Wednesday, April 30, 2008

Վկաները չներկայացան դատարան

Այսօր Շիրակի մարզի Ընդհանուր դատարանում շարունակվել է Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի եւ Պետրոս Մակեյանի գործով դատավարությունը: Կարճ ժամանակ անց նիստն հետաձգել է աշխատանքները վկաների չներկայանալու պատճառով:

Մինչ դատական նիստը կսկսեր իր աշխատանքները, «Հայոց կանանց շարժման» ակտիվիստները ձերբակալվածներին սատարելու նպատակով դատարանի շենքի դիմաց ակցիա անցկացրեցին: Ակցիան շարունակվեց նաեւ դատարանի դահլիճում,որտեղ պետք է շարունակվեր վկաների հարցաքննությունը: Նախեւառաջ իր խոսքը պետք է ասեր 34/06 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Հովհաննիսյանը, սակայն նա չէր ներկայացել այսօրվա նիստին: Ընդհանրապես դատարանն այսօր ոչ մի վկայի խոսք չլսեց:

Դատարանին ներկայացրած գրությունների համաձայն, վկաներից ոմանք ընդհանրապես բացակայում են հանրապետությունից, ոմանք չեն ներկայացել առողջական խնդիրների պատճառով: Փաստաբանները կասկածեցին գրությունների իսկությանը: Դատարանը հնարավորություն տվեց անձամբ ծանոթանալու դրանց:

Ինչպես փաստաբանները, այնպես էլ մեղադրող կողմը միջնորդեցին ապահովել վկաների ներկայությունը դատարանի դահլիճում: Իսկ մինչ այդ փաստաբանները միջնորդեցին փոխել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը Աշոտ Զաքարյանի, Պետրոս Մակեյանի եւ Շոթա Սաղաթելյանի նկատմամբ եւ նոր որոշում ընդունել ազատել կալանքից, Եվրադատարանի նախադեպային իրավունքի կիրառումով: Ասենք, որ միջազգային այս կառույցի իրավական նորմը կարող է կիրառվել միայն մշտական բնակության վայրից չբացակայելու վերաբերյալ իրատեսական փաստարկների ապահովման դեպքում: Փաստաբաններն հավաստում էին, որ այդ փաստարկներն առկա են: Դատարանն էլ որոշեց հետաձգել միջնորդության քննարկումը մինչեւ մայիսի 7-ը:

«Ցայգ» հ/ը

Գյումրի

A1+

No comments: