«Հայլուրից հետո» հաղորդաշարը այսօր հրավիրել էր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին, սակայն վերջինս հրաժարվել է մասնակցել այդ հաղորդմանը:-Ինչու՞: Չէ՞ որ դա հնարավորություն է անմիջականորեն դիմել բազմահազար հեռուստադիտողների եւ ասել այն, ինչն անհրաժեշտ կամ օգտակար եք համարում:
- Որեւէ պարկեշտ մարդ իրեն թույլ չի տա մասնակցել կեղծիքով, նենգափոխումներով ու հայհոյախոսությամբ իրեն վարկաբեկած ինչ-որ բանի հավելվածի: Առավել եւս` որ այդ գործելակերպը շարունակվում է մինչ օրս: Ժուռնալիստական էթիկայի տարրական խախտումներից մինչեւ բացահայտ անբարոյականություն` ահա հանրայինի, հայլուրի ու դրանց ներդիրների կամ հավելվածների գործելաոճը:
Երբ իրենք իրենց կսկսեն պարկեշտ պահել, երբ սուտն ու կեղծիքը անընդհատ չի հորդի Հ1-ի էկրանից, եւ դա ոչ թե մեկանգամյա ակտ կլինի, այլ նրանց համար կենսակերպ կդառնա` այդ ժամանակ կընդունեմ ցանկացած հրավեր ու սիրով կմասնակցեմ ցանկացած ձեւաչափի հաղորդման:
- Իսկ գուցե նրանք ցանկություն ունեն ուղղվելու եւ որոշել են սկսել հենց Ձեզ հետ հանդիպումից:
- Եթե նմանատիպ ցանկություն ունենային` 1-2 օր առաջ չէին նենգափոխի նախագահ Տեր-Պետրոսյանի խոսքը:
...Իսկ ինձ հրավիրել են, որովհետեւ որոշել են հերթական թոզը փչել եվրոպացիների աչքին, թե տեսեք-տեսեք...
Եվ ինչու՞ է իրենց թվում, թե ես պիտի համաձայնեմ, որ իրենց վարկը վերականգնելն իմ հաշվին լինի, իրենց թոզ փչելը` էլի իմ հաշվին, իրենց սեւը` ինձնով փորձեն սպիտակեցնել: Ես, իհարկե, անձնազոհ մարդ եմ, բայց իրենք դա որեւէ կերպ չեն վաստակել: Դրա համար էլ մերժել եմ հրավերը:
- Բայց հիմա էլ կասեն, թե խուսափել եք սուր հարցերից...
- Ով ինձ ճանաչում է` էդ ասածի վրա կծիծաղի: Ինձ համար սուր կամ բութ հարցեր չկան: Ինձ համար կան հարցեր` որոնց պատասխանները ես չգիտեմ: Եվ էդպիսի հարցերին միանգամայն անկեղծորեն պատասխանում եմ` «չգիտեմ»: Հարցերի մյուս մասն էլ այն է, որոնց պատասխանները ես գիտեմ. դրանց էլ պատասխանում եմ գիտեցածիս չափ ու էլի` անկեղծ: Ու դա գիտեն բոլորը: Ավելի ստույգ` բոլոր նորմալ մարդիկ:
Թե չէ` սու~ր, բու~թ...
zhamanak.com
No comments:
Post a Comment