«Իմ վարույթում եղած քրեական բոլոր գործերը իրավական դաշտի հետ կապ չունեն: Բոլորը քաղբանտարկյալներ են եւ նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացվում»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց փաստաբան Հովիկ Արսենյանը: Պարոն Արսենյանը այսօր պաշտպանում է մարտի 1-ի ողբերգական դեպքերի առնչությամբ հարուցված 25 քրեական գործերով անցնող անձանց:
«Իմ գործունեության արդյունքում ակնհայտ է դառնում, որ Հայաստանում արդարադատություն չի իրականացվում: Այսօր Հայասատանում դատական համակարգը քաղաքական ցանկությունների, պատվերների իրականացման գործիք է: Ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ դատավարությունների ընթացքում հնարավոր չէ գտնել օրենքի առկայության նշույլ: Այս իրավիճակն ավելի ակնառու է Գյումրիի դատարանում, որտեղ քաղաքական պատվեր են իրականացնում Պետրոս Մակեյանի, Շոթա Սաղաթելյանի եւ Աշոտ Զաքարյանի նկատմամբ»,- ասաց պարոն Արսենյանը:
Փաստաբանը նույն ձեռագիրն է տեսնում բոլոր քաղբանտարկյալների գործով. «Բոլորի նկատմամբ քրեական գործ է հարուցված զուտ նրանց քաղաքական հայացքների համար»:
Այս իրավիճակում, երբ դատարանում մեղադրող կողմն ու դատավորը չեն առաջնորդվում Քրեական դատավարության օրենսդրությամբ, փաստաբանին մի բան է մնում.«Ես ապացուցում եմ, որ դատարանները չեն պաշտպանում իրավունքի շահերը, կատարում են քաղաքական պատվեր, չեն հետեւում օրենքի եւ օրինականության ոգուն: Եթե ես կարողանում եմ դատարանում այս ամենը վեր հանել, մնացածը` հետեւություններն ու անելիքները հասարակությանն է»: Փաստաբան Արսենյանը ցավով է նշում, որ բոլոր 25 գործերով էլ, դատավորները մոռացել են իրենց առաքելությունը եւ դատավորի դերը. «Բոլոր 25 գործերով էլ դատավորները պատվեր են կատարում: Չկա դատավոր հասկացություն: Հանրապետությունում «դատավոր» անունը կա, ամանում չկա: Եւ այստեղ էական չէ, թե ով է դատավորը, բոլորն էլ գտնվում են վերահսկողության տակ, նրանք քաղաքական պատվերի գործիքներ են»:
Փաստաբանը վստահեցնում է, որ եթե տվյալ գործով քաղաքական պատվեր կա, ապա դատավարության ընթացքում ոչինչ փոխել հնարավոր չէ: Ի դեպ, փաստաբանը «Ա1+»-ին նաեւ տեղեկացրեց, որ իր պաշտպանյալները դժգոհություն չունեն ազատազրկման վայրերի պայմաններից եւ վերաբերմունքից, որտեղ պահվում են: Օրենքով սահմանված ժամկետներում նրանք նաեւ կարողանում են ամիսը 2 անգամ հանդիպել իրենց հարազատների հետ:
Այսօր ՀՀ-ում ընթացող դատավարությունները Հովիկ Արսենյանին թույլ են տալիս ասել, որ ՀՀ իշխանություններն ուղղակի անտեսում եւ արհամարհում են քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ քաղաքական հետապնդումները դադարեցնելու մասին միջազգային կառույցների հորդորները, ինչպես նաեւ Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի վերջին բանաձեւում տեղ գտած կետերը: «Այս վարչախումբը լուրջ խնդիրներ ունի միջազգային կառույցների եւ առաջին հերթին մեր ժողովրդի առաջ»,- ասաց փաստաբան ՀովիկԱրսենյանը:
Ի դեպ, նրա պաշտպանյալներից ոչ մեկը չի զղջում իրենց քաղաքական հայացքների համար:
No comments:
Post a Comment