Sunday, June 1, 2008

Հացադուլ երեք պահանջով

Այսօր ՀՀՇ վարչության մոտ ժամը 11.00-ին նախկին 3 հացադուլավորներին փոխարինեցին եւս 4-ը` Արա Քոչարյանը, Բագրատ Անդրեասյանը, Հովհաննես Գրիգորյանը եւ Տիգրան Առաքելյանը: 3 օր հետո այս 4 հացադուլավորիներին կփոխարինեն եւս 4-ը: ՀՀՇ անդամներն իրենց հացադուլը կշարունակեն մինչեւ հունիսի 20-ը: Այս պային հացադուլի միանալու ցանկություն են հայտնել նաեւ մոտ 250 երիտասարդ ՀՀՇ-ականներ: Հացադուլավորների պահանջը մեկն է` ՀՀ գործող վարչախումբը պետք է կատարի ԵԽԽՎ 1609 բանաձեւի բոլոր կետերը: Իսկ իրենց պահանջները հացադուլավորները ձեւակերպել են 3 կետով. «Առաջին` անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ դադարեցնել քաղաքական դրդապատճառներով հալածանքները: Երկրորդ` անցկացնել մարտի 1-ի ոճրագործության միջազգային անկախ հետաքննություն եւ երրորդ` ապօրինաբար չխոչընդոտել հավաքների ազատության սահմանադրական իրավունքի իրականացումը»:

Ի դեպ, նախկին հացադուլավորներից ՀՀՇ վարչության անդամ Սարգիս Թամազյանի առողջական վիճակը 3-օրյա հացադուլի արդյունքում կտրուկ վատացել է եւ նրան ՀՀՇ վարչության մոտից տեղափոխել են Նոր-Նորքի հիվանդանոց: «Հիվանդանոցում նրան համապատասխան օգնություն են ցուցաբերել` կաթիլային ներարկել, որից հետո տեղափոխել են տուն: Այս պահին նա պառկած է տանը»,- «Ա1+»-ին տեղեկացրեց այսօր իր կուսակցին փոխարինած` Արա Քոչարյանը: Մայիսի 30-ին ՀՀ վարչության մոտ հացադուլ հայտարարածներին այցելել են ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ այլ ընդդիմադիր առաջնորդներ: Թեեւ հացադուլի մասին տեղյակ էր պահվել Երեւանի քաղաքապետարանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ Գլխավոր դատախազությանը եւ Հայաստանում Կարմիր Խաչին, սակայն հացադուլավորներին այցելել են միայն Կարմիր Խաչից եւ ասել, որ ոչնչով չեն կարող աջակցել հացադուլավորներին, քանի որ չեն զբաղվում քաղաքականությամբ:

Հիշեցնենք, որ հացադուլավորները կոչ են անում ՀՀ բոլոր այն քաղաքացիներին, ում համար թանկ է ազատությունը ու մարդկային արժանապատվությունը միանալ իրենց բողոքին եւ հացադուլը դարձնել շարունակական: ՀՀՇ անդամների հացադուլին պատրաստվում են միանալ նաեւ այլ ընդդիմադիր կուսակցությունների անդամներ, որոնք դեռ պաշտոնապես չեն հայտարարել իրենց մտադրության մասին:


A1+

No comments: