Գործող ռեժիմը, որ շտապեց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Սասուն Միքայելյանին եւ Մյասնիկ Մալխասյանին, չի կարողանում գործ թխել նրանց դեմ:
Ու քանի որ չի կարողանում, հիմա անցել է իրենց քաղաքական հայացքների համար անազատության մեջ գտնվող այս երեք պատգամավորների դեմ գործ սարքելու ամենաճղճիմ մեթոդներին: Ընդ որում, ամբողջ այս պրոցեսին իրենց գործուն մասնակցությունն են ունենում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո), նախկին փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
. եղբորը եղբոր դեմ
ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի գործը սարքվում է հետեւյալ տրամաբանության մեջ. նրա առաջնորդած «Ոգու փորձությունը» տասն օր շարունակ զինված է եղել Ազատության հրապարակում: Բացի այդ, բոլոր նրանց, ում տանում են ոստիկանություն` Մալաթիայի շուկայից, ոսկու շուկայից, ծեծում են եւ ստիպում ասել, թե Հակոբ Հակոբյանն իրենց զենք եւ փող է բաժանել, որ գնան հանրահավաքի: Պատգամավորի դեմ քրեական գործ է հարուցված ՔՕ 225 հոդվածի 3-րդ մասով` «Զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են սպանությամբ» եւ 300 հոդվածի 1-ին մասով` «Իշխանությունը յուրացնելը»: Իշխանությունը Հակոբ Հակոբյանի դեմ օգտագործում է նրա հարազատ եղբորը` Սիմոն Հակոբյանին: Վերջինս Սամվել Ալեքսանյանի հետ ոստիկանությանն ապահովում է անհրաժեշտ ինֆորմացիայով Հակոբ Հակոբյանի սեփականությունների եւ նրա մտերիմ կապերի մասին: Հակոբ Հակոբյանին փորձում են ճնշել նաեւ հարկային մարմինները: Ըստ մեր տեղեկությունների, Հարկայինն աստղաբաշխական տուգանքներ է գրել Հակոբ Հակոբյանին եւ նրա ընտանիքին պատկանող մանր բիզնեսների վրա: Պատգամավորի մի շարք խանութներ եւ հացի գործարանը փակ են, իսկ անձնական մեքենաները կալանքի տակ են: Հիշեցնենք, որ կալանք է դրված նաեւ այն տան վրա, որտեղ ապրում է պատգամավորի ընտանիքը: Այսինքն` Հակոբ Հակոբյանի ընտանիքը չի կարողանում օգտվել իր սեփականությունից: Ազգային ժողովը հետ է վերցրել Հակոբ Հակոբյանի ծառայողական մեքենայի համարանիշները` «019 OO 01», որի իրավունքը չունի, իսկ վարորդին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն աշխատանքից հեռացրել է: Ի դեպ, Հակոբ Հակոբյանին չեն վճարում նաեւ նրա պատգամավորական աշխատավարձը: Հիմա տրամաբանական հարց է առաջանում` ինչո՞ւ պարոն Թորոսյանը չի պահում Սերժ Սարգսյանի եղբոր` ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանի աշխատավարձը, որն ամիսներով ոչ միայն խորհրդարան, այլ նաեւ Հայաստան ոտք չի դնում: Ինչո՞ւ չի պահվում կազինոների սիրահար հանրապետական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի աշխատավարձը, որը դեռ անցյալ տարի Մոսկվայի «Մետրոպոլ» կազինոյում տեղի ունեցած աղմկոտ կրակոցներից հետո ԱԺ ոտք չի դրել, Ալրաղացի Լյովիկինը, որն ԱԺ է մտնում միայն այն ժամանակ (կրկին մի քանի ամիսը մեկ), երբ այնտեղ ծեծելու գործ է լինում, նույն Սամվել Ալեքսանյանինը: Պատասխանը մեկն է. սրանք Սերժ Սարգսյանի սիրելի պատգամավորներն են, եւ Տիգրան Թորոսյանը չի կարող իրեն նման «լկտիություն» թույլ տալ: Ինչեւէ, այս իշխանությունն այնքան ճղճիմ է, որ ինչպես արդեն տեղեկացրել ենք` ԱԱԾ մեկուսարանում գտնվող Հակոբ Հակոբյանի խուց է տեղափոխել Հակոբյանի ամենամտերիմ ընկերներից մեկի` հանգուցյալ Վահան Զատիկյանի որդուն` Սեդրակ Զատիկյանին սպանած քիլլերին` Արսեն Առուշանյանին: Ըստ ամենայնի, իշխանությունը հաշվարկել է, որ սա կարող է լուրջ հոգեբանական ճնշում լինել Հակոբյանի վրա: Հավաստի աղբյուրները, սակայն, տեղեկացնում են, որ Հակոբ Հակոբյանը մեկուսարանում ամբողջ օրը երգում է, իսկ իր բիզնեսի մասին յուրաքանչյուր նոր տեղեկություն ընդունում է ամենայն հանգստությամբ, ու վստահ է, որ շարժումը, որի կողքին կանգնել է ինքը, հաղթելու է: Ինչ վերաբերում է Հակոբ Հակոբյանի եղբորը, նա այս կերպ թերեւս փորձում է փրկել հետախուզման մեջ գտնվող իր որդուն: Իսկ Սամվել Ալեքսանյանն էլ թերեւս ձգտում է լավ հարաբերություններ պահել Սերժ Սարգսյանի հետ ու ոստիկանությանը գործ տալուն զուգահեռ նաեւ Պետական պահպանության ծառայության պետ Գրիշա Սարկիսովի` Քոչարյանի Գրիշի միջոցով Սերժ Սարգսյանին եւ իշխանության վերնախավին «լուսավորել», թե Հակոբ Հակոբյանն ամենածանր սպառնալիքներով փորձել է իրեն ստիպել աշխատել Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին եւ ասել է, թե կպայթեցնի իր օբյեկտները ու իրեն էլ կվերացնի, եթե նա առաջին նախագահի օգտին չաշխատի:
.դավեր են նյութում
Իշխանությունները չեն կարողանում գործ սարքել նաեւ իր քաղաքական հայացքների համար անազատության մեջ գտնվող ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի դեմ: Ուստի անցել են տնտեսական դաշտում գործ սարքելուն: Ազգային անվտանգության ծառայությունը եւ Հրազդանի ոստիկանությունն արդեն երկու ամսից ավելի է` փորձում են գտնել Սասուն Միքայելյանին պատկանող որեւէ սեփականություն կամ բիզնես, բայց չեն կարողանում, քանի որ նա այդպիսիք չունի: Միքայելյանի անունով միակ բանը նրա «Նիսսան» ջիփն էր, որը պատգամավորը նվեր էր ստացել հանգուցյալ Վահան Զատիկյանից: Սասուն Միքայելյանի դեմ այս արշավի առաքելությունն էլ իրականացնում է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը` նախկին փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ: Բացի այս արշավը, նշված երկուսը, որ վաղուց «ատամ» ունեն Սասուն Միքայելյանի դեմ, փորձում են վերջինիս դեմ նաեւ «պալատական դավեր» նյութել` ամեն կերպ աշխատելով Սերժ Սարգսյանի վերաբերմունքն իր խրամատի ընկերը համարվող Սասուն Միքայելյանի նկատմամբ հասցնել ծայրահեղ բացասականի: Միքայելյանի դեմ քրգործ է հարուցված ՔՕ 225 հոդվածի 3-րդ մասով, 300 հոդվածի 1-ին մասով եւ 335 հոդվածի («Հանցագործության մասին չհայտնելը») հատկանիշներով: Խոսքը Հրազդանի «Վանատուր» ռեստորանում հայտնաբերված զենքի մասին է, որի համար դատապարտվեց «Վանատուրի» պահակը:
.եթե բիզնես չունես
ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանի վրա գործ սարքելն ընդհանրապես բարդագույն բան է: Բացի այն, որ այս պատգամավորի դեմ գործ սարքելու ոչ մի փաստ, ըստ էության, չկա, նա նաեւ բիզնես չունի: Այն գործը, որ հիմա թխվում է Մյասնիկ Մալխասյանի դեմ, ըստ թխողների, պիտի տեղավորվի հետեւյալ տրամաբանության մեջ. Մյասնիկ Մալխասյանն է ապահովել Երկրապահ կամավորականների կոնսոլիդացիան, եւ ինքն է զենք բաժանել երկրապահներին: Մեր տեղեկություններով, նույնիսկ ԵԿՄ-ի պահակներին են կանչում հարցաքննության, եւ նրանց տրվում են հետեւյալ հարցերը` Մյասնիկ Մալխասյանը ձեզ չի՞ ասել, որ ինչ-որ տեղ զենք կա, գնացեք, վերցրեք: Մալխասյանի դեմ գործ է հարուցված ՔՕ 225 հոդվածի 3-րդ մասով եւ 300 հոդվածի առաջին մասով:
Մի խոսքով, իշխանությունը փորձում է պատվով դուրս գալ քաղբանտարկյալ այս պատգամավորների գործի տակից: Այնպես չստացվի, որ մանդատից զրկեցին, այդքան աղմուկն էլ իզուր բարձրացրին, ու արդյունքում գոնե չկարողացան ընկճել նրանց:
hzh.am
No comments:
Post a Comment