Sunday, May 11, 2008

Դատավորը պահանջում էր հարգել իրեն

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հավաքված քաղաքացիներն ու լրագրողները սպասում էին քաղբանտարկյալ, ՀՀՇ վարչության անդամ, ԱԱՊՎ պետի նախկին տեղակալ Հովհաննես Ղազարյանի դատաքննության հերթական նիստին:

Օր-օրի դժվարանում է հաղթահարել դատարանների շենքերը պաշարած ցուցարարների, այնուհետեւ նախասրահների եւ նիստերի դահլիճների մոտքերը հսկող տակավին նոր` «դատական կարգադրիչներ» կոչվող ինստիտուցիայի աշխատակիցների ստվար շերտերն ու հայտնվել դահլիճում: Նույնիսկ այդ պարագայում «ամբաստանյալին» տեսնելու հնարավորությունն էլ է չնչին, որովհետեւ նիստի մասնակիցների եւ «արդարադատություն» կոչված սցենարով իրականացվող բեմադրության «հերոսների» միջեւ գոյանում են այդ նույն կարգադրիչներից բաղկացած անթափանց պատեր: Դատավոր Ա. Մելքումյանին, ինչպեսեւ մնացած քաղբանտարկյալներին դատող դատավորներին, դահլիճը դիմավորեց նստած: Մինչ այդ ծափողջույններով դիմավորեցին Հովհաննես Ղազարյանին: Դատավոր Մելքումյանն ակնհայտ վիրավորված էր, բայց պաշտոնական դիրքը նրան «առյուծի սրտի» համարձակություն էր ներշնչել, եւ նա ձայնին խստագույն երանգ հաղորդելով` Հովհաննես Ղազարյանի վրա սեւեռված հասարակությանը հրամայեց ոտքի կանգնել: Ոչ ոք տեղից չշարժվեց: Մելքումյանը ձայնի տոնն ավելի խստացրեց. «Ոտքի»: Հրամանը մնաց անարձագանք, եւ Մելքումյանն իր կարգադրիչներին հրամայեց դուրս հրավիրել նստածներին: Քանի որ լրագրողները ոտքի վրա էին, աշխատում էին` լուսանկարում, նրանց ու դահլիճում պոստի կանգնած կարգադրիչների ջոկատի արանքում նստած հասարակության կանացի հատվածը ծառս ելավ ու սկսեց լուտանքներ թափել կարգադրիչների գլխին: Տարեց կանայք մի քանի անգամ գետինը մտցրին կարգադրիչներին, պատկերավոր թքեցին նրանց երեսներին ու սկսեցին բացականչել «Ա'-զա'-տո'ւ-թյո'ւն»: Կարգադրիչներից մեկը հասարակությանը շփոթեցնելու ուղղակի նպատակ հետապնդելով սկսեց բղավել: Մի 10-15 րոպե լեզվակռվից հետո ժողովուրդը ոտքի կանգնեց` «Միայն Հովհաննեսի խաթեր» ռեպլիկներով: Դատավոր Մելքումյանը նպատակին հասած ասպիրանտի գոհունակությամբ բոլորին կարգադրեց նստել: Ինքն էլ նստեց ու մի վայրկյան հետո ոտքի կանգնեց ու հայտարարեց, որ դատական նիստը հետաձգվում է, որովհետեւ մեղադրող կողմը չի ներկայացել, դրա համար էլ հաջորդ նիստը նշանակում է մայիսի 30-ին ժ. 14:00-ին:

Ժողովուրդն էլի ալեկոծվեց: «Սրանք մեզ ձեռ են առնում, մի ժամ ստիպում էին հարգել դատավորին, կարծես չգիտեն, որ հարգանքի արժանանում են, այլ ոչ թե ոստիկանով ստիպում: Մեղադրողը չի եկել, երես ունի՞ որ գա, գա, ո՞նց պիտի մեղադրի, հիմքերը որտեղի՞ց է ներկայացնելու, կա՞, որ ներկայացնի: Իրենք իրենց անկարողությունն ամեն օր ապացուցում են խեղկատակները»,-մի երիտասարդ կարգադրիչի դիմաց կանգնած, ձեռքը նրա քթի տակ տնկած մենախոսում էր մի տիկին: Իսկ սա «Սիգ» ձկան հայացքով նայում էր նրա գլխավերեւով ու անջատված կրկնում` «Ազատե՛ք դահլիճը»:


taregir.am

No comments: