Saturday, May 17, 2008

Սարգիս Հացպանյան ` Հայոց ցեղասպանության անհաղթահարելի թվացող հետեւանքների վերացման առիթով

Շատ լավ եմ հիշում ուղիղ 15 տարի առաջ` յոթանասուն երկար տարիների գերությունից ինչպես ազատագրեցինք Քարվաճառի շրջանը: Հիմա հենց ազատագրված տարածքների բարձունքներից էլ վայելում եմ 20-րդ դարի վերջում մեր ամենամեծ ձեռքբերում Լեռնային Արցախը: Զմայլվում հայրենի բնության չքնաղ գեղեցկությամբ, նայելով հեռու հորիզոնները` սքանչանում մեր ձեռք բերածով եւ բառերով անբացատրելի հպարտություն եմ ապրում:

Այստեղ իմ հայտնված արտասովոր իրավիճակն է ինձ մենախոսել ստիպում, քանի որ իմ գտնված տեղում անձնական մեծագույն ցանկությանս հակառակ այժմ երկրորդ բանական էակը բացակայում է: Ինձ անսահման թվացող հայրենի ազատագրված տարածքներում` մտքերիս հետ ինքնամփոփ, լիակատար մենություն եմ վայելում: Եթե միտքս ավելի ճիշտ ձեւակերպելու լինեմ, ապա պետք է խոստովանեմ, որ ազատագրված տարածքները մենությանս բառերով անբացատրելի մի անսահմանություն են հաղորդում:

Ինձ թվում է` այստեղ, մաղվող ալյուրի նմանությամբ, մտքերս ինձնից ազատագրվելով` կարծեք ընդհանուր մի մարմնից պոկվում, առանձնանում են: Ներողամիտ եղեք, բայց համենայնդեպս մեջս տարօրինակ մի զգացողություն կա, որ երեւի չկարողանամ այն ձեզ ճիշտ հաղորդել:

Կողքիս չկա մի ասուն, որ գոնե մտքերս խանգարի, ընդհատի, համաձայնի կամ հակադրվի դրանց ընդհանրապես: Ստիպված իմ հետ չեղածի գործն էլ եմ անում` մտքերիս հետ տեղ-տեղ համաձայնում, երբեմն էլ հակադրվելով դրանց` խստիվ մերժում եմ: Հաճախ մտածված նյութն եմ փոխում, փորձում շեղվել սկզբնական մտքերիցս եւ հասնում հեռու հեռաստանները: Երբեմն եղածը վաղեմի երազներիս, դրանք էլ, իրենց հերթին, առկա իրողության հետ եմ համեմատում եւ զարմանում, փաստորեն, բավականին կարճ ժամանակահատվածում արդեն շոշափելի իրականություն դարձած եղելությունների վրա:

Երբ 1990թ. Փարիզում` մշտական ապրելու նպատակով Հայաստան ներգաղթելու որոշումս հեգնելով` «ի՞նչ է, կարծում ես, որ գնացածդ Հայաստանն ազատ, անկախ պետություն է դառնալու եւ Ղարաբաղն էլ մերը պիտի լինի, դուրս արի քո հեքիաթային երազներից, սթափ նայիր աշխարհին» ասող սփյուռքյան «ազգային» մտածողության տեր երբեմնի բարեկամիս խոսքերն եմ հիշում, ակամայից մտածում եմ, թե նրա` Ֆրանսիայում ծաղրանքով արտահայտված մտքերը այստեղ` հայրենի հողի վրա ինչպե՞ս մեկը մյուսի ետեւից իրականություն դարձան:

Հայրենիքի համար իրոք երազային ձեռքբերումների պատմական այդ դժվարին ժամանակաշրջանում, իբրեւ կամավոր սփյուռքահայ ինձ էլ բախտ վիճակվեց իմ բաժին ընդամենը մի կաթիլ քրտինքի շնորհիվ, ազգի լավագույն որդիների նվիրական ջանքերով կերտվող Հայաստանի երրորդ հանրապետության կայացմանն ու Արցախյան հաղթական ազատամարտին մասնակցելու պատիվն ունենալ: Ինչ ավել-ինչ պակաս` ահա այդքանը միայն:

Մտքերս անհանգիստ իրար հետ են կռվում` հասնելով նույնիսկ այն աստիճանի, որ չեմ կարողանում հաճախ դրանք իրարից բաժանել, փորձելով մեկի կամ մյուսի կրքերը հանդարտեցնել, երբեմն էլ հուսահատ որոշում եմ դադարել մտածելուց: Ավաղ, չի ստացվում: Բանականությունն ինձ անընդհատ իր գոյության մասին հիշեցնում է, ու ես անզոր` հանձնվում, կրկին սկսում եմ մտածել եւ զոռ տալով լեզվիս` անկաշկանդ ասում եմ այն, ինչ մտածում եմ: Մարդ բանական արարածի, փաստորեն, գոյության իմաստը վաղուց` «Մտածում եմ, ուրեմն կամ» ձեւակերպված հին աշխարհի փիլիսոփայությունն ինձ հուշում է նաեւ, որ եթե կամ, ուրեմն պիտի ասեմ, թե ինչ եմ մտածում: Ավելին` ինչու՞ եմ մտածում, ինչպե՞ս եմ մտածում: Ըստ իս, միայն այս հարցերի ճիշտ պատասխանները տալով է, որ թե մարդ կոչմանն արժանանալու հնարավորություն ձեռք կբերեմ` ընդհանրապես եւ թե վերագտնելով հայի իմ տեսակի դարերից եկած ազգային էությունը` կվերակենդանացնեմ այն մասնավորապես:

Պարզապես իմ պատասխանները ոչ միայն ճիշտ, ուղիղ եւ շիտակ, այլ մի փոքր էլ կոշտ են ստացվում: Դիպուկ լինելու համար բերեմ ընդամենը մեկ օրինակ. 1915թ. Հայոց ցեղասպանությունը ծրագրողները պարզորոշ մեկ` մեր ֆիզիկական բնաջնջման միջոցով ազգի վերացման նպատակն ունեին: Եվ փորձեցին իրականացնել դա, սակայն եղեռնից մազապուրծ շատ փոքրաթիվ վերապրողների գոյության շնորհիվ մինչ այդ պատմությանն անհայտ հրեշավոր այս ծրագրի իրականացումը, բարեբախտաբար, կիսատ մնաց: Մեծ ոճրին հաջորդեց մի բուռ հողի վրա ստեղծված փոքրիկ Հայաստանը, ու աշխարհի չորս ծագերը լցնող որբացած հայերով գոյացած տասնյակ գաղթօջախներով ծնվեց հայկական սփյուռքը:

93 տարի առաջ ի գործ դրված հայաջինջ ծրագրի կիսատ մնացած հատվածը` մեզ այս անգամ դեպի դանդաղ մահ տանող, կայուն արդյունքներով եւ զավեշտ ներկայացնող իրողությամբ հենց սփյուռքում «ապրող» մեր հայրենակիցների ամենօրյա գիտակից մասնակցությամբ մինչ օրս շարունակվում է: Այդտեղ հայը` իբրեւ մարդկային տեսակ վերանում է, սփյուռքահայ բոլոր գաղթօջախները` մեկը մյուսի ետեւից, մարող կրակի նմանությամբ, հավերժ հանգում են: Ազգիս վերացնելու ծրագրերի իրականություն դառնալու ջանքերը ինքնակամ շարունակող «հայկական» սփյուռքը` մահը նախընտրելով կյանքից` ցավոք ինքնասպան է լինում:

Ի հակառակ այս դժբախտ իրողության, մոխիրներից հառնող Հայաստանն ապրում է, շնչում` իր մի բուռ հողին կառչած, հերոսացած զավակների արյան գնով ու մեծ զոհաբերությամբ փորձում մի բուռ հայկական հող եւս ավելացնել ունեցածին` համայն աշխարհին ցույց տալով իր կանգուն եւ կենդանի լինելու` մարդկային հարգանքի ու գնահատանքի արժանի փաստը: Այսպիսով Հայաստանում հայը ծնվում ` կյանքը նախընտրելով, ազգի լավ տեսակի համառության շնորհիվ էլ իր գոյը շարունակում է բազմացնել:

Այս երկու հակադիր իրողությունների անհերքելի առկայության պայմաններում Եղեռնից 93 տարիներ հետո, ի հիշատակ մեր գերեզման իսկ չունեցող 1, 5 միլիոնից ավել անմեղ զոհերի, մարդկության դեմ իրագործված մեծագույն հանցանքը` ցեղասպանությունը դատապարտելու, հայի տեսակը աշխարհի երեսից վերացնելու նպատակ ունեցողների հրեշավոր ծրագիրը ձախողեցնելով` այն ընդմիշտ թաղելու, մեր լինելիությունը շարունակելու գիտակցությամբ էլ, ի սեր մեր ազգի Հայաստանում պիտի ապրենք:

Իմ` 1990թ. Փարիզից բաժանվելուց ի վեր նույնիսկ պատահաբար երբեք չհանդիպած երբեմնի «ազգային» մտածողության տեր բարեկամիս նման մտածող սփյուռքահայերին այլեւս մեկ անգամ ընդմիշտ պետք է հասու դարձնել այն անհերքելի իրողությունը, որ ի տարբերություն ամեն օր` թեկուզ եւ ոչ «ի կատարումն 1915թ. հայաջինջ ծրագրի իրականացման», սակայն իր իսկ կամքով իբրեւ հայ վերացող սփյուռքի միլիոնավոր սերնդակիցներիս, ես իմ 18 տարի առաջ Հայաստանում ներգաղթելու շնորհիվ եմ շարունակում ՀԱՅ մնալ:

Հայրենիք գնալուց մենակ էի փաստորեն, հիմա արդեն քառապատկելով չորս հայ ենք դարձել: Իսկ այդ ժամանակ ինձ Փարիզի օդանավակայանում դեպի Երեւան ճանապարհող ընկերներիս մեծամասնությունը վաղուց արդեն Ժան, Ժակ, Պասկալ եւ Միշել են դարձել կամովին` իրենց հետ այլազգության անդունդ գլորելով նաեւ իրենց անմեղ երեխաներին: Ճշմարտությունը մեկ հատ է եւ այն շրջանցելը` գրեթե անհնար: Այն, որ «գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում»` մեր պարագայում իրականությանը բոլորովին չի համապատասխանում: Անհերքելի ճշմարտությունն իմ վերոնշյալ անձնական օրինակով ուղիղ հակառակն է ապացուցում:

Այս ամենը ազատագրված տարածքներում իմ վայելած մենության ծնունդ մտքերիս ամենաանկեղծ արտահայտությունն է, որտեղ չկա սուտ, չկա կեղծիք, չկա ինքնախաբեություն: Ավելին` շուրջբոլորս ազգիս գիտակցորեն թափած մաքուր արյան ու քրտինքի արդյունքը հայկական հողեղեն իրողությամբ է պատված: Եվ ես այժմ հենց այդ իրողության միջից եմ ուզում իմ սփյուռքահայ քույրերին եւ եղբայրներին հաղորդել եզակի ճշմարտությունը. «Եթե ուզում եք շարունակել իբրեւ հայ մնալ, ուրեմն պիտի մտածեք ընդմիշտ Հայաստան ներգաղթելու մասին»: Սա է ձեր ազգային էությունը փրկելու միակ ելքը: Այլապես կդադարեք նախ հայ լինելուց, իսկ հետո արդեն... ի վերին Երուսաղեմ:

93 տարի առաջ մեր կարմիր արյամբ ներկված կամ հիմա ձեր կամքով իրագործվող սպիտակ եղեռնի զոհը դառնալու միջեւ, ի վերջո, կա՞, արդյոք, ինչ-որ տարբերություն: Ձեր գոյությամբ փորձեք ազգիս վերածնունդ պարգեւել, մի շարունակեք ստիպել նրան արժանանալու հոգեհանգստյան պատարագներին բաժանորդագրված մասնակցի հոգեպես անտանելի կարգավիճակին:


Zhamanak.com

No comments: