Tuesday, May 13, 2008

14 հոգի ևս հացադուլ հայտարարեցին

Դեռեւս մայիսի 7-ին Գյումրիում կայացած դատավարության ժամանակ երկրապահ կամավորականները հանդես էին եկել միջնորդությամբ` իրենց հրամանատար, ամբաստանյալ Աշոտ Զաքարյանի կալանքի խափանման միջոցը փոխել՝ ստորագրությամբ ազատ արձակելով: Պահանջի իրագործման համար նրանք նախազգուշական հացադուլ էին հայտարարել:

Ազատամարտիկներն այսօր առավել քան վրդովված էին, դատավարության հերթական նիստը ցույց Էր տվել, որ հացադուլը ոչ մի արձագանք չի գտել: 24-ժամյա հացադուլի նստած 22 ազատամարտիկները վիրավորված էին, մեկօրյա հացադուլի ժամանակ նույնիսկ շտապօգնություն չեն ուղարկել իրենց վիճակն իմանալու եւ վերահսկելու համար, նամանավանդ որ նրանցից ութը երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամեր էին: Նրանք այսօր արդեն անժամկետ հացադուլի նստեցին: Ասում են, որ հիմա իրենց բողոքի ձայնը բարձրացնելու միակ միջոցը, միակ տարբերակը քաղցած մնալն է, սովոր են, կդիմանան, մարտի դաշտում մեկ անգամ չէ, որ սոված են եղել: Այլ է արդեն պետության անտարբերությանը դիմանալը:

Այսօր ժամը 15:00-ից հացադուլ հայտարարեցին 14 ազատամարտիկներ: Սակայն բացառված չէ, որ ամեն օր վերջիններիս թիվը ավելանա:Այս անգամ եւս պահանջը նույնն է` ազատ արձակել Աշոտ Զաքարյանին: Հաջորդ քայլն արդեն մարտական շքանշանների հանձնումը կլինի, չնայած որ կարծում են, թե այս քայլը եւս անարձագանք կմնա:

Իսկ այս ընթացքում շատ քաղաքական ուժեր են իրենց բարոյական աջակցությունը ցուցաբերել: Այսօր էլ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Վարդան Խաչատրյանն են այցելել, հւսադրել եւ խոստացել վերին ատյաններում մեկ անգամ եւս բարձրաձայնել:

Գյումրիի «Ցայգ» հ/ը

No comments: