Thursday, May 8, 2008

-Տարիներ շարունակ Դուք բացահայտ հայտարարել եք, որ դեմ եք ազատագրված տարածքները հանձնելուն, իսկ ՀՀ նախագահի ընտրություններից առաջ եւ հետո բոլորին կոչ էիք անում համախմբվել Տեր-Պետրոսյանի շուրջ, որին ժամանակին նույնպես քննադատել եք: Ի՞նչն է պատճառը, որ այսօր Դուք աջակցում եք Տեր-Պետրոսյանին:

- Նախ ասեմ, որ 1998-ի սկզբին առկա չէր այնպիսի մի վիճակ, որ Արցախի հարցի կարգավորման պատճառով Լեւոնը հարկադրված լիներ հրաժարական տալ: Համոզված եմ, որ նա բոլորովին այլ պատճառներով հրաժարական ներկայացրեց, որի մասին այսօր հիշատակելը նպատակահարմար չեմ համարում: Եթե փորձենք համեմատել մինչեւ 1998թ եւ դրանից այս կողմ, թե ինչպիսի փաթեթներ են դրվել բանակցությունների սեղանին, ապա կնկատենք, որ նոր փաթեթը միշտ նախորդից վատն է եղել: Սակայն չգիտես ինչու, այսօրվա ռեժիմի ջատագովները դրանք պարտվողական չեն համարել: Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն իրենց, խոհեմություն եւ համարձակություն ունեցավ բացահայտելու փակ-գաղտնի համարվող բանակցությունների միտքն ու էությունը: Իսկ սրանք, կերպարանափոխվելով ազգայնականի կեղծ դիմակի ներքո, ենթարկվեցին Մինսկի խմբի եզրակացություն-հանձնարարությանը, թե «նախագահները պատրաստ են խաղաղության, իսկ ժողովուրդները` ոչ»: Այդ մտքով Հայաստանի իշխանություններին հանձնարարվեց նախապատրաստել մեր ժողովրդին ընդունելու այդ դժվարին զիջումները: Իսկ ժողովրդին մշակելու պարտավորությունը ստանձնած հակահայ ռեժիմը, պաշտպանության նախարար Սերժիկ Սարգսյանի գլխավորությամբ, օգտագործելով քաղաքական ուժերի, զինվորականների, մտավորականների եւ այլոց կախվածությունը իրենցից, պարտադրեցին նրանց պաշտպանելու տարածքային զիջումների գիծը: Ի տարբերություն սրանց, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Արցախի հարցում, երբեք չի անցել քաղաքական բանավեճի սահմանը, իսկ այդ բանավեճում միշտ հղում է արել Արցախի իշխանություններին ու ժողովրդին, ասելով, որ վերջին խոսքը նրանցն է: Իսկ Քոչարյանի օրոք Արցախը ընդհանրապես դուրս եկավ գործընթացից եւ հարցերը որոշում էին 2 մարդ: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ազատագրված տարածքների վերաբնակիչներին տրվում էր հատուկ, բայց ոչ բավարար, ուշադրություն ու արտոնություններ, որի արդյունքում նրանց թիվը անընդհատ ավելանում էր, ապա սրանք կատարեցին ճիշտ հակառակը, վերացրեցին արտոնությունները, վարչակազմի ղեկավար նշանակեցին մի մարդու, որի` վերաբնակների նկատմամբ ունեցած ատելության պատճառով դրանց թիվը գրեթե կիսով չափ կրճատվեց:

Քաղաքականություն վերադառնալով, իհարկե, Տեր-Պետրոսյանը չի հրաժարվում իր նախկին արտահայտություններից, սակայն ավելացնում է, որ այս իշխանությունների վերջին 10 տարիների ապիկար գործունեության արդյունքում ստեղծվել է այնպիսի մի վիճակ, որ «այսուհետեւ ադրբեջանցիները ոչ մի զիջման չեն գնալու: Ես չգիտեմ ինչ է հնարավոր անել այս վիճակում»: Այսինքն Լեւոն Տեր-Պետրոսյանն ակնարկում է, որ չի շտապելու հարցը լուծել, ինչը նշանակում է նաեւ հարցի լուծման ձգձգում: Իսկ ահա Սերժիկը շատ ակտիվ է այս հարցում: Նա ասում է, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, որ տարածքները չենք ազատագրել, այլ գրավել ենք, որ հետո առեւտուր անելով հանձնենք: Նա նույնիսկ Մոսկվայում հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Բրյուսելում, բարձր մակարդակի հանդիպման ժամանակ, տառապելով նախագահ դառնալու մարմանջով եւ առաջ ընկնելով ժամանակներից, նա հայտարարեց, որ ինքն այսօր իսկ պատրաստ է ստորագրել առկա նախնական փաստաթղթի տակ: Իհարկե, որեւէ մեկի համար վաղուց գաղտնիք չէ, որ այդ սկզբունքների առանցքը կազմում է ազատագրված տարածքների հանձնումը հակառակորդին: Ես կտրուկ դեմ եմ այն մտքին, որ Լեւոնը Արցախը հանձնող նախագահ է: Դա իրականությանը բոլորովին չի համապատասխանում: Այո, նրա հետ Արցախի խնդրում մենք ունենք լուրջ տարաձայնություններ, որից հիմնականը կայանում է նրանում, որ մենք ընդհանրապես հրաժարվում ենք բանակցությունների սեղանին տեսնել տարածքային զիջումների հետ կապված որեւէ փաստաթուղթ: Միաժամանակ համոզված եմ, որ Տեր-Պետրոսյանը եւ նրա համախոհները, որպես հայ մարդիկ, իրենց սրտի խորքում նույնպես դեմ են տարածքներ զիջելուն, սակայն, ի տարբերություն մեզ, լինելով օգտապաշտ (պրագմատիկ) գործիչներ, նրանք համոզված են, որ առանց զիջումների խնդիրը չի լուծվի: Հետեւաբար, եթե նրանց ներկայացվի հարցի լուծման այլ ելք, որը հնարավոր կդարձնի առանց զիջումների իրագործել Հայաստանը արտաքին շուկաների հետ կապող երկաթգծի եւ այլ հաղորդակցությունների գործարկումը, ապա մեր կարծիքով իրենք կհամաձայնվեն այդ տարբերակին: Իսկ կա արդյո՞ք հարցի լուծման այդպիսի տարբերակ: Այո, կա այդ տարբերակը: Այս հակահայ վարչախմբին ասպարեզից հեռացնելուց հետո, մենք այն կդնենք շրջանառության մեջ, որը համոզված եմ, որ միաժամանակ կարժանանա նաեւ մեր ժողովրդի հավանությանը:

Այսօր, ի դժբախտություն մեզ, մենք չենք կարող պետություն անվանել գործող կառավարող համակարգը: Ես համոզված եմ, որ իշխանության գալով, Լեւոնը իր առաջնային խնդիրը չի համարելու Արցախի հարցի լուծումը: Նա գալիս է վերականգնելու մեր պետականությունն ու սահմանադրական կարգը: Այսօր նրա վերադարձին կողմ լինելը չի նշանակում կողմ լինել տարածքները զիջելուն: Կրկնում եմ, որովհետեւ այս հարցը ներառնված չէ «ավգյան ախոռները մաքրելու» ծրագրում: Ուստի այն վայրահաչությունները, թե իբր նա գալիս է Արցախը հանձնելու, ամբողջությամբ զրպարտանք են եւ տգիտության արդյունք: Ամփոփելով ուզում եմ կրկին անգամ հիշեցնել, որ հայկական ոչ մի իշխանություն չի համարձակվի հակառակորդին հանձնել հազարավոր մարտիկների կյանքի եւ արյան գնով ազատագրված մեր հայրենի տարածքները: Բայց եթե մի օր նման վտանգ առաջանա, ապա մենք մեր ժողովրդին ոտքի կհանենք տարածքներ զիջող իշխանության դեմ:

- Ի՞նչ խորհուրդ կտաք ժողովրդի այն հատվածին, որը չի ընդունում 2008թ. նախագահի ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ-ի հրապարակած տվյալները:

- Նախ ողջունում եմ մեր ժողովրդի այն հատվածին, ովքեր իրենց մասնակցությունը բերեցին համաժողովրդական շարժման հանրահավաքներին: Այս ռեժիմի տապալման միակ ձեւը վճռականորեն խաղաղ հանրահավաքներն ու երթերը շարունակելն է: Իսկ ովքեր կարծում են, որ այսպիսի գործողություններով հնարավոր չէ հայտնի զույգին ծնկի բերել, ապա չարաչար սխալվում են: Մենք ` հայերս, մեր հույսը պետք է դնենք միայն ու միայն մեր վրա եւ պետք է ասեմ, որ միջազգային տարբեր կենտրոնների արձագանքները նույնպես կախված են մեր գործողություններից: Եթե մեր ժողովուրդը այս վճռականությամբ շարունակի պայքարել իր երկրին ու իրավունքներին տեր կանգնելու համար, որին, իհարկե, չեմ կասկածում, ապա մեր տարածաշրջանով շահագրգռված բոլոր օտար տերությունները ստիպված են լինելու ընդունել մեր ժողովրդի կամքը: Այս հաստատումը մեր ժողովուրդը պետք է ընդունի որպես ճշմարիտ խոսք: Ուստի այսօր յուրաքանչյուր հայ մարդ, որը մասնակից է բողոքի գործողություններին, պետք է շատ լավ գիտակցի, որ ամեն ինչ կախված է հենց իրենից: Պայքար, պայքար, մինչեւ վերջ:

- Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը: Ի՞նչ կասեք այս մասին:

- Այս հարցը չի կարելի դիտարկել մեր ռազմավարության ընդհանուր համատեքստից կտրված: Դեռ ամիսներ առաջ, «Ժառանգության» հարգելի առաջնորդ Րաֆֆի Հովհանիսյանը նույնպես այս միտքը փորձեց անցկացնել ԱԺ-ում: Այն ժամանակ էլ ես նշեցի իմ կարծիքը այդ նախաձեռնության մասին: Եթե գործը սահմանափակվելու է միայն այս օրենքի ընդունումով, այսինքն, եթե Հայաստանը ճանաչելու է ԼՂՀ անկախությունը եւ դրանով հարցը փակված է համարելու, ապա ես դրան դեմ եմ: Կողմ կլինեի, եթե այս քայլը ունենար իր տրամաբանական շարունակությունը: Մասնավորապես դրանից հետո ԼՂՀ-ն, իր ներկայիս սահմաններով, պետք է միանար ՀՀ-ին, տարածքի մեծության պատճառով վերածվելով մի քանի մարզի: Բացի այդ, սրան զուգահեռ պետք է ուղղել 1988թ-ի սխալը եւ հանդես գալ Նախիջեւանը Հայաստանին միացնելու քաղաքական պահանջով: Եթե սա չէ առաջարկության տրամաբանությունը, ապա ես դեմ եմ դրան: Այլապես կստացվի, որ ԼՂՀ-ն անկախանում է ոչ թե Ադրբեջանից, որից վաղուց ազատ է, այլ Հայաստանից, ինչը մեծ վնաս կհասցնի մեր ազգային միասնությանը: Առանց այս առաջարկությունների էլ, վերջին տարիներին Ստեփանակերտի ղեկավարությունը շատ լուրջ է ընդունել անկախ պետություն լինելու «փաստը»: Սա, ի դեպ, հայաստանցի-ղարաբաղցի անբնական հակասության առաջացման արհեստական պատճառներից հիմնականն է: Հայերը, ապրելով իրենց հայրենիքում, չեն կարող եւ չպետք է համարվեն տարբեր պետությունների քաղաքացիներ` աստիճանաբար մոռանալով, որ Արցախը Հայաստանի մի մասն է: Ժամանակին ԼՂՀ-ն ստեղծողները մտածում էին, թե դրանով միջազգային քաղաքական դաշտում խուսանավելու հնարավորություն են ստեղծում: Իրականում այս անհեթեթությամբ մենք միայն մեզ ենք խաբում, իսկ միջազգային հանրություն կոչվածը հարցը շարունակում է համարել հակամարտություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ Արցախին որպես հակամարտության առանձին կողմ չի դիտարկում: Պետք է վերջ տալ ազգային միասնությանը շատ վնասող այս խեղկատակությանը, նոր հանրաքվե անցկացնելով` լուծարել ԼՂՀ-ն եւ ներկայիս սահմաններով միացնել ՀՀ-ին:

- Ազատություն ստանալուց հետո ո՞րն է լինելու ձեր առաջին քայլը

-Անելու ենք նույնը, ինչ անում էինք մինչեւ հալածվելը: Այն ժամանակ մեր նպատակը բաժանված էր մոտակա եւ հեռակա նպատակների: Մոտական էր. բացառել հանցագործ եւ ապազգային ռեժիմի վերարտադրությունը: Իսկ հեռական` ձեւավորել հայկական բարոյական մի շարժում, որից պետք է ծնվի ապագա բարոյական Հայաստանի կերտման գործում մեծ դերակատարություն ունեցող մի կազմակերպություն: Այսօր մեր ունեցած կարճաժամկետ խնդիրը ենթարկվել է որոշ փոփոխության` սրանց վերարտադրությունը մեր կողմից կանխելու գործունեությունը վերափոխվելու է այսօրվա ոճրագործ ռեժիմի հեռացման` արդեն համաժողովրդական դարձած գործունեության: Իսկ երկրորդ խնդիրը մնում է անփոփոխ: Ընդ որում մեր գործն այսօր դարձել է ավելի դյուրին: Մենք միշտ ձգտել ենք մեր ապագա շարժումը ձեւավորել երիտասարդության միջոցով, զգաստացնել նրանց, որ եկել է երկրին տեր կանգնելու ժամանակը: Եվ այսօր, ի ուրախություն մեզ, նորաստեղծ համաժողովրդական շարժման շնորհիվ դա արդեն իրականություն է դարձել, որը մեր նպատակին ու գործունեությանը հավելյալ հույս ու ոգեւորություն է ներշնչում: Անշուշտ, ինչ որ ասում եմ, դա իմ սեփական կարծիքն է եւ այն տակավին պետք է դառնա մեր համախոհների քննարկման լուրջ թեմա, որից եւ պետք է ծնվի հավաքական որոշումը: Ուստի, ազատության մեջ հայտնվելուց հետո իմ առաջին գործերից մեկը լինելու է կազմակերպել խորհրդակցական բաց հավաք, մեր բոլոր հին ու նոր համակիրների մասնակցությամբ: Այդ մասին մամուլով մենք տեղյակ կպահենք հանրությանը:

ՎԻԿՏՈՐՅԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
A1+

No comments: