Sunday, June 1, 2008

Օպերլիազորը «բարոյահոգեբանական» վնասվածք է ստացել

«Ամբաստանյալ»,- դիմելով մարտի 1-ին Արաբկիրի օպերլիազոր, վկա Էդգար Պետրոսյանին՝ իր խոսքի մեջ հանկարծակի վրիպեց դատավոր Ռուբեն Ափինյանը: «Վերջապես դուք տվեցիքամենաճիշտ որակումը այս խաբեբային»,- արձագանքեցին դահլիճում նստածները: Երբ դահլիճն համընդհանուր պոռթկաց ծիծաղից, դատավորը շփոթված ասաց, թե. «Ես վրիպումտվեցի, իսկ դուք ամեն բանից ուրախանում եք»:

Այս միջադեպը տեղի ունեցավ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ձերբակալված Միսակ Հովակիմյանի դատավարության ընթացքում: Նա մեղադրվում է ՀՀ «Քրեական օրենսգրք»-ի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ոտնձգություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ: Ի դեպ, այս գործով դատավարության ընթացքում արդեն 3-րդ անգամ փոխվում է դատական քարտուղարը:

Ի դեպ, երբ դատապաշտպանը փորձեց հետաքրքրվել, թե հատկապես ինչ բռնություն է ամբաստանյալը ցուցաբերել վկա Պետրոսյանի նկատմամբ, արդյոք նրան մարմնական վնասվածք կամ այլ տիպի վնասվածք է հասցրել , վերջինս պատասխանեց. «Ոչ, միայն բարոյահոգեբանական վնասվածքներ է հասցրել»: Դահլիճն այս անգամ էլ չդիմացավ ու պայթեց ծիծաղից: Դատապաշտպան Մուշեղ Շուշանյանի հաջորդ հարցին տված պատասխանն էլ ավելի մեծ ծիծաղ առաջացրեց դահլիճում. «Ինչի՞ց որոշեցիք, որ Հովակիմյանը ձեզ բարոյահոգեբանական վնաս է հասցրել»: «Երբ նա սկսեց մեր պահանջները չկատարել»,- եղավ վկա Պետրոսյանի պատասխանը: Բացի այդ՝ նա մի պահ խորհրդավոր լռելուց հետո հայտարարեց նաեւ, որ «ամբաստանյալի գործողություններից իր արժանապատվությունը վիրավորվել է»: Ինչ վերաբերում է մարմնական վնասվածքներին, ապա պարզվեց, որ Հովակիմյանը հարվածել է ընդամենը ձեռքերին:

Դահլիճի պարբերաբար ծիծաղի պոռթկումները սկսեցին դուր չգալ դատավորին, եւ նա երկու կնոջ դուրս հանեց դահլիճից ծիծաղելու համար:

Դատապաշտպանի հարցերից հետո Միսակ Հովակիմյանն իր հերթին եւս սկսեց մի քանի հարցեր տալ վկային: Օրինակ՝ նրան հետաքրքրում էր, թե բերման ենթարկելուց հետո ինքը՝ Հովակիմյանը բաժանմունքում ինչ է ասել ոստիկաններին: Վկա Պետրոսյանը չէր հիշում: «Որովհետեւ դու չես եղել այնտեղ, դու չես ինձ բերման ենթարկել, դրա համար էլ չես հիշում»,- արձագանքեց Հովակիմյանը:

Ի դեպ իրավաբանական կրթություն ունեցող վկան երկար ժամանակ չէր կարողանում հասկանալ, թե բերման ենթարկելու համար ինչ իրավունքներ պետք է բացատրեր ձերբակալվածին ու ամենակարեւորն՝ ինչի համար: Իսկ ապա՝ վերջապես խոստովանեց, որ ոչ մի իրավունքի մասին էլ չի ծանոթացրել. «Փողոցում ի՞նչ իրավունք բացատրեի», - հետո շարունակեց, որ իրեն ընդամենը հրաման է եղել. «Ազատության հրապարակում շրջագայելու ժամանակ մարդկանց հետ բացատրական աշխատանքներ անցկացնեն եւ զգույշ լինեն»: Դատապաշտպանը հիշեցեց, որ նա խախտել է ՀՀ կառավաության որոշումն, ըստ որի՝ նա պարտավոր էր ձերբակալվածին հիշեցնել իր իրավունքները:

Այնուհետեւ՝ սկսեց ցուցմուքներ տալ ամբաստանյալի որդին՝ Վահագն Հովակմյանը, որը «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող է եւ իբրեւ վկա դատակոչվել է դատարանի կողմից: Նա հայտարարեց, որ թեեւ սահմանադրորեն իրեն վերապահված իրավունքով չի ասի, թե ինչ հիմքերով, բայց լուրջ կասկածներ ունի, որ իր հորը ձերբակալել են, քանի որ ինքը լրագրող է:

Հարջորդ վկան պաշտպանական կողմից էր՝ Ներսես Ներսիսյանը, որին հարցաքննելու հմար պաշտպանական կողմը 15 րոպե ժամանակ խնդրեց:

A1+

No comments: