Sunday, May 11, 2008

Ռոբերտ Քոչարյան - Ռոբերտո Մուգաբի ` Աննպաստ զուգահեռներ

ՀՀ երբեմնի տեղապահ Ռոբերտ Քոչարյանին եւ Զիմբաբվեի` հուսանք, նույնպես նախկին դարձող նախագահ Ռոբերտո Մուգաբիին միավորում է ոչ այնքան անունների ընդհանրությունը, որքան հոգեւոր ու բանական կերտվածքի նույնությունը: Եթե չլիներ տարիքի եւ մաշկի գույնի տարբերությունը, մոտ մեկ ամիս առաջ պիտի թվար, թե նրանք ուղղակի երկվորյակներ են: Մինչդեռ, մեկ ամիս հետո, հիշելով հույն փիլիսոփայի ասույթը. «Պատահական մարդ չեն դառնում», հարկ է ընդունել, որ Քոչարյանը ոչ միայն մարդ չէ` արժանիքներ ու բարեմասնություններ ունեցող անձանց համեմատությամբ, այլեւ մարդ չէ` աֆրիկյան մայրցամաքի ամենաթույլ զարգացած երկրներից մեկի 30-ամյա բռնապետի համեմատությամբ:


«Բռնապետության փլուզում» ռեալթի շոուն

Թեեւ դպրոցում ինքս «Աշխարհագրությունից» գերազանց էի ստանում, հետեւաբար փոքրիշատե գիտելիքներ ունեի այդ առարկայից, այդուհանդերձ գլուխ չեմ գովի, թե տարիներ հետո էլ հիշում էի Զիմբաբվեի տեղը աֆրիկյան մայրցամաքում, հիշում էի մայրաքաղաքը եւ, ասենք, այդ երկիրը չէի շփոթում Զամբիայի հետ: Հարավ-աֆրիկյան Հանրապետություն (ՀԱՀ), ապարտեիդ, Նելսոն Մանդելա, Քեյփթաուն, Յոհաննեսբուրգ, Ասեղի հրվանդան. դրանք գիտեմ, բայց Զիմբաբվեի` գուցե միայն անունը անծանոթ չթվար:

Մինչդեռ այժմ, երբ մարտի 29-ի Զիմբաբվեի նախագահի ընտրություններից ի վեր BBC World-ը, Aljazeera-ն եւ CNN-ը հաստատվեցին Զիմբաբվեում ու ՀԱՀ-ում, եւ ինքնաբերաբար ստացվել էր, որ մի ամբողջ ամիս. առավոտյան, թե երեկոյան մեկ-երկու միլիարդ մարդ այս աշխարհում վիրտուալ տեղափոխվում էր Զիմբաբվե, կամա-ակամա ինքս էլ նրանց թվում, սովորեցի ոչ միայն Զիմբաբվեի սահմաններն ու մայրաքաղաք Հարարին, այլեւ Հարարիի փողոցները, Բարձր դատարանի շենքը, ճանաչեցի նախագահ Մուգաբիին, ընդդիմության առաջնորդ Չենգիրային, Zanu(PF)-ը տարբերեցի MDC-ից, ''The Herald'' թերթը ''The Zimbabwean''-ից եւ այլն:

Անժխտելի է, Զիմբաբվեի հանդեպ ուշադրությունը ուներ ինչ-ինչ սուբյեկտիվ պատճառներ: BBC World-ի պարագան պարզ է` Զիմբաբվեն մինչեւ 2002-ի նախագահի ընտրությունները Բրիտանական Համագործակցության կազմում է եղել, 2002-ին` ի պատասխան ընտրություններում տեղ գտած բռնությունների` անդամակցությունը կասեցվել է, հետո էլ Մուգաբին հայտարարել է, թե ինքն է Համագործակցությունից դուրս գալիս: Էլ ավելի էական հանգամանքը` Զիմբաբվեն 1980-ականներին է անկախություն նվաճել Բրիտանիայից, ընդ որումª օրվա հերոս եւ բռնապետ Ռոբերտո Մուգաբիի առաջնորդությամբ: Այսքանով էլ թերեւս հասկանալի է` ինչու թեեւ BBC-ին Զիմբաբվեի իշխանությունները արգելել էին երկրի տարածքում աշխատել, այդուհանդերձ իրադարձություների առաջին օրերին BBC World-ը առանց բացահայտելու իր թղթակցի գտնվելու վայրը, հաղորդում էր նրա աուդիո-ռեպորտաժները Հարարիից, երկու լրագրող աշխատում էին Զիմբաբվե և ՀԱՀ սահմանին, եւ դեռ երկու մեկնաբան էլ` Յոհաննեսբուրգում:

Aljazeera-ի դեպքում, առանց այն էլ նվաճված բնագծին ու դրվածքին, որ Ասիայի ու Աֆրիկայի ցանկացած երկրի փոքրիշատե ուշագրավ իրադարձություն Aljazeera-ն ներկայացնում է ավելի լիարժեք, հրատապ ու ամբողջական, քան որեւէ այլ հեռուստաընկերություն աշխարհում կկարողանա սեփական երկրի իրադարձությունները ներկայացնել, Զիմբաբվեի պարագայում գումարվել էր նաեւ բացառիկ հեռարձակումների հնարավորությունը: Aljazeera-ն միակ համաշխարհային ծածկույթի հեռուստաընկերությունն էր, որի թղթակիցներին թույլատրված էր աշխատել Զիմբաբվեում, եւ որոնք ուղիղ եթեր էին մտնում Հարարիից: Հասկանալի է, եթե ինչ-որ վայրից հրատապ լուրեր են հաղորդում Aljazeera-ն եւ BBC-ն, CNN-ն էլ աներկբա կլինի նույն վայրում` միջազգային լրատվության սուրբ երրորդությունը չի կարող տրոհվելդե, մնացյալ հեռուստաընկերություններն էլ այս կամ այն չափով կրկնում են այս երեքին:

Այդուհանդերձ չնայած բոլոր այս սուբյեկտիվ հանգամանքների հանրագումարին, Զիմբաբվեն չէր կարող ավելի քան մեկ ամիս համարյա անզիջում մնալ միջազգային լրատվության Headline news (գլխավոր նորությունների շարքում), եթե զարգացումները օբյեկտիվորեն չլինեին հետաքրքիր: Իսկ իրադարձությունները հետաքրքիր էին, որովհետեւ ռեալթի-շոու ռեժիմում բռնապետություն էր փլուզվում:

Աշխարհը ականատես դարձավ (հուսանք. արդեն կարելի է անցյալ կատարյալով խոսել), թե ինչպես քաղաքական համակարգի զարգացածության առումով Հայաստանից առանձնապես չտարբերվող մի երկրում, քոչարյանական բնույթի մի ռեժիմ մեկ ամսում (ի դեպ, զուգադիպություն է, թե օրինաչափություն. Զիմբաբվեի ընդդիմությունն էլ Մուգաբիի իշխանությունն է կոչում կլեպտոկրատիա, այսինքն` ավազակապետություն) անարյուն ապամոնտաժվեց: Այլ կերպ ասած, Զիմբաբվեում հնարավոր եղավ սահմանադրական ճանապարհով բռնապետությունը գրեթե թոթափել եւ կանգնել ժողովրդավարական առաջընթացի ճանապարհին:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու Զիմբաբվեում սահմանադրական անցումը ժողովրդավարության հաջողվեց, իսկ Հայաստանում` առայժմ ոչ, պետք է արձանագրել` դա պատահեց ոչ որովհետեւ Զիմբաբվեի քաղաքացիներն ավելի ազատատենչ են ու վճռական, այլ որովհետեւ պրն. Մուգաբին մարդկային արատների առումով ճերմակ աղավնի է Քոչարյանի համեմատությամբ:


Զիմբաբվեի Քոչարյանը

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտո Մուգաբին, որ արտաքուստ Քոչարյանի տարիքին է երեւում, նույնիսկ քայլում է Քոչարյանի նման, իրականում 80-ն անց է: Մի 30 տարի առաջ, ինչպես Քոչարյանը Արցախում, նա էլ Զիմբաբվեում է ազատագրական շարժում առաջնորդել, այնուհետեւ Զիմբաբվեն անկախություն է նվաճել Մեծ Բրիտանիայից, ինքը դարձել է վարչապետ, հետո` ինչպես Քոչարյանը, վարչապետից դարձել է նախագահ, հետո մի քանի անգամ բռնությամբ ինքն իրեն վերընտրել է նույն պաշտոնում, եւ վերջապես Զիմբաբվեում էլ, ինչպես Հայաստանում, հասարակությունը պայքարում է` ազատվելու համար բռնապետ Ռոբերտոյի ռեժիմից: Ահա այս նախապատմության խորքի վրա 2008-ի մարտի 29-ին Զիմբաբվեում կայացան ընտրություններ. միաժամանակ ընտրվում էին խորհրդարանի վերին եւ ստորին պալատները եւ երկրի նախագահը: Բնականաբար, Զիմբաբվեի Քոչարյանը կարծել էր, որ ինչպես միշտ, պետք է ընտրվեն ինքը եւ իր ՀՀԿ-ԲՀԿ-ն (Զիմբաբվեի ՀՀԿ-ԲՀԿ-ն կոչվում է Zanu-PF):

Ընտրություններից անցել էր երեք օր` Զիմբաբվեի ԿԸՀ-ն չէր հաղորդում քվեարկության արդյունքները: Ապրիլի 1-ի, թե 2-ի երեկոյան մի քանի ժամ միջազգային լրատվամիջոցներով որպես breaking news հաղորդվեց, թե համաձայն չգաղտնազերծվող աղբյուրների` Հարարիում հանդիպումներ են ընթանում` մի կողմից նախագահ Մուգաբիի եւ ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի դեսպանների միջեւ, մյուս կողմից` Մուգաբիի կուսակիցների եւ ընդդիմության միջեւ: Երկու դեպքում էլ բանակցությունները Մուգաբիի կողմից նախագահի լիազորությունները վայր դնելու շուրջ են:

Ինչպես BBC-ն սովորություն ունի ասել. «դրամատիկ իրադարձություններ էին», ավարտվեցին նրանով, որ այդպես էլ բանակցությունների փաստը հաստատել կամ հերքել չհաջողվեց: Փոխարենը Զիմբաբվեի ընդդիմության առաջնորդ Մորգան Չենգիրայը, որ ընտրություններից ի վեր ասպարեզում չէր երեւացել, հայտնվեց հանրությանը եւ հերքեց բանակցություների լուրը: Նա նաեւ հորդորեց, որ ԿԸՀ-ն հրապարակի ընտրությունների արդյունքները եւ սպառնաց, որ եթե արդյունքները չհրապարակվեն, ընդդիմությունը կհրապարակի իր վստահված անձանց միջոցով ձեռք բերած եւ ամփոփած տվյալները:

Պատկերացրեք, նախագահ Մուգաբին ունեցավ մարդկային ազնվություն կամ անընդունակ եղավ այնպիսի սրիկայության, որ կեղծի ընտրության արդյունքները: Հաջորդ օրը Զիմբաբվեի ԿԸՀ-ն, ամփոփելով խորհրդարանի ստորին պալատի ընտրության արդյունքները, հրապարակեց, որ 12 ձայնի առավելությամբ հաղթել է ընդդիմությունը (առաջին անգամ` Զիմբաբվեի անկախության հռչակումից եւ Մուգաբիի բռնապետության հաստատվելուց ի վեր): Ի նշանավորումն այս պատմական ձեռքբերման, Չենգիրայը մի փայլուն ճառ արտասանեց այն մասին, որ յուրաքանչյուր զիմբաբվեցի` հողի մշակ, թե ուսուցիչ, գիտնական, թե պետծառայող` մերժելով Մուգաբիին, նրա կուսակցությունն ու բռնապետությունը, հաստատել է լինելության իր մարդկային իրավունքը եւ սրբագրել է Զիմբաբվեի պատմության ընթացքըՈւ էլի այսպիսի մի քանի բոցաշունչ ֆրազներ

Պրո-մուգաբիական թերթերը սկսեցին գրել, թե այո, խորհրդարանում հաղթել է ընդդիմությունը, սակայն նախագահի ընտրություններում ոչ ոք չի հավաքել 50%-ը գերազանցող ձայներ, եւ պետք է կայանա նախագահի ընտրությունների երկրորդ փուլ: Ընդդիմությունը մերժեց երկրորդ փուլի գաղափարը, հայտարարելով, թե Չենգիրայը արդեն իսկ հաղթել է 50,3% քվեով: Մինչ կողմերը վիճում էին, ԿԸՀ-ն մի տասն օր հետո հաղորդեց նաեւ խորհրդարանի վերին պալատի ընտրության արդյունքները` ձայները իշխանության եւ ընդդիմության միջեւ բաշխվել էին հավասարաչափ:

Մնաց հիմնական կռվախնձորը` նախագահի ընտրության արդյունքը: Առաջ անցնելով ասեմ` նախագահի ընտրությունում քվեների բաշխման արդյունքները հաղորդվեց մեկ ամիս անց` մայիսի 1-ին կամ 2-ին, դարձյալ առաջատարը ընդդիմությունն էր. ըստ ԿԸՀ-ի` քվեների մոտ 48%-ը ստացել էր ընդդիմության առաջնորդ Մորգան Չենգիրայը, մոտ 43%-ը. նախագահ Մուգաբին: Այս արդյունքներով ստացվում է, որ պետք է կայանա ընտրությունների երկրորդ փուլ:

Ընդդիմությունը համարում է, որ ընտրության արդյունքները մեկ ամիս ուշ հրապարակելով` ուղղակի խեղաթյուրվել են, պրն. Չենգիրայը համոզիչ հաղթանակ է տոնել արդեն առաջին փուլում` հավաքելով 50,3% ձայն: Ընդդիմության մի հատվածը, այլ ուղի չտեսնելով, հակված է մասնակցելու ընտրությունների երկրորդ փուլին, մինչդեռ մեկ այլ հատված անդրդվելի է եւ ճիշտ է համարում երկրորդ փուլը բոյկոտելը: Ինչպես լրահոսային տրաֆարետով կասվեր` իրադարձությունները զարգանում են:

Սակայն Զիմբաբվեի պետության եւ ժողովրդի համար ամենաէական բեկումը` երկրում տոտալիտար կամ ավտորիտար ռեժիմի ջախջախումը, արդեն տեղի է ունեցել: Չենգիրային առաջադրած կուսակցության` MDC-ի առաջնորդներից մեկը BBC-ով, թե Aljazeera-ով հեռախոսային հարցազրույց էր տալիս եւ մի հիշարժան միտք ձեւակերպեց: Նա ասաց, եթե նույնիսկ ընդդիմությունը չմասնակցի ընտրությունների երկրորդ փուլին եւ նախագահ հռչակվի Ռոբերտո Մուգաբին, միեւնույնն է, ընդդիմությունը արդեն մեծամասնություն է խորհրդարանում, եւ այդ հանգամանքը առհավետ փոխել է Զիմբաբվեի քաղաքական իրականությունը:

Իրոք էլ, պատմական արժեք ունեցողը, հետաքրքրականը երկրագնդի թերեւս վերջին բռնապետություններից մեկի փլուզման խրոնոլոգիայում հենց այդ ռեալթի-շոուի վերածված մեկ ամսվա իրադարձություններն էին, երբ ազատագրական շարժման երբեմնի առաջնորդից ատելի բռնապետի վերածված անձը` տատանվելով, տարուբերվելով, հակասական քայլերով, այնուամենայնիվ, անընդունակ եղավ գնալու այնպիսի ստորության ու սրիկայության, ինչպես ընտրության արդյունքներ կեղծելն է եւ համակերպվում է իշխանության կորստին: Ինչպե՞ս դա պատահեց:

ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

(Շարունակելի)

taregir.am

No comments: