Friday, May 16, 2008

Արյունը իշխանություններին էր պետք

Մեր զրուցակիցը քաղաքագետ Աղասի Ենոքյանն է:

-Պարոն Ենոքյան, այսօր բազմաթիվ մարդիկ անազատության մեջ են, բազմաթիվ ընտանիքներ` սպասման մեջ, թե երբ պետք է, ի վերջո, տեսնեն արդար լուծումներ, մարտի 1-ի դեպքերի իրական մեղավորներին` պատժված եւ ոչ մեղավորներին` ազատության մեջ...

- Ես կարծում եմ` լարվածությունը գնալով ուժեղանում է: Նույնիսկ համաձայն չեմ այն պնդմանը, թե շատերը սպասման մեջ են: Շատերը ավելի շուտ պասիվ պայքարի մեջ են: Այսինքն` այդ լարումը կա մեծամասնության մոտ, որը սպասում է հարմար առիթի` պոռթկալու եւ կրկնելու հանրահավաքային շարքը, որը բիրտ ուժով եւ արյամբ ճնշվեց իշխանությունների կողմից: Իրավիճակը պայթունավտանգ է, եւ իշխանությունները այս ընթացքում ոչինչ չարեցին այդ վտանգը չեզոքացնելու համար: Ավելին` փորձում են սեղմել, փորձում են պատժամիջոցներ կիրառել, կոշտ քաղաքականությունը շարունակել, ինչը, համոզված եմ, որեւէ արդյունքի չի բերելու: Պարզապես պետք է հիմնախնդիրներ դնել եւ լուծել, ինչին այս իշխանությունները, փաստորեն, պատրաստ չեն:

- Մարտի 1-ի դեպքերից հետո խոսում են երկխոսության մասին: Այսօր, կարծում եք, չի՞ սպառվել երկխոսության ժամկետը, տեսնու՞մ եք երկխոսության եզրեր:

- Ես տեսնում եմ, որ իշխանությունները գնալով փակում են երկխոսության ճանապարհը` կլոունադայով, որ կոչվում են դատավարություններ, շարունակելով քաղաքական հետապնդումները, ձերբակալությունները, մատը մատին չխփելով մարտի 1-ի դեպքերի ժամանակ սպանությունների գործերը բացահայտելու, իրական մեղավորներին բացահայտելու հարցում: Այսինքն` իշխանությունները ցույց են տալիս, որ իրենք ցանկություն չունեն երկխոսության: Ավելին, կարծում եմ, իրենց թվում է, թե կարիք չունեն երկխոսության: Եթե այսքան նեղանում է քննարկման դաշտը, ապա իշխանափոխությունից հետո, որը համոզված եմ` անխուսափելի է, իշխանություններն իրենց համար փրկության հնարավորություններ չեն թողնում: Այս պարագայում իշխանություններին սպասում է կամ ժողովրդական ալիքի տակ ճզմվելու անփառունակ հեռանկարը կամ ծանր վճիռներ միջազգային ատյանների դատարաններում: Որոշակի երկխոսության հնարավորություն ինքնըստինքյան դեռեւս կա: Օրինակ` եթե անմիջապես ազատեն բոլոր քաղբանտարկյալներին, ապա շատ դատախազներ հետագայում չեն մեղադրվի ակնհայտ ապօրինի մեղադրանք ներկայացնելու, իսկ շատ դատավորներ՝ ակնհայտ ապօրինի վճիռներ կայացնելու համար:

- Իշխանությունները, սակայն, պնդում են, որ իրենք բարեփոխումներ են իրականացնում, բացի դա` պարբերաբար արդարանում են. վերջերս Ռ.Քոչարյանը հարցազրույց տվեց ու ասաց, թե ուժի կիրառումը պարտադրված է եղել, դա ամենաշատը իրենց էր ոչ ձեռնտու, ավելին` ձեռնտու էր հակառակ կողմին: Իսկապե՞ս...

- Դա իհարկե պատասխանատվությունը իր վրայից գցելու` Քոչարյանի սովորական քաղաքականությունն է, որը հիմա նա փորձում է իրականացնել բացարձակ անպատասխանատու վիճակում` որեւէ պաշտոն չզբաղեցնելով: Իսկ հարցազրույցի ոճը ես կասեի ոչ թե անպատասխանատու էր, այլ նույնիսկ սանձարձակ` խոսքերը, բառերը` ապա նայեք: Արյունը իշխանություններին պետք էր, որ ժողովուրդը վախենա իրենցից: Նրանց ներկա քաղաքականությունը էլի նույնն է. փորձում են վախեցնել, մարդկանց են աշխատանքից ազատում, բերման ենթարկում, ձերբակալում, անիմաստ զրույցների հրավիրում: Իսկ ինչ վերաբերում է բարեփոխումներին, ապա մինչեւ հիմա որեւէ բան չենք տեսել: Երեք ամսվա ընթացքում գոնե փոքր քայլ հնարավոր էր անել: Այն, ինչ որ ներկայացրել է ԵԽԽՎ բանաձեւի կատարման առթիվ ստեղծված Հովիկ Աբրահամյանի հանձնաժողովը, նույնիսկ լավ իմիտացիա էլ չի բարեփոխումների, այլ շատ պարզունակ, պրիմիտիվ իմիտացիա է: Փաստորեն միակ տեսանելի փոփոխությունը թանկացումներն էին: Եթե նորմալ հաշվարկ ենք անում, տեսնում ենք, որ թանկացումներ չպետք է լինեին: Եթե հաշվարկում ենք այս ընթացքում եղած դոլարի կուրսի փոփոխությունները, տեսնում ենք, որ եթե ինչ-որ մարդիկ գերշահույթներ չստանային, թանկացումներ կարող էին պարզապես չլինել: Պարզ է, որ գազի թանկացմանը հետեւելու են տրանսպորտի թանկացումները, դրան` բոլոր ապրանքատեսակների, այդ թվում նաեւ սննդամթերքի թանկացումները: Անխուսափելիորեն հետեւելու է էլեկտրաէներգիայի թանկացումը, այնպես որ, անհասկանալի է` ինչ բարեփոխումների մասին է խոսքը: Մինչդեռ անհրաժեշտ է մեկ բարեփոխում, որ ժողովրդից գողացված ձայները վերադարձվեն ժողովրդին: Պետք ունենալ վստահություն վայելող իշխանություններ, որ նա կարողանա աշխատել ժողովրդի հետ:

- ԵԽ-ն մինչեւ հունիս ՀՀ իշխանություններին ժամանակ էր տվել` ԵԽԽՎ բանաձեւը կատարելու համար: Կհասցնե՞ն...

- Ոչ մի իրական քայլ չեմ տեսել: Շարունակվում է նույն քաղաքականությունը, որ եղել է մարտի 1-ից հետո: Նույն չհայտարարված արտակարգ դրությունն է: Օրինակ` կիրակի օրը Ազատության հրապարակում կայացած ռոք համերգի ժամանակ ոստիկաններն իրենք էին որոշում` ով կարող է մասնակցել համերգին, ով` ոչ: Նույն արտակարգ դրությունն է. պարզապես զինվորականների փոխարեն ոստիկաններ են կանգնած: Իրենք ոչինչ էլ չեն ցանկանում փոխել: Օրինակ` ԵԽԽՎ-ն պահանջում է, որ չեղյալ հայտարարվեն միտինգների հետ կապված օրենքի վերջին լրացումները, իսկ իրենք մտցրել են նոր դրույթ, որ մերժումները կարելի է բողոքարկել դատարանում: Իսկ դատարաններն այս ընթացքում ցույց են տվել իրենց դեմքը, եւ մենք հասկանում ենք, որ դատավորներն այսօր Ս.Սարգսյանի, Ռ.Քոչարյանի թիկնազորի մի մասն են` պարզապես դատավորի պատմուճանով: Այնպես որ, բարեփոխումներ սկզբունքորեն անհնար է պատկերացնել: Ի՞նչ կարող է սպասվել Հայաստանին: Եթե ընդդիմությունը ցույց տա իր ակտիվությունը, ապա Արեւմուտքի հետ հարաբերություններում ՀՀ իշխանությունների վիճակը կարող է կտրուկ վատանալ: Հայաստանի իշխանությունները հռչակել են հանրապետություն, որ Հայաստանում պետք է լինի ժողովրդի իշխանություն, մինչդեռ գնում է ժողովրդի իշխանության ամենակոպիտ բռնաբարում: Սա Հայաստանը դարձնում է պրոբլեմատիկ երկիր Արեւմուտքի համար: Անհասկանալի է, թե ՀՀ իշխանությունները ում են ներկայացնում, արդեն ակնհայտ է դառնում, որ ժողովրդին չեն ներկայացնում:

- Կարո՞ղ է այդ իրավիճակն ազդել ԼՂ բանակցային գործընթացի վրա:

- Իհարկե կազդի, քանի որ ոչ լեգիտիմ իշխանությունները կրիտիկական չափով չափազանց թույլ իշխանություններ են, եւ այդ թույլ իշխանությունների հանդեպ կարող են կիրառվել շատ կոշտ միջոցներ միջազգային ասպարեզում` ընդհուպ մինչեւ մեզ համար անընդունելի բանաձեւ ստիպելը, որ այս իշխանություններն ընդունեն:

- ...Հայ հասարակության անելիքը ո՞րը պետք է լինի, ըստ Ձեզ:

- Հայաստանի հասարակության անելիքը սեփական իրավունքների համար պայքարն է: Այն կարող է արտահայտվել տարբեր ձեւերով եւ տարբեր բնագավառներում: Եվ այդ պայքարի արդյունքում այդ իրավունքների ձեռքբերումը, որից հետո չափազանց հաճախ օգտագործվող բառը` ազատությունը, կդառնա իրականություն: Անկախությունը նրա համար է, որ քաղաքացիներն ազատ զգան իրենց, ազատության մեջ ապրեն: Եթե մեր քաղաքացիները ապրում են անազատության մեջ, այդպիսի անկախությունն անիմաստ է: Եթե քաղաքական հայացքների համար կա գեթ մեկ անազատ մարդ, ուրեմն մյուսները նույնպես անազատ են:


Zhamanak.com

No comments: