Monday, April 28, 2008

Թբիլիսին պատճառ դարձավ, որ կոնգրեսն անցնի Երևանում

Մայիսի 2-ին Երեւանում, կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունենալու Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների երկրորդ կոնգրեսը: Այդ մասին ապրիլի 28-ին լրագրողներին է տեղեկացրել Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրական շտաբի անդամ Մանուշակ Պետրոսյանը: Նա նշել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ուժերի թիվը չի պակասում: Ավելին, ի տարբերություն առաջին կոնգրեսի, որ տեղի է ունեցել դեկտեմբերին, կոնգրեսի մասնակիցների կազմն ընդլայնվել է, ինչպես տեղեկացնում է Մանուշակ Պետրոսյանը:

“Որոշ կուսակցություններ եւ հասարակական կազմակերպություններ հավելյալ, ցանկություն են հայտնել միանալ համաժողովրդական շարժմանը”, ասում է Մանուշակ Պետրոսյանը: Մասնակցելու են մոտ 20 կուսակցություն, 20-ից ավելի հասարակական կազմակերպություններ:

Մանուշակ Պետրոսյանը նշում է, թե կոնգրեսի ընթացքում կտրվի անցած ուղու, անցած իրադարձությունների քաղաքական գնահատականը, ինչպես նաեւ կխոսվի համաժողովրդական շարժման հետագա անելիքների մասին: Մանուշակ Պետրոսյանն ասում է, որ այսօր ամբողջ ժողովուրդն է ընդդիմություն այս իշխանությանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրան սատարող ուժերը առաջնորդում են այդ ժողովրդին եւ առաջնորդելու են այնքան, քանի դեռ ժողովուրդը կգնա նրանց հետեւից մինչեւ վերջ.”Պայքար, պայքար մինչեւ վերջ”, ասում է Մանուշակ Պետրոսյանը:

Նա նաեւ տեղեկացրել է, թե որեւէ տեղ դահլիճ չէին տրամադրում Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի կոնգրեսի համար, եւ միայն այն բանից հետո, երբ համաժողովրդական շարժումն արդեն պայմանավորվածություն էր ձեռք բերել կոնգրեսն անցկացնել Թբիլիսիում, իշխանությունը որոշել է նահանջել, ինչպես նշել է Մանուշակ Պետրոսյանը, եւ տրամադրել կառավարության նիստերի դահլիճը: Մանուշակ Պետրոսյանն ասում է, որ կոնգրեսը Թբիլիսիում տեղի ունենալու պարագայում լինելու էր ավելի փոքր ծավալի, եւ մասնակիցներն առավոտյան Երեւանից մեկնելու էին Թբիլիսի, անցկացնելու էին կոնգրեսը եւ նույն օրը վերադառնալու էին Երեւան:

Լրագրողների հարցին, թե արդյոք իշխանության ներկայացուցիչների հրավեր ուղղել են կոնգրեսին ներկա լինելու համար, Մանուշակ Պետրոսյանն ասել է, թե անհրաժեշտությունը չեն տեսել հրավիրել զուտ հրավիրած լինելու համար: Եվ, բացի այդ, Մանուշակ Պետրոսյանն ասել է նաեւ, որ իշխանությունը թերեւս հնարավորություն ունի լսել կոնգրեսի ելույթները:

lragir.am

No comments: