Saturday, May 17, 2008

Մեղադրյա՞լ, թե՞ տուժող` սա է խնդիրը

Երեկ քրեական դատարանում սկսվեց մարտի 1-ի իրադարձությունների առիթով հարուցված քրգործի շրջանակում Արամ Բարեղամյանի գործի քննությունը:

Նրան մեղադրանք է առաջադրվել քրօրի 225 հոդվածի 1-ին մասի, 316 հոդվածի 2-րդ մասի եւ 112 հոդվածի հատկանիշներով: Դատական նիստի նկարագրությանն անցնելուց առաջ հարկ է նշել, որ Կենտրոն, Շենգավիթ համայնքների, Գյումրիի, վերաքննիչ դատարանների համեմատությամբ, այստեղ մթնոլորտը համեմատաբար «թավշյա» էր: Դատավորները կարծես այնքան կոպիտ ու թշնամական չէին վերաբերվում ժողովրդին, ինչքան մյուս դատարաններում: Հատկանշական էր այն պահը, որ տեսնելով դատավարությանը մասնակցել ցանկացողների մեծ քանակը` կարգադրիչները այստեղից-այնտեղից աթոռներ ու նստարաններ բերեցին, որպեսզի բոլորին տեղավորեն դահլիճում: Արդյունքում` ոչ մեկը դուրս չմնաց, եւ մթնոլորտն էլ չլարվեց: Բայց կա մի բան, որ հատուկ է բոլոր դատարաններին` ինչպես ամենուրեք, այնպես էլ այստեղ դատավորներն ամենաչնչին առիթն օգտագործում են դատական պրոցեսը ժամերով ձգձգելու, անհամության աստիճան դատերը «ճլելու» համար: Օրինակ` երեկ ամբաստանյալ Բարեղամյանը այնպիսի միջնորդություն ներկայացրեց, որը ակնհայտորեն անհիմն էր եւ մերժվելու էր: Բայց դատարանը խորհրդակցական սենյակում անցկացրեց ուղիղ մեկուկես ժամ, չնայած ուրիշ դեպքում տաս րոպեն էլ էր նրան բավարարում: Նախորդ օրը, աշխատանքային օրվա ավարտը պատճառ բերելով, վերաքննիչը դադարեցրեց դատը` չնայած դեռ մեկ ժամից էլ ավելի ժամանակ կար աշխատանքային օրվա ավարտին: Սա խոսում է այն մասին, որ դատավորները հասկանում են, թե ինչքան կեղտոտ խաղի մեջ են իրենց ներքաշել, եւ հասկանում են, որ այդ կեղտոտ խաղի մեջ ամենակեղտոտ գործն արվում է իրենց ձեռքով, անմեղ մարդու վրա կրակող զինվորից հետո, իհարկե: Ուստի դժվարանում են ակնհայտ ապօրինի վճիռ կայացնել, որովհետեւ լավ հասկանում են, որ ռեժիմին քիչ, շատ քիչ ժամանակ է մնացել: Հասկանում են նաեւ, որ վաղը, Համաժողովրդական Շարժման հաղթանակից հետո, առաջին պատասխան տվողները իրենք են լինելու:

Դատաքննությունը սկսվեց Ա.Բարեղամյանի պաշտպանի` Հարություն Բաղդասարյանի միջնորդությամբ: Նա դատարանին միջնորդեց, որ սույն գործով մեղադրանքը դատարանում պաշտպանի ՀՀ գլխավոր դատախազը, քանի որ նա է հսկողություն իրականացրել քրգործի նախաքննության օրինականության նկատմամբ եւ հաստատել մեղադրական եզրակացությունը: Դատարանը այս հարցը չքննարկեց` համարելով, որ այդ պահին քննվում է մեղադրողին բացարկ հայտնել կամ չհայտնելու հարցը: «Ըստ էության սա բացարկ չէր մեղադրողին», - ասաց դատավորը:

Նրանից հետո միջնորդությամբ հանդես եկավ ամբաստանյալը: Քանի որ մեղադրող կողմը ներկայացված էր դատախազության երկու աշխատակիցներով, նա այդ փաստը գնահատեց որպես ճնշում եւ դատարանին միջնորդեց, որ մեղադրանքը պաշտպանի նրանցից միայն մեկը. «Էդ ես ի՞նչ եմ արել, որ երկու-երկու եկել ստեղ նստել եք: Ընդամենը մեկ վկա, ընդամենը մինախադասություն է ասել, ու էդ մի նախադասության հիման վրա էլ հոդված եք դրել ու դատապարտում եք 10 տարվա ազատազրկման: Պետական հանցագո՞րծ եմ, ի՞նչ եմ, որ երկուսով եք եկել դատելու», - իր միջնորդությունը հիմնավորեց Բարեղամյանը: Դատարանը, բնականաբար, մերժեց այս միջնորդության բավարարումը, սակայն բավարարեց գործի քննությունը հետաձգելու մասին պաշտպանի միջնորդությունը: Հետաձգման պատճառն այն էր, որ փաստաբանը պատշաճ չէր ծանուցվել եւ չէր հասցրել ծանոթանալ գործին: Դատից հետո փաստաբանը պատմեց, թե ի՞նչ է եղել իրականում: Մարտի 1-ի առավոտյան, երբ ոստիկանները ժողովրդին ծեծելով դատարկել են Ազատության հրապարակը, Արամը ետեւից գլխին հարված է ստացել եւ ուշաթափվել: Ինչ-որ մարդիկ նրան հանել են Թումանյան փողոց, իսկ այնտեղից տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկներն ախտորոշել են ուղեղի ցնցում: Որոշ ժամանակ հիվանդանոցում բուժում ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից եւ հենց նույն օրն էլ ձերբակալվել է: Մի ոստիկան նկարով, իսկ այնուհետեւ առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Արամը վտանգավոր դիմադրություն է ցույց տվել իրեն, ինչի պատճառով ինքը վնասվածքներ է ստացել: Եվ այսպես իրական տուժողը վերածվել է մեղադրյալի:

Ինչպես վերն ասացինք` փաստաբանի միջնորդությամբ դատը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա մայիսի 23-ին, ժամը 13-ին:


Zhamanak.com

No comments: