրկել էր պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքից. Հիմա այդ ժամկետը լրացել է եւ ըստ կարգի «նկատողությունը» պետք է մարվեր եւ Սեֆիլյանին գոնե ձեւականորեն պետք է ներկայացնեին պայմանական վաղաժամկետ ազատման: Ինչո՞ւ ձեւականորեն: Որովհետեւ, եթե անգամ նրա հարցով դրական որոշում կայացվեր, ապա այն կիրագործվեր նրա բանտարկության վերջնաժամկետից ընդամենը 2 շաբաթ առաջ: Բայց հավանաբար վարչախմբի համար այդ 2 շաբաթն էլ շատ կարեւոր է:
Իսկ ահա Վարդան Մալխասյանին նկատողություն տալու նպատակով նրա բանտախցում 6 ամիս առաջ անցկացված խուզարկությունը որեւէ արդյունք չէր տվել, նրան մինչ օրես նկատողություն չեն հայտարարել ու այս բոլոր ամիսներին զրկել են պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքից տարբեր անօրինական հիմնավորումներով, ինչպես օրինակ` «ժամանակ է պետք Մալխասյանի վարքը ուսումնասիրելու համար», այն դեպքում, երբ նա արդեն կրել է իր երկամյա պատժի երկու երրորդը, ինչը բավարար ժամանակ էր որեւէ մարդու վարքը ուսումնասիրելու համար:
A1+
No comments:
Post a Comment