Friday, May 16, 2008

Արամ Կարապետյանը հիվանդանոցում է

Արամ Կարապետյանը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների շուրջօրյա հսկողության տակ, առողջական վիճակը կայուն է: Բժշկական կենտրոնի վերջնական ախտորոշումը կներկայացվի ավելի ուշ: Այդ մասին ասված է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամլո հաղորդագրության մեջ:

Ի դեպ, նույն հաղորդագրության մեջ «Երեւան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող Արամ Կարապետյանի առողջական վատ վիճակի վերաբերյալ` վերջինիս կողմնակիցների հայտարությունները համարում է «խեղաթյուրված»:

«Հայտնվում է, որ կալանքում գտնվող Արամ Կարապետյանի առողջական վիճակը պարբերաբար հետազոտվել է ինչպես քրեակատարողական հիմնարկի բժշկական ծառայության, այնպես էլ` համապատասխան մասնագիտական հանձնաժողովի կողմից, որոնց կողմից տրված եզրակացությունները բացարձակապես հիմք չեն տալիս վերը նշված ենթադրությունների համար: Այսպես, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Լուսյա Միքայելյանի գլխավորությամբ քրեակատարողական հիմնարկ է այցելել բժշկական խումբը, հետազոտել Արամ Կարապետյանին եւ տվել «էսենցիալ հիպերտոնիա II-III փուլ սիրտ ուղեղային ձեւ, կորոնար անգիոներոզ ախտորոշում»: Բժշկական խումբը հաստատել է քրեակատարողական հիմնարկի բուժծառայության եզրակացությունը, ըստ որի անհրաժեշտություն չկա հիվանդին տեղափոխելու ստացիոնար բուժման»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ այս հաղորդագրության` պարզվում է` Արամ Կարապետյանը հիվանդանոց է տեղափոխվել ոչ թե վիճակի վատացման, այլ «անհարկի շահարկումները կանխելու համար»:


A1+

No comments: