Friday, May 2, 2008

Քաղաքացիների մի մեծ խումբ մնաց դրսում

«Լե-վո՛ն, Լե-վո՛ն» վանկարկումներով ու ծափողջույններով դիմավորեցին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին կառավարության շենքի ետնամասում` Կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ հավաքված քաղաքացիները: Չնայած հրավիրատոմսերի առկայությանը` քաղաքացիների մի մեծ խմբի չհաջողվեց մտնել ներս, քանի որ ներկաների թիվը ավելի շատ էր, քան նստատեղերն ու կանգնելու տեղերը: Կառավարության նիստերի դահլիճում ժամը 12-ին սկսվել է Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսը:
«Ես հրավիրատոմս չունեմ, սակայն ուզում եմ լսել իմ ընտրած նախագահին, դրա համար եմ եկել: Ճիշտ է`չեմ կարող բարձրանալ վերեւ, բայց գոնե ներքեւից կծափահարեմ, որ ցույց տամ իմ աջակցությունը»,- նշեց երեւանցի 63-ամյա Սիլվարդը: 45-ամյա Սեդրակն էլ ուներ մուտքի տոմս, սակայն տեղերն էին լրացել, դրա համար մնացել էր դրսում: «Կարեւոր չէ, ներսում եմ, թե դրսում, կարեւորը հոգով եւ գաղափարներով նրանց հետ եմ: Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, սկսած սննդամթերքի թանկացումից վերջացրած գազի գնի թանկացումը, դեռ շատ շատերին է բերելու փողոց: Փոխանակ քաղաքացիներին ընդառաջ գան այս իշխանությունները, դեռ ավելի շատ բենզին են լցնում կրակի վրա»,-ասաց նա: «Մարտի մեկից հետո ես շատ եմ սպասել այս օրվան, ինձ հետաքրքիր է, թե ինչ է առաջարկելու մեր ընտրյալը, քանի որ այսպես այլեւս ապրել հնարավոր չէ»,- իր ներկայությունը պատճառաբանեց մարզից եկած մի քաղաքացի, որը չցանկացած ներկայանալ:

Քաղաքացիների մի մասը կանգնել էր շենքի դիմահայաց հատվածում գտնվող Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակի աստիճանների վրա, որպեսզի այդտեղից ավելի լավ երեւա, թե ինչ է կատարվում երկրորդ հարկում:

Նշենք, որ դրսում հավաքվածների անվտանգությունը ապահովում էին մի խումբ ոստիկաններ, իսկ մի փոքր ավելի հեռու` նախարարությունների շենքի առաջ կարելի էր տեսնել մի քանի ոստիկանական գազելներ` ոստիկաններով լցված:

Ի վերջո, քաղաքացիներին հնարավորություն տրվեց մտնել կառավարության շենքի նախասրահ, ուր նրանք ելույթները լսեցին բարձրախոսների միջոցով եւ միարժամանակ դիտում էին քաղբանտարկյալների նկարների «ցուցահանդես»:


A1+

No comments: