Monday, April 28, 2008

Արգելվել է 26 հանրահավաք

“26 անգամ, Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերն իրազեկում են ներկայացրել քաղաքապետին, հանրահավաք կամ երթ կազմակերպելու նպատակով: Դրանք բոլորը մերժվել են: Դրանց մեծ մասը մենք վիճարկել ենք վարչական դատարանում, որտեղ այդ վճիռը թողել են ուժի մեջ”, ապրիլի 28-ին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին է հայտնել առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրական շտաբի անդամ Մանուշակ Պետրոսյանը:

Նրա խոսքով, կարելի էր ընդամենը մեկ-երկու մերժման փաստ ներկայացնել դատարան, քանի որ բոլորը միանման են եւ դա վկայում է ընդդիմության դեմ իրականացվող մշակված քաղաքականության մասին: Իսկ իրական ընդդիմություն Մանուշակ Պետրոսյանը համարում է միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նրա շուրջ համախմբված քաղաքական ուժերին: Քաղաքապետարանը հանրահավաքները մերժում է հիմնվելով ցույցերի, երթերի եւ հանրահավաքների մասին օրենքի այն փոփոխությունների վրա, որոնք կատարեց խորհրդարանը արտակարգ դրության պայմաններում:

Հիմնվելով այդ օրենքի վրա, քաղաքապետարանը մերժում է հանրահավաքների հայտերը, քանի որ ոստիկանությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը եզրակացություն են ներկայացնում, ինչպես օրենքում է նշված, թե տեղեկություն ունի, որ հանրահավաքի ընթացքում կարող են լինել անօրինություններ, կարող են հրահրվել անկարգություններ: Այդ տեղեկությունների հիման վրա էլ իրավապահ մարմինները քաղաքապետարանին եզրակացություն են տրամադրում, թե նպատակահարմար են գտնում ժամանակավորապես արգելել հանրահավաքների անցկացումը:

Փաստաբան Ռոբերտ Սանոյանն ասում է, որ իրավապահ մարմինների այդ տեղեկությունների մեջ չկա որեւէ կոնկրետ բան, այլ միայն ընդհանրական, անձի անմեղության կանխավարկածը խախտող ձեւակերպումներ են, թե հետախուզման մեջ գտնվող, պետական իշխանությունը յուրացնելու համար զանգվածային անկարգություններ հրահրած մարդիկ կարող են փորձել նույն բանը կրկնել նոր հանրահավաքների ընթացքում: Փաստաբան Վահե Գրիգորյանն ասում է, որ օրենքի փոփոխությունները փաստացի հիմք են տալիս իշխանությանը, ասենք Իջեւանում տեղի ունեցած մի անկարգության պատճառով, Մեղրիում արգելել հանրահավաք անցկացնելը:

Ելնելով առկա իրավիճակից, Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերից Պահպանողական կուսակցությունը, որի հանրահավաք անցկացնելու իրազեկումն էլ քաղաքապետարանը մերժել է, դիմել է Սահմանադրական դատարան ուր վիճարկում է ցույցեր, երթեր, հավաքներ անցկացնելու մասին օրենքի այն փոփոխված դրույթները, որոնց հիման վրա հենց իշխանությունն արգելու է ընդդիմության հանրահավաքների անցկացումը: Դիմումն արդեն ներկայացվել է Սահմանադրական դատարան:

lragir.am

No comments: