Thursday, May 22, 2008

Comedy Club-ի Գյումրվա տարբերակը

Հայաստանյան դատարաններում ընթացող դատերն իրենց անլրջությամբ, առաջադրված մեղադրանքների անհեթեթությամբ կարող են մրցել վերոնշյալ կամ այդ բնույթի մի այլ հաղորդման հետ: Եվ եթե հիշյալ հաղորդումներում լինում են տափակ, հումորից զուրկ համարներ, այստեղ ծիծաղի սիրահարների համար ապահովված է անսպառ հումորը:

Երեկ Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Աշոտ Զաքարյանի, Պետրոս Մակեյանի եւ Շոթա Սաղաթելյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են խմբակային խուլիգանություն հոդվածով, իբր նախագահի ընտրությունների օրը Գյումրիի ընտրական տեղամասերից մեկում 40 րոպե խանգարել են քվեարկության պրոցեսը: Հիշեցնենք նաեւ, որ անցած նիստերում հարցաքննված բոլոր վկաները հրաժարվել էին նախաքննական ցուցմունքներից` պատճառաբանելով, որ իրենց ուղղորդել ու թելադրել են: Վերջին նիստն ընդհատվել էր այն բանից հետո, երբ նախագահող դատավոր Վահե Խալաթյանը կարգադրել էր տեսախցիկների աշխատանքը դադարեցնել: Երեկվա նիստը շարունակվեց տեսախցիկների «ընկերակցությամբ» եւ ընդհատված տեղից: Հրապարակեցին հանձնաժողովի անդամ Լիլիթ Մուրադյանի նախաքննական ցուցմունքը: Ի դեպ, նա անցած նիստում արդեն հայտարարել էր, որ ցուցմունքը գրել է քննիչի թելադրանքով: Հրապարակվեցին նաեւ նրա ու Պ.Մակեյանի առերես հարցաքննության արդյունքները: Մեղադրող դատախազ Արմեն Բոշնաղյանը հարցրեց. «Դուք ասում եք, որ ցուցմունքը թելադրել են, առերես հարցաքննության արձանագրությունն էլ ե՞ն թելադրել` Մակեյանի ներկայությամբ: Չէ՞ որ այստեղ էլ դուք պնդում եք, որ եղել է գոռգոռոց տեղամասում, սպառնալիք եւ այլն»: Վկան պատասխանեց, ինչը հաստատեց նաեւ Մակեյանը, որ առերես հարցաքննության ժամանակ էլ քննիչը ուղղորդող հարցեր էր տալիս եւ արձանագրում էր իր ուզածը: Նրա պահվածքի դեմ քանիցս Մակեյանը «բողոքեց, վիճեց, բայց որեւէ արդյունքի չհասավ»:

Հաջորդ վկան հանձնաժողովի անդամ Լյուքսեն Մելիքյանն էր: Նրա վկայությամբ ժամը 12.30-ի կողմերը ընտրատեղամաս է մտել Աշոտ Զաքարյանը եւ հետաքրքրվել է, թե ո՞վ է հանձնաժողովի նախագահը: Նա մատնացույց է արել նախագահին եւ մտել կողքի սենյակ դեղ ընդունելու: Հարցին, թե տեղամասում ի՞նչ անկարգություններ են եղել, վկան պատասխանեց, որ, եթե անկարգություններ եղել են, առաջին հերթին իրենք` հանձնաժողովի անդամները պետք է իմանային եւ գրանցեին գրանցամատյանում: Ըստ նրա` տեղամասում որեւէ խնդիր չի առաջացել, քվեարկությունը չի խոչընդոտվել, իսկ ինչ վերաբերում է Մակեյանի ու հանձնաժողովի նախագահի միջեւ առաջացած տարաձայնությանը` Մելիքյանը պնդեց, որ Մակեյանը միանշանակ ճիշտ է եղել, որովհետեւ «եթե խախտումների կամ խախտման մասին արձանագրություն է կազմվում, այն պետք է ընդունվի նույն պահին»: Այստեղ էլ բանը հասավ «դիվանբաշուն»` նախաքննական ցուցմունքների հրապարակմանը: Հրապարակեցին եւ... այստեղ է comedy club-ի ողջ «հումորը»: Նախաքննական մարմին կոչվածը առանձին-առանձին կանչել է բոլորին եւ թելադրել նույն ցուցմունքը, նույն բառերով ու ձեւակերպումներով: Մասնակիցներն արդեն հոգնել են անընդհատ լսելով, թե ինչպես են ամբաստանյալները մտել ընտրատեղամաս, գոռգոռացել, սպառնացել, որ բոլորդ պատասխան եք տալու օրենքի առաջ, հետաքրքիր է, որ սա որպես սպառնալիք է ներկայացվում «ցուցմունքներում», եւ թե ինչպե՞ս են իրենք մահու չափ վախեցել իրենց երեխաների ապագայի համար: Եվ այս անհեթեթության, փնթի թխված գործի ապացուցումը դրված է երեք դատախազների` Զելիմ Թադեւոսյանի, Արմեն Բոշնաղյանի, Շիրակի մարզի դատախազի տեղակալ Մխիթարյանի եւ նախագահող դատավոր Վահե Խալաթյանի վրա: Պետք է միայն տեսնել, թե ինչպե՞ս են այս չորսը գունատվում ամեն անգամ, երբ հերթական վկան հրաժարվում է նախաքննական ցուցմունքից: Ինչպես են գլուխները կախ լսում մասնակիցների իրենց ուղղված հեգնական արտահայտություններն ու սուլոցները: Բայց շեֆի հրամանը մնում է հրաման եւ պետք է կատարել: Դատավորն, ի դեպ, շատ է ուզում, որ դատավճիռ կայացնողը ինքը չլինի եւ գնում է ամեն տեսակ օրինախախտումների` ամբաստանյալների փաստաբանների կողմից ինքնաբացարկի միջնորդություն ստանալու համար: Բայց այդ մարտավարությունն առայժմ իր նպատակին չի հասնում, իսկ նրա կողմից թույլ տրվող աննախադեպ օրինախախտումների մասին կխոսենք քիչ հետո: Շարունակելով Լ.Մելիքյանի նախաքննությանը տված ցուցմունքների թեման` ասենք, որ այստեղ էլ հակասություն ի հայտ եկավ դատաքննության ցուցմունքների համեմատությամբ: Տարբերությունը Մելիքյանը բացատրեց այսպես. «Ես չեմ սիրում, որ ինձ թելադրում են: Իսկ այդ տղան փորձում էր ինձ թելադրել: Քանի որ այդ օրը ինձ շատ վատ էի զգում, ես էլ գրիչը դրեցի ցած ու ասացի` գրեք ինչ ձեզ պետք է, ես կստորագրեմ»: Դե քննիչն էլ այնպիսի ցուցմունքներ էր գրել, որին, եթե լուրջ մոտենանք, ապա երեւի հնարավոր կլինի նաեւ գնդակահարության հոդված դնել:

Այս հունով ընթացան նաեւ մյուս վկաների` Լիլիթ Սահակյանի, Հովհաննես Կիրակոսյանի եւ Սամվել Վարդանյանի հարցաքննությունները: Նրանք բոլորն էլ հայտարարեցին, որ ընտրատեղամասում արտառոց ոչինչ չի եղել, իսկ նախաքննական ցուցմունքները հրապարակելուց հետո խոստովանեցին, որ այն գրել են քննիչների թելադրանքով: Փաստորեն ստացվեց, որ դատարանում հարցաքննվեցին յոթ վկաներ ու յոթն էլ պնդեցին, որ մեղադրանքի հիմքում դրված խմբակային խուլիգանական արարք իրականում տեղի չի ունեցել:

Լ.Սահակյանի հարցաքննության ժամանակ, Շոթա Սաղաթելյանի պաշտպան Հովիկ Արսենյանը ուշադրություն հրավիրեց նրա եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սարգիս Պետրոսյանի իրարամերժ ցուցմունքների վրա, որտեղ շոշափվել է լցոնման խնդիրը: Պետրոսյանի վստահված անձը նախաքննությանը հայտնել է, որ Լիլիթն իրեն խոստովանել է 300-ից ավել քվեաթերթիկների լցոնման մասին: «Ինչու՞ առերեսում չի կատարվել», - հարց բարձրացրեց նա: Փաստաբանի կարծիքով` հանրապետությունից նրա բացակայությունը կապված է միմիայն այս փաստի հետ, եւ հենց լցոնման մասին խոսակցությունները փակելու համար է իրականում հորինվել այս քրեական գործը: Տեղեկացնենք, որ բացի նրանից հանրապետությունից բացակայելու մասին դատարանը տեղեկանք ունի Վահան Գասպարյանից եւ Կարեն Գրիգորյանից: Սրանց ցուցմունքների հրապարակման հարցում պաշտպանող եւ մեղադրող կողմերը հակասական կարծիքներ ունեցան, իսկ դատավորը որոշեց բավարարել մեղադրողի միջնորդությունը, ինչը բողոքի ալիք բարձրացրեց մասնակիցների մոտ, եւ դատավորն ստիպված հետաձգեց նիստը: Սակայն մինչ այդ, տեսնելով դատավորի կամայական վերաբերմունքը դատավարական նորմերի նկատմամբ, ամբաստանյալ Աշոտ Զաքարյանը հանդես էր եկել հայտարարությամբ: Ըստ հայտարարության` ՀՀ գլխավոր դատախազության եւ հատուկ քննչական ծառայության կողմից հարուցվել են շինծու քրեական գործեր, որոնք, մեղմ ասած, հասարակության ծիծաղի առարկան են դարձել:

Գաղտնիք չէ, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ վերոնշյալ մարմինները մասնագիտացել եւ զբաղվում են գործ թխելու անպատիվ աշխատանքով: Դրա վառ ապացույցը այս քրեական գործն է:

Ինչպես հանրապետությունում ընթացող բոլոր մյուս դատավարությունները, այնպես էլ այս դատավարության ընթացքը ցույց է տալիս, որ դատարանները արդարադատություն իրականացնելու փոխարեն, լծված են վարչախմբի ապօրինի հանձնարարությունները կատարելու գործին: Բանը հասել է նրան, որ նիստ վարող դատավոր Խալաթյանը իրականացնում է սադրիչ գործողություններ, դրանով իսկ թե նիստերի դահլիճում եւ թե դահլիճից դուրս ստեղծում կոնֆլիկտային իրավիճակ:

Կոչ եմ անում դատավոր Խալաթյանին խոհեմության եւ հորդորում, որ զերծ մնա սադրիչ գործողություններից եւ ապահովի դատավարության հրապարակայնությունը, օբյեկտիվությունը եւ արդարացիությունը: «Հակառակ դեպքում դուք, «պարոն» նախագահող, հանցակից եք դառնում ռեժիմի կողմից իրականացվող բոլոր ապօրինություններին, իր բոլոր` թե իրավական եւ թե բարոյական հետեւանքներով», - ասված է հայտարարության մեջ:


Zhamanak.com

No comments: