Monday, May 5, 2008

Երկու վախը մի մահ է

«Վարչախումբը այնքան վախեցած է, որ նույնիսկ չի ցանկանում մարդկանց բերել դատարաններ: Ես ցանկություն էի հայտնել այսօրվա դատական նիստին մասնակցել ու պայքարել իմ եւ մնացած քաղբանտարկյալների իրավունքների համար, սակայն ամեն ինչ արվեց, որ ես մնամ բանտում»,-»Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից նման հայտարարություն է արել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, Մ. Ռեհանյանի նախագահությամբ` Արամ Կարապետյանի բացակայության պարագայում, մերժել է նրա բողոքը` Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու միջնորդությունը բավարարելու մասին որոշման դեմ:

«Որ Հայաստանում արդարադատություն չկա, մենք բոլորս գիտենք, սակայն եթե դա իրականացվում է այսպես կոչված «ուժեղ իշխանության» թելադրանքով, որը վախենում է նույնիսկ քաղբանտարկյալի շիտակ խոսքից, ապա կարելի է արձանագրել, որ այս հանգրվանում մենք նրանց հաղթել ենք:

Վարչախմբին ուզում եմ հիշեցնել հայկական հայտնի ասացվածքը. «Պարոնայք, երկու վախը մի մահ է», իսկ մեզ բոլորիս մաղթում եմ անսահման տոկունություն, մաքառելու եւ պայքարելու անսպառ կամք»,-ասել է Արամ Կարապետյանը:


A1+

No comments: