Monday, April 28, 2008

Ի պաշտպանություն Սմբատ Այվազյանի


«Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասնակիցներն այսօր իրենց բողոքն արտահայտելու նոր ձեւ էին գտել: Հաղթանակ գյուղում (4-րդ գյուղ) նրանք մոտ մեկ ժամ երգեցին ազգային-ազատագրական երգեր` ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Գյուղ մեկնած կանանց փոստի մոտ սպասում էին արդեն մեծ թվով կանայք եւ նրանք էլ քաղբանտարկյալների նկարներով, դրոշներով եւ երգերի բառերով միացան մեծամասնությանը:

«Երբ Երեւանից գալիս ենք այստեղ, մենք էլ բոլորի նման հոգսեր ու գործեր ունենք, բայց հիմա մեր ընդհանուր հոգսը մեր այրերի ազատագրումն է»,-Հաղթանակն գյուղի կանանց ողջունեց տիկին Անահիտը:

Կանանց հանդիպելու էր եկել արդեն ազատ արձակված Խաչիկ Սիմոնյանը, ով շնորհակալություն հայտնեց նրանց` երկար ժամանակ իր նկարներով պաստառը պահելու եւ իր ազատ արձակման համար պայքարելու համար:

«Արդյոք ովքե՛ր են, ինչ կտրիճնե՛ր են» բարձր երգում էին կանայք եւ գյուղով անցնող մեքենաները կանգնում էին` տեսնելու, թե «ինչ կանանց համերգ է»: «Մենք չենք պատրաստվում հեռանալ մեր երկրից, մենք ենք մեր երեխաների ապագան կերտելու»,-ասաց «Ա1+»-ին ակտիվիստներից Թամարա Մանուկյանը, ով բացատրում էր իր` ակցիաներին մասնակցելու առիթը:

Առհասարակ կանայք շատ ասելիք ունեին եւ խնդրում էին մեզ ձայնագրել իրենց խոսքը փոխանցել լայն զանգվածներին:

«Սմբատ Այվազյանը մեր շատ հարգված համագյուղացին է եւ մեր թասիբի հարցն է պայքարել նրա ազատ արձակման համար»,-«Ա1+»-ին ասաց Հաղթանակ գյուղի բնակիչներից տիկին Ալիսան: Նա նաեւ նշեց, որ որոշել են ամեն օր գյուղում փոստի մոտ հավաքվել եւ մեկ ժամ «ազատության զբոսանքներ անել»:

Նշենք, որ կանայք Երեւանից պայմանավորվածից քիչ ավելի ուշ հասան Հաղթանակ գյուղ, քանի որ նրանց ակտիվիսներից մեկին բերման էին երթարկել Նոր Նորքի ոստիկանություն, զրուցել եւ բաց թողնել: Նա ոստիկանությունից դուրս էր եկել եւ կանանց միացել:

No comments: