Tuesday, May 13, 2008

Դիվանագետները վստահ են, որ դատարանում հաղթելու են

Նախագահի ընտրությունից հետո, հետընտրական զարգացումների ընթացքում իրենց իրավունքի եւ ազատության համար պայքարի ելած քաղաքացիներին աջակցություն հայտնելու եւ երկրում ստեղծված իրավիճակի եւ ընտրությունների հանդեպ հանրային վստահության պակասի առիթով մտահոգություն հայտնած ԱԳՆ աշխատակիցներից չորսը, մայիսի 12-ին Ուրբաթ ակումբում վստահություն են հայտնել, որ իրենք դատարանում հասնելու են այն բանին, որ ընդունվի նրանց արդարացիությունը, եւ իրենք վերականգնվեն իրենց աշխատանքում: ԱԳՆ աշխատակիցները հայտարարությունն արել էին փետրվարի 24-ին, ինչի հետեւանքով արտգործնախարար Վարդան Օսկանյանը նրանց հեռացրեց աշխատանքից, դա հիմնավորելով նրանով, որ խախտել են օրենքը եւ քաղաքական աջակցություն են ցուցաբերել ընդդիմությանը` Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Ազատված աշխատակիցներից չորսը դիմել են դատարան: Մայիսի 12-ին հայտարարությամբ հանդես է եկել նրանց փաստաբան Լեւոն Բաղդասարյանը, ասելով, թե իր պաշտպանյալները որեւէ խախտում չեն արել, օրենք չեն խախտել, քանի որ օրենքն արգելում է նրանց աշխատանքային միջոցները որեւէ կուսակցության կամ կրոնական խմբի օգտին ծառայեցնելը, մինչեւ ԱԳՆ ազատված աշխատակիցների հայտարարության մեջ բառ անգամ չկա որեւէ կուսակցության կամ քաղաքական ուժի սատարելու մասին:

Փաստաբանի կարծիքով, նրանք աշխատանքից զրկվել են սխալ տեղեկատվության հետեւանքով:

Դատարան դիմած դիվանագետներից մեկը` ԱԳՆ նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ ցավոք սրտի, փոխանակ հասկանալու, որ մարտյան իրադարձությունները Հայաստանին ծանր կացության մեջ են դրել Ղարաբաղի, եւ ընդհանրապես արտաքին քաղաքականության հարցում, արտգործնախարարությունը շարունակում է պնդել, որ իրենք սխալ են եղել եւ օրենք են խախտել:

Վլադիմիր Կարապետյանն էլ վստահություն է հայտնել, որ դատարանը բավարարելու է իրենց հայցը եւ իրենք վերականգնվելու են իրենց աշխատանքին: Իսկ վերականգնվելու դեպում, աշխատանքը շարունակելու հետ կապված հարցին ի պատասխան, Վլադիմիր Կարապետյանն ասել է, թե այդ մասին կմտածեն եւ որոշում կկայացնեն դատարանի վճռից հետո: Դիվանագետը նշել է, որ իրենց գործով դատարանի վճռի արդարացիությանը վստահ լինելով հանդերձ կարծում է, որ դա նախադեպ կլինի այն մարդկանց համար, ովքեր հանիրավի ազատվել են աշխատանքից:


lragir.am

No comments: