Saturday, May 31, 2008

Նիկոլ Փաշինյան - Երկրի հակառակ կողմը (Մաս 14-րդ)

15. կորսվող ինքնություն

- Հայրի°կ, իսկ դու ի՞նչ ես արել, որ ես ապրեմ ավելի լավ երկրում:
- Մենք արդեն ապրում ենք ավելի լավ երկրում, մենք արդեն Գերմանիայի քաղաքացի ենք...

***
Հռենոսի հովիտը ոչնչով չի հիշեցնում Հայաստանը, սա արդեն Գերմանիա է, մաքուր Գերմանիա: Հայաստանյան մտորումներս այս հարթավայրում իրական հենք ստացան մեկ էլ այն ժամանակ, երբ գնացքի պատուհանից երեւաց Բադեն-Բադենը: Բայց սա արդեն ոչ թե ապագայի, այլ ներկայի, ավելի ճիշտ` անցյալի Հայաստանի մասին է:
Ծանր է, ծանր է զգալը, որ Հայաստանում չես: Ոչ թե գիտակցելը, այլ զգալը. զգալը այն տարածության, որ այս պահին դարձել է անհաղթահարելի: Ծանր է զգալը, որ հորիզոնում չկա քեզ սպասող ոչ մի ուրվագիծ, քեզ կանչող ոչ մի ձայն: Նման պայմաններում քեզ համակում են վախերը. իսկ եթե քեզ արդեն մոռացել են, իսկ եթե դու օտար ես արդեն բոլոր նրանց համար, ում համարել ես հարազատ...
Թակ, թակ, թակ: Լսվում են մոտեցող ոտնաձայներ.
- Ո՞վ է...
- Ես եմ...
- Դու ո՞վ ես...
- Դե, ես եմ, ես...
- Բայց ո՞վ` դու...
Ամեն ինչ սկսվում է այս հարցից: Ամեն ինչ սկսվեց այս հարցին պատասխանելու անհրաժեշտությունից` ո՞վ եմ ես: Թվում է` ամեն ինչ պարզ է. բարձրաձայնում ես անունդ, եւ հարցը լուծվում է: Բայց ո՞ր անունը պետք է բարձրաձայնեմ. այն, որ ունեի՞, թե՞ այն, որ ունեմ: Եւ ի՞նչ է իմ անունը հիմա, եւ ի՞նչ էր իմ անունը երեկ, ի՞նչ է լինելու վաղը իմ անունը: Ինչպիսի~ պայմանականություն, ավելի ճիշտ` խորամանկություն: Ի՞նչ է անունը, եթե ոչ ամենակարեւոր հարցի պատասխանից խուսափելու միջոց, հարցի էությունը սպանող դավադրություն:
- Ի՞նչ է ձեր անունը: What is you name?
- Բոյան. Մարկո. Յոզեֆ. Նիկոլ...
- Վերջինը շատ զվարճալի է:
Ո՞վ եմ ես: Այս հարցը իմ մանկության մղձավանջն է: Նա միշտ հայտնվում էր դավադրաբար, այն պահերին, երբ ինձ երջանիկ էի զգում, երբ քնած էի լինում իմ ծնողների, եղբայրների, տատիկի տաքուկ գրկում, երբ վայելում էի տան կրտսերի իմ արտոնությունը:
- Ո՞վ եմ ես... ես... ես...,- հարցը դղրդում էր իմ մեջ:
Չէի հասկանում` ե՞ս եմ հարցնում, թե՞ մեկ ուրիշն էր պատասխան պահանջում ինձնից: Բայց նա իր ձեռքն էր վերցնում սիրտս, նա պահանջում էր պատասխանել: Վեր էի թռչում, լացս սառում էր սարսափից: Հիշում էի իմ անունը, ազգանունը, ծնողներիս, հորաքույրներիս, մորաքույրներիս, եղբայրներիս, պապերիս, տատերիս, հիշում էի անգամ մեր «օղորմածիկ բաբոյին»:
Բայց նա ավելի էր սեղմում սիրտս, հարցը ավելի սարսափազդու էր հնչում: Վեր էի կենում անկողնուց` վազում, վազում դեպի դուռը... Հարցը անհետանում էր նույնքան անակնկալ, որքան հայտնվել էր, եւ ես նորից քնում էի նույնքան անհոգ, որքան նրա հայտնվելուց առաջ:
Ծանր է զգալը, որ Հայաստանում չես, սփոփանք էլ կա. գնում ես Հայաստան: Կասկած էլ կա` պե՞տք ես դու Հայաստանում որեւէ մեկին: Բայց Գերմանիայում` առավել եւս, առավել եւս...
***
Ճաշի ժամը մոտենում է. պետք է լոգանք ընդունել, սափրվել եւ գնալ վագոն-ռեստորան` չմոռանալով, անշուշտ, հագնվելու մասին: Վագոն-ռեստորանը այս ժամին միշտ լիքն է մարդկանցով: Բոլոր սեղանները զբաղված են, բայց որոշների շուրջ նստելու տեղ կա: Մոտենում եմ մի երկտեղանոց սեղանի, որի մոտ մի տիպիկ գերմանացի` մոտ 50 տարեկան, խիստ դիմագծերով, ծաղկավոր թիթեռնիկ-փողկապով, մենյուն է ուսումնասիրում:
- Կարո՞ղ եմ այստեղ նստել,- անգլերեն հարցնում եմ ես:
- Bitte, bitte,- գերմաներեն պատասխանում է նա եւ սկսում ինձ ուշադիր զննել:
Քիչ հետո հարցնում է հետաքրքրված հայացքով.
- Where are you from? Are you Armenian?
Շփոթմունքս երկար չի տեւում.
- Ոչ, ոչ, ես սերբ եմ, Սերբիայից եմ:
- Ահ, կներեք, կներեք,- քթի տակ ծիծաղում է,- իսկապես կներեք...
- Ամեն ինչ կարգին է, ի՞նչ տարբերություն` հա՞յ ես, թե՞ սերբ:
- Դուք, երեւում է, չեք ճանաչում հայերին: Լսե՞լ եք նրանց մասին:
- Կենտրոնական Ասիայում են ապրում, այնպես չէ՞:
- Հարավային Կովկասում. վայելուչ, եվրոպական արտաքինով, բայց էությամբ խղճուկ մի ժողովուրդ:
Զգում եմ, որ ոտքերս ուզում են ինձ բարձրացնել, ձեռքս բռունցքվում է ու ձգտում դեպի այդ խոզի մռութը: Բայց սպասիր, սպասիր, սպասիր: Սպասիր, քեզ ասում եմ: Ժպտա, ժպտա, ժպտա, դեմքիդ տուր հետաքրքրվածի արտահայտություն, մի կարմրիր, մի կապտիր, մի սեւացիր: Ժպտա, այդպես, ավելի հանգիստ ժպտա, դեմքդ լարված է, մեղմ ժպտա.
- Իսկապե՞ս...
- Նախորդ տարի ես եղա Հայաստանում, մի անմոռանալի ճանապարհորդություն, ուղղակի անմոռանալի...
Մատուցողը եկավ. սեղանակիցս սաղմոն ձուկ պատվիրեց եւ սպիտակ գինի, ես` սթեյք եւ կարմիր գինի: Այս ընդմիջումը օգնեց վերականգնել ինքնատիրապետումս: Բայց խոսակցությունը պետք էր շարունակել:
Զրուցակիցս, պարզվեց, գերմանացի երկրաբան է, Էրվին անունով: Նա մի ընկերության պատվերով այցելել էր Հայաստան եւ երկու ամիս անցկացրել այնտեղ: Էրվինը աչք ծակելու չափ կոկիկ էր հագնված: Կրում էր ոսկե, կլոր շրջակալով ակնոցներ: Ճաղատությունը էլ ավելի էր ընդգծում դեմքին մշտապես առկա լարվածությունը:
- Եւ ինչո՞վ է ձեզ համար հիշարժան դարձել այդ երկիրը,- իբր իմիջիայլոց հարցրի ես:
- Շատ բանով,- ասաց Էրվինը` նենգ ժպիտը դեմքին, ու շարունակեց,- նրանք հենց սկզբից հարձակվում են իրենց երկիր մտած ամեն մի օտարերկրացու վրա եւ սկսում են տարբեր բաներ ապացուցել: Սկսում են, իհարկե, նրանից, որ իրենք ամենահին ժողովուրդն են: Եւ գիտե՞ք նրանք ինչ հեշտությամբ են խաղում հազարամյակի հետ: Նստած ենք, ասենք, սեղանի շուրջ շատ լուրջ պարոնների հետ: Եւ ահա, նրանցից մեկը կասի, որ իրենց ժողովուրդը երեք հազար տարվա պատմություն ունի: Սեղանի շուրջ անպայման կգտնվի մեկը, որ նրան կուղղի` հինգ հազար տարվա: Կարճ բանավեճից հետո նրանք կհամաձայնեն այն տարբերակի շուրջ, որ Նոյը առաջին հայն է: Բայց սա ամենը չէ, նրանք առաջին քրիստոնյաներն են: Ու չնայած սրանով նրանք հպարտանում են, բայց եւ չեն կարողանում ներել Հիսուսին, որ նա եկավ ու իրենց մի քանի հազարամյա նախաքրիստոնեական մշակույթը ոչնչացրեց. որպես ապացույց նրանք ունեն մի հռոմեական հավաբուն: Չէ, կներեք, նաեւ պարսատիկի քարերի մի կույտ, որ նրանց կարծիքով` Սթոուն-հենջի եղբայրն է,- Էրվինը սկսեց անզուսպ ծիծաղել:
Ես չգիտեի` ինչ ասել. սագի նման` անզգա կուլ էի տալիս մսի կտորները, անջատված լակում գինին:
- Բայց նրանք նաեւ ամոնատառապածն են. նրանց հետապնդել է ոչ միայն Հիսուսը (չնայած նրանք քրիստոնյա են), այլեւ Մուհամմեդը` Հիսուսի պատճառով: Եւ այս ամենը ապացույցն է ընդամենը մեկ բանի. նրանք ամենախելոքն են:
- Այո, ծանր օրեր եք անցկացրել այնտեղ,- կեղծ կարեկցանքով ասացի ես:
- Ոչ, ի՞նչ եք ասում, դա շատ զվարճալի էր: Հետո նրանք սկսում են բացատրել: Բացատրում են, թե ինչ բան է ճարտարապետությունը. նրանք ոչինչ չեն լսել Քյոլնի տաճարի, Սան Ստեֆանի, Սագրադա-Ֆամիլյայի, Նոտր Դամի մասին: Հետո նրանք սկսում են բացատրել, թե ինչ է գրականությունը, իրենց գրականությունը. ոչինչ չեն լսել Գյոթեի, Բայրոնի, Դոստոեւսկու, Մարկեսի մասին: Նրանք սկսում են բացատրել ամեն ինչ, խոսում են իրենց աշխարհակալ թագավորների, պետությունների մասին. ոչինչ չեն լսել Մակեդոնացու, Նապոլեոնի, Կեսարի մասին:
Ինձ թվաց, թե ես ուր որ է կհեկեկամ: Էրվինը շարունակեց.
- Բայց ամենազվարճալին այն է, երբ նրանք սկսում են ստուգել, թե արդյոք սերտել ես իրենց բացատրածը: Ի դեպ, այն վանքում, որտեղ ապրել է իրենց սուրբը, եւ որը դիտակետ է սուրբ սար Արարատի համար, այնքան աղբ կա, որ դա կարծես ոչ թե սրբատեղի է, այլ աղբանոց...Ես ուզում էի թեման փոխել: Բայց, չէ, ի՞նչ էր խոսելու այս խոզի մռութը, եթե ես սկզբում նրան ասեի, որ հայ եմ: Գիտեմ, թե ինչ էր խոսելու...
- Կներեք, իսկ ինչի՞ մասին էիք զրուցելու, եթե պարզվեր, որ ես հայ եմ: Դե, եթե մեր ծանոթության սկզբում պարզվեր, որ հայ եմ:
Էրվինը բռնված հանցագործի նման ինձ էր նայում:
- Ի՞նչ իմանամ, կխոսեինք մի բանի մասին,- շփոթված ասաց նա:
- Իսկ ինձ թվում է, թե դուք պիտի գովեիք նրանց պատմությունը, նրանց ճարտարապետությունը...
Նա կարմրեց.
- Դա, ախր, նրանց դուր է գալիս...
Ես սպանված էի.
- Ձեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է,- այլայլվածությունս նկատելով` հարցրեց նա:
- Ստամոքսս կարծես խանգարվել է,- ասացի ես ու վեր կացա:- Հաշիվս կբերեք կուպե,- դիմեցի ես մատուցողին:
Կուպեում շատ նեղվածք էր: Չէի կարողանում շնչել: Մատուցողը բերեց հաշիվը, վճարեցի, բայց շունչս կտրվում է. բացեցի պատուհանը: Օդ կա, բայց կուպեում նեղվածք է: Գնացքը դանդաղեցրեց ընթացքը. երեւի կանգառ է լինելու: Արագ հավաքեցի փոքրաթիվ իրերս: Գնացքը կանգնեց ինչ-որ կայարանում: Իջա. կայարանում մեծ ցուցանակ էր կախված` քաղաք Վիսբադեն:

(շարունակելի)

No comments: