Sunday, June 1, 2008

Իմիտացիա

«Իշխանությունը հերթական անգամ Հայաստանում բռնազավթված է, եւ այն քայլերը, որ արվում են, նպատակ ունեն մինիմալ կորուստներով մաքսիմում պահպանել բռնազավթած իշխանությունը»,-այսօր հայտարարեց մարտի 1-ի դեպքերից հետո կալանավորված, այժմ հանրապետությունից չբացակայելու պայմանով ստորագրությամբ ազատության մեջ գտնվող ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը:

Այս կարծիքը չի կիսում բնականաբար նրա ընդդիմախոս ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը: Նա նկատում է, որ իշխանություն է համարվում նաեւ խորհրդարանը, ու երբ ասվում է, որ բռնազավթված է իշխանությունը, նշանակում է խորհրդարանական ընտրություններն էլ են կեղծվել, բայց միջազգային դիտռորդների գնահատականը շատ դրական է եղել ընտրությունների վերաբերյալ:

Ռուբինյանը համամիտ չէ, եւ գտնում է, որ խորհրդարանական ընտրությունները եւս կեղծվել են, բայց ժողովրդի մոտ պայքարի ցանկություն եւ հույս առաջացավ միայն Տեր-Պետրոսյանի ասպարեզում հայտնվելուց հետո: Այս առումով Խոսրով Հարությունյանը գտնում է, որ Տեր-Պետրոսյանը մի փոքր ուշացել է, եւ եթե ՀՀՇ-ն չի մասնակցել ընտրություններին եւ այսօր ներկայացված չէ խորհրդարանում, սա չի նշանակում, որ ընտրությունները կեղծվել են:

Բայց նա էլ է կիսում այն կարծիքը, որ այսօր խորհրդարանը չի արտահայտում քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը, եւ այդուհանդերձ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում: Խոսրով Հարությունյանը այսօրվա իրականությունը փորձում էր համեմատել 1996 թվականի դեպքերի հետ. «Բայց ինչո՞ւ եք վատի հետ համեմատում, չէ՞ որ աշխարհն առաջ է անցել, ժողովրդավարությունը զարգանում է ամբողջ աշխարհում»,- ասաց Ռուբինյանը եւ ինքնաքննադատաբար նկատեց, որ 96-ին էլ իշխանությունը քաղաքական կամք չունեցավ ընդունելու իրողությունը եւ գոնե երկրորդ փուլի գնալու, ինչի արդյունքում եղան խորհրդարանի շենքը գրավելու հայտնի դեպքերը: Ի դեպ, Կարապետ Ռուբինյանը հիշեցրեց Խոսրով Հարությունյանին, որ ինչ-որ չի հիշում, թե այն ժամանակ նա քննադատեր իշխանություններին, իսկ հիմա ձեռնտու է համեմատություններ անել 1996-ի հետ:

Ի դեպ, պատասխանելով «Ա1+»-ի հարցին, Խոսրով Հարությունյանը շեշտեց, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, ում սխալ հրամանի արդյունքում զոհեր են եղել, եւ նա կարծում է, որ պետք է ստղծվեր մի խումբ, որում ընդգրկված կլինեին ինչպես իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներ, այնպես էլ միջազգային փորձագետներ, որոնք անաչառորեն կվերականգնեին իրականությունը: Խոսրով Հարությունյանի կարծիքով, խումբը չստեղծվեց ընդդիմության պատճառով, այնինչ, Կարապետ Ռուբինյանը տեղեկացրեց, որ 2,5 ամիս ժամանակ ունեին իշխանությունները՝ նման խումբ ստեղծելու համար, սակայն ոչ մի քայլ չի արել, եւ իրենց ոչ մի առաջարկություն այդ ուղղությամբ չի արվել: Հանրային խորհուրդ ստեղծելու վերաբերյալ էլ Խոսրով Հարությունյանի կարծիքը խիստ դրական է, եւ ինքն իրեն տեսնում է այդ խորհրդում, իսկ Ռուբինյանը կարծում է, որ դա իմիտացիոն գործողություններից հերթականն է. «Ուզո՞ւմ եք իմանալ հանրության կարծիքը՝ բացեք «Ա1+» հեռուստաընկերությունը եւ կունենանք իսկապես զանգվածային լրատվամիջոց, թույլ տվեք հանրահավաքների անցկացումը եւ կիմանաք հասարակության կարծիքը ձեր մասին»,- ասաց Կարապետ Ռուբինյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ որակյալ կադրեր նշանակելով այս կամ այն գործին` Սերժ Սարգսյանն ուզում է շտկել երկրում իրավիճակը, ապա Ռուբինյանն ասաց. «Որակյալ, ինտելեկտուալ տղային բերեցին, նշանակեցին վարչապետ, ի՞նչ է անում այդ տղան՝ փչանալուց բացի»:


A1+

No comments: